«Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթհատորյակում արտացոլված է հայ ժողովրդի պատմությունը էպոսներից մինչեւ Արցախյան հաղթանակ


«Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթհատորյակում արտացոլված է հայ ժողովրդի պատմությունը էպոսներից մինչեւ Արցախյան հաղթանակ

  • 11-03-2015 15:58:53   |   |  Մշակույթ

Ճանաչված արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր և դերասանուհի Աննա Պետրոսյանը 80 տարեկան է: Այս առթիվ նրա ծննդյան օրը` մարտի 10-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպվեց տոնահանդես, որի ընթացքում ներկայացվեց գրողի հեղինակած «Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթհատորյակը:
Ա. Պետրոսյանը հյուրերին ուղղված իր խոսքում, որը միջոցառման ժամանակ ընթերցեց երեկոյի հաղորդավար Սարգիս Նաջարյանը, մասնավորապես, նշել էր. «Բոլոր ժամանակների Հայաստանը» գիրքն այսօր ձեռք է բերելու նոր մտերիմների: Շնորհակալություն եմ հայտնում «Դար» հիմնադրամի նախագահ, Հայաստանի նկարիչների միության անդամ, բանաստեղծ և հրապարակագիր Սվետլանա Հակոբյանին, ով հրատարակեց գիրքը և որպես նվեր մատուցեց հայ ընթերցողին: Դյուրին չէր կյանքի կոչել յոթհատորանոց վկայագիրքը: Հարատարակչական այժմյան պայմաններում սա աննախադեպ գործ է, որը կատարել է «Դար» հիմնադրամը»:
Ինչպես նշեց «Դար» հիմնադրամի նախագահ Սվետլանա Հակոբյանը, գրքնշարն ընդգրկում է հայկական էպոսները, առասպելները, դարերի խորքից եկող հայ ժողովրդի պատմությունը, որը հասնում է մինչև Արցախյան հաղթանակ: 
Ս. Հակոբյանի տեղեկացմամբ` Ա. Պետրոսյանի կողմից գրաված «Բոլոր ժամանակների Հայաստանը» գիրքը միակը չէ, որ հրատարակում է «Դար» հիմնադրամը. «Հեղինակի հետ համագործակցում ենք արդեն յոթը տարի և այս ընթացքում հրատարակել ենք նաև նրա «Հայոց բնավորություն» գիրքը»,- ասաց նա:
Ըստ նրա` «Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթհատորյակի ամենամեծ գնահատականն այն է, որ այս գրքերի միջոցով հայը կարող է ծանոթանալ իր արմատներին և պատմությանը, այն այսօր հանրապետության դպրոցներում համարվում է ուսումնաօժանդակ ձեռնարկ:
Տոնահանդեսի ընթացքում ցուցադրվեց «Աննա Պետրոսյան, ճակատագրին ընդառաջ» տեսաֆիլմը, ելույթ ունեցան «Հովեր» համույթը, ինչպես նաեւ «Կարին» և «Սասուն» երգի-պարի ազգային համույթները:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Մշակույթ