Ստեղծվել է «Իմունոմոդուլյատոր» նոր պատրաստուկ՝ արտահայտված հակավիրուսային, հակաբորբոքային հատկություններով


Ստեղծվել է «Իմունոմոդուլյատոր» նոր պատրաստուկ՝ արտահայտված հակավիրուսային, հակաբորբոքային հատկություններով

  • 25-03-2015 15:47:14   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մոլեկուլային էնզիմաբանության լաբորատորիայում ստեղծվել է «Իմունոմոդուլյատոր» նոր պատրաստուկ` արտահայտված հակավիրուսային, հակաբորբոքային հատկություններով: Մարտի 25-ի նիստում ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց «Իմունոմոդուլյատոր» պատրաստուկի արդյունաբերական արտադրության կազմակերպմանը: «ՀՀ ԳԱԱ նախագահությունը կդիմի ՀՀ կառավարություն, ներկայացնելով այս գիտատեխնիկական նվաճումը, մեր տնտեսության մեջ կիրառելու համար»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:   
 
«Իմունոմոդուլյատոր» պատրաստուկը տարբերվում է ավանդական պատվաստանյութերից.
 
ա/ չունի թունավոր և ռեակտոգեն ազդեցություն կենդանիների վրա,
բ/ անկախ վիրուսի տեսակային և շտամային պատկանելիությունից` առաջացնում է վաղ պաշտպանություն (ներարկումից մոտ 6 ժամ հետո),
գ/ ունի ադյուվանտային (ոչ սպեցիֆիկ իմունախթանիչ) հատկություն և կարող է ուժեղացնել պատվաստանյութի կողմից հրահրված իմունային պատասխանը և իմունիտետի տևողությունը,
դ/ ունի ազդեցության լայն շրջանակ և կարող է կիրառվել տարբեր կենդանիների վրա (խոշոր եղջերավոր և մանր եղջերավոր կենդանիներ, խոզեր, թռչուններ):
 
Պատրաստուկը փորձարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան անասնաբուժական ծառայությունների կողմից, ինչի հիման վրա տրվել են անասնաբուժական դեղամիջոցի գրանցման հավաստագրեր, որոնք թույլ են տալիս արդեն իսկ արտադրել և օգտագործել պատրաստուկը ՀՀ տարածքում:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ