Էդվարդ Նալբանդյանն այցելել է Բրազիլիա եւ Արգենտինա<br />


Էդվարդ Նալբանդյանն այցելել է Բրազիլիա եւ Արգենտինա

  • 10-01-2011 17:46:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի սկզբին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ գտնվում էր Լատինական Ամերիկայում: Հունվարի 1-ին նա Բրազիլիայում մասնակցեց երկրի նորընտիր նախագահ Դիլմա Ռուսեֆի երդմնակալության արարողությանը, իսկ հունվարի 2-ին հանդիպում ունեցավ Բրազիլիայի նորանշանակ ԱԳ նախարար Անտոնիո դե Ագիար Պատրիոտայի հետ: Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իր երկրի կողմից Հայաստանին տրվող կարեւորության եւ նրա հետ համագործակցության զարգացման մտադրության մասին է վկայում այն փաստը, որ Կովկասում առաջին դեսպանությունը Բրազիլիան բացել է Երեւանում: Նա գոհունակություն հայտնեց, որ 2010 թվականին Հայաստանը եւս դեսպանություն հիմնեց Բրազիլիայում: Է.Նալբանդյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով Հայաստանի հարաբերությունները բարեկամական Բրազիլիայի հետ ավելի ամրապնդվեն եւ կխորանան: Էդվարդ Նալբանդյանն ու Անտոնիո դե Ագիար Պատրիոտան հանգամանալից զրույց ունեցան երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ: Նախարարները քննարկեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, քաղաքական խորհրդակցությունների անցկացման, տնտեսական կապերի խորացման, իրավապայմանագրային դաշտի ստեղծման, մշակութային փոխանակումների ակտիվացման առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի եւ Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցինք միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների շուրջ: Է.Նալբանդյանը այցելեց նաեւ Բրազիլիայի կառավարության կողմից ՀՀ դեսպանության կառուցման համար տրամադրված տարածք, ուր մոտ ապագայում սկսվելու է դեսպանության շենքի կառուցումը: Հաջորդ օրը Է.Նալբանդյանը այցելեց Սան-Պաուլո, ուր ազգային առաջնորդարանում հանդիպեց բրազիլահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ նա Տիրուհի Հիլդա Բուրմայանին հանձնեց Սան-Պաուլոյում ՀՀ գլխավոր պատվո հյուպատոսի վավերագիրը (պատենտը): Սան-Պաուլոյում Է.Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հունվարի 4-ին Հայաստանի արտգործնախարարը աշխատանքային այցելությամբ ժամանեց Արգենտինա: Բունեոս-Այրեսում Է.Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր արգենտինյան գործընկեր Հեկտոր Մարկոս Տիմերմանի հետ: Հանդիպումը սկսվեց առանձնազրույցի, ապա շարունակվեց աշխատանքային ճաշի տեսքով: Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Երեւան այցելելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ուղղված Արգենտինայի Նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին: Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց երկկողմ փոխգործակցության տարբեր ոլորտներին` քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական կապերի զարգացմանը եւ մշակութային փոխանակումների կազմակերպմանը: Երկուստեք ընդգծվեց արգենտինահայ համայնքի զգալի ներդրումը երկկողմ համագործակցության խորացման գործում: Նախարարները հանգամանալից զրույց ունեցան նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նույն օրը Է.Նալբանդյանը հանդիպեց Բուենոս-Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Երեւանի եւ Բուենոս-Այրեսի միջեւ փոխգործակցության զարգացմանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական