Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Սիդնեյի «Հայկական փառատոն 2015-ին»


Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Սիդնեյի «Հայկական փառատոն 2015-ին»

  • 23-03-2015 15:56:02   | Ավստրալիա  |  Մշակույթ

Մարտի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Սիդնեյի «Հայկական փառատոն 2015-ին», որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության և Ավստրալիայի  ՀՅԴ կազմակերպությունների՝ Հայ դատի հանձնախմբի, ՀՄԸՄ-ի, Համազգայինի, Հայ օգնության միության համատեղ ջանքերով և հովանավորությամբ: 
Փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն անց էր կացվում Սիդնեյի Թումբալոն զբոսայգու Դարլինգ Հարբոր նավահանգստի տարածքում և իր շուրջն էր  համախմբել տասնյակ հազարավոր հայերի, սիդնեյցիների և այլ քաղաքներից ժամանած հյուրերի:
Նախարարը Հարավային Ուելսի նահանգի տրանսպորտի նախարար Գլեդիս Բելեջիկյանի հետ շրջել է փառատոնին մասնակցող բոլոր կազմակերպությունների և անհատների տաղավարներում, տարբեր հարցերի շուրջ զրուցել հայրենակիցների հետ:
Գլեդիս Բելեջիկյանի բացման խոսքից հետո, ելույթ է ունեցել  Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով փառատոնի մասնակիցներին, նախարարը նախ  շնորհակալություն է հայտնել Ավստրալիայի իշխանություններին,   որոնց ընձեռած հնարավորությունների շնորհիվ հայությունը հաստատվելով այս երկրում կարողացել է պահպանել իր լեզուն, մշակույթը, ավանդույթները: Դիմելով ավստրալահայությանը`  նախարար Հ. Հակոբյանն ասել է. «Շնորհակալ եմ նաև Ձեզ, որ դուք դարձել եք Ավստրալիայի լավագույն քաղաքացիներ, օրինապաշտ քաղաքացիներ և միաժամանակ պահպանել ձեր ինքնությունը: Ձեր համատեղ ջանքերի, որ Հարավային Ուելսը ճանաչեց մեր երկրորդ հանրապետության`  Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:
Այնուհետև, նախարարը խոսել է ցեղասպանութան 100-րդ տարելիցի մասին` շեշտելով` «Մենք հաղթեցինք թուրքին, թուրքը չկարողացավ ոչնչացնել մեզ, նրա պետական քաղաքականությունը չիրականացավ: Մենք ցեղասպանության հրեշավոր հետևանքների և մեր նախնիների կրած տառապանքների մասին հիշողությունները փոխանցում ենք սերնդեսերունդ և տարածում աշխարհով մեկ, որպեսզի միջազգային հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում պատահել: Մենք պայքարելու ենք, որպեսզի աշխարհում այլևս երբեք չկրկնվեն ցեղասպանությունները»: 
Փառատոնին հայկական երգերի ու պարերի կատարումներով հանդես են եկել Համազգայինի «Սիդնեյ» և  «Նաիրի» խմբերը, «Գոլստեն» ճեմարանի աշակերտները,  «Black Bird» խումբը, Մարիա Ղարեմանյանը, Վարդան Մարտիրոսյանը: Երեկոյան փառատոնը եզրափակվել է պատվավոր հյուրեր`  ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանի և Համլետ Գևորգյանի կատարումներով:
Երեկոյի վերջում նախարարը հանդիպել է Համազգայինի «Սիդնեյ» պարի 
խմբի ներկայացուցիչների հետ և քննարկել խմբի գործունեության 
հետ կապված հարցեր:
Նշենք, որ մարտի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնեց Ավստրալիա: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի, ավստրալահայ տարբեր կառույցների՝ կուսակցությունների, բարեգործական կազմակերպությունների, կանանց, երիտասարդական միությունների, գործարար շրջանակների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, այցելություններ հայկական վարժարաններ, մշակութային կենտրոններ, եկեղեցիներ, հարցազրույցներ հայալեզու լրատվամիջոցներին։
Հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարևորությունը նախատեսվում է նախարարի այցը մայրաքաղաք Կանբերա՝ մի շարք քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play