ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԸ


ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԸ

  • 27-03-2015 19:34:53   | Բուլղարիա  |  Վերլուծություն

Գեորգի Կոլարով 

Քաղաքական գիտությունների թեկնածու, 1995-1998թթ.՝ Բուլղարիայի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական բլոկի Տեղեկատվության և հասարակության հետ կապի վարչության «Անալիզ» բաժնի «Հոգեբանական պաշտպանություն» ուղղության փորձագետ։

Ավետիսյանների ընտանիքի սպանությունը Գյումրիում և մարդասպանի ու նրա ընտանիքի անդամների՝ ոչ ավանդական աղանդին պատկանելու մասին վարկածները լրատվամիջոցներում առաջին պլան մղեցին արևելաեվրոպական պետությունների և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների զինված ուժերի մարտունակության վրա աղանդների ազդեցության ակտուալ հարցը։ Այդ աղանդների համար ավելի հեշտ էր տարածվել այն երկրներում, որտեղ Ռեֆորմացիայի ժամանակներից տիրապետող կրոն են հանդիսանում քրիստոնեության բողոքական՝ ԳԴՀ, Չեխիա, Լատվիա, Էստոնիա, մասամբ՝ Հունգարիա, Սլովակիա, Ռումինիա։ Նրանք շատ ավելի պակաս հաջողություն ունեին Լեհաստանում և Լիտվայում (մասամբ՝ Հունգարիայում և Սլովակիայում), որտեղ կաթոլիկությունը մինչև այժմ առաջնային դիրքեր է զբաղեցնում և մրցակցությունից դուրս է քրիստոնեության այլ ուղղությունների հանդեպ։ Ուղղափառ պետությունները՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Վրաստանը, զարմանալիորեն արագ սկսեցին զիջել իրենց համար ավանդական Մոսկվայի և Կոստանդնուպոլսի պատրիարքությունների եկեղեցիների դիրքերը՝ ի հաշիվ նոր, ձևականորեն քրիստոնեական, ոչ ավանդական դավանանքների։ Հայաստանը, որը շուրջ 2000 տարի պահպանել է իր ավանդական եկեղեցին, նույնպես հանդուրժել է նրանց ներկայությունը և համախոհների թվի ավելացումը. զանգվածային լրատվամիջոցները նշում են տագնապալի թիվ՝ 300.000 «Եհովայի վկաներ» և այլ աղանդների հետևորդներ, երկրում ընդամենը 3 մլն բնակչության ֆոնին։

20-րդ դ. կեսերին զբաղվել եմ ոչ ավանդական կրոնական աղանդների՝ հասարակության և բանակի վրա ունեցած ազդեցության վերլուծությամբ և հակազդեցությամբ արդեն հետսոցիալիստական Բուլղարիայում։ Այն ժամանակ այդ խնդիրն արդեն ԶԼՄ ուշադրության կենտրոնում էր և արդարացիորեն առաջ էր բերում առողջ ուժերի ու ազգային-հայրենասիրական կուսակցությունների և կազմակերպությունների տագնապը։ Դրանք այն տարիներն էին, երբ Բուլղարիայի զինված ուժերը դաշնակից չունեին Վարշավյան պայմանագրի լուծարումից հետո։ Հարևան գրեթե բոլոր երկրների հետ վերսկսվեցին փոխադարձ տարածքային պահանջները, որոնք որոշակի իրավիճակում կարող էին Բալկանները «նստեցնել վառոդի տակառի» վրա։ Մանավանդ որ պատերազմը նախկին Հարավսլավիայի տարածքում արդեն վաղուց իրականություն էր։ Այնտեղ այդ պահին չկար նախկին հարավսլավական հանրապետությունների գոնե երկու տիտղոսակիր ազգ, որոնք միմյանց թշնամի չլինեին։ Բուլղարական հասարակության համար առաջնային նշանակություն ուներ Մակեդոնիայում բուլղար մեծամասնության, Սերբիայում՝ ոչ մեծաթիվ և Ալբանիայում ու Կոսովոյում սակավաթիվ բուլղարների ճակատագիրը։ Բանն այն է, որ էթնիկ բուլղարները մարտնչում էին բարիկադի տարբեր կողմերում և զոհվում էին իրենց համար օտար ռազմական հակամարտություններում։ Արժե հիշեցնել, որ հետո արդեն՝ 1999թ. գարնանը, սերբ օդաչու (ծագումով՝ մակեդոնական բուլղար) Իլյո Արիզանովը խփեց ամերիկյան «Սթելսը»։ Իսկ 2001թ. բռնկվեց բուլղարա-ալբանական էթնիկական հակամարտությունը Մակեդոնիայում։ Դա լուրջ փորձություն էր օտարերկրյա բուլղարների հետ Սոֆիայի համերաշխության համար։

Այդ ժամանակ զինված ուժերը և մյուս ուժային կառույցները բուլղարական հասարակության ամենակայուն հատվածն էին, որոնք համեմատաբար քիչ էին ներառված «դեմոկրատացման» և «թավշյա հեղափոխության» գործընթացներում։ Բուլղարական բանակը մասամբ պահպանել էր իր երբեմնի մարտունակությունը և որոշակի չափով կարողանում էր կատարել իր պարտականությունները։ Բոլոր զինծառայողների (հատկապես սպաների) ֆինանսական դրությունը և սոցիալ-տնտեսական առավելությունները դեռևս երաշխավորված էին կոմպրադորական քաղաքական ուժերի և արևմտյան ֆինանսական ինստիտուտների «ներխուժումներից». այդ ժամանակ դեռ կառավարում էր վերջին ինքնուրույն՝ Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցության կառավարությունը՝ Ժան Վիդենովի (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ) գլխավորությամբ։ Պաշտպանության նախարարն էր ծովակալ Դիմիտր Պավլովը՝ Լենինգրադի Ռազմածովային ակադեմիայի շրջանավարտ։ Ամբողջ բարձր հրամանատարական կազմը և ավագ սպաների մեծամասնությունն ավարտել էին խորհրդային ռազմական ուսումնարաններն ու ակադեմիաները։ Հենց այդ ժամանակ էլ բուլղարական հասարակություն հորդեցին ոչ ավանդական բողոքական աղանդները, և ի հայտ եկան առաջին տագնապալի տեղեկությունները դրանց կողմից զինծառայողների, այդ թվում և սպաների հավաքագրման մասին։ Հասարակությունում, հատկապես երիտասարդության շրջանում, սկսեցին տարածվել թե՛ ձախակողմյան, թե՛ աջակողմյան ծայրահեղական քաղաքական հայացքներ։

Բուլղարիայում կրոնական և քաղաքական ծայրահեղության տարածման համար հարմար հանգամանք էին տնտեսության արդեն սկսված քայքայումը, սոցիալիզմի օրոք ձեռք բերված սոցիալական նվաճումների վերացումը, աճող կրոնաէթնիկական հակամարտությունը բուլղար մեծամասնության և մուսուլման փոքրամասնության (թուրքերի և պոմակների՝ մուսուլման բուլղարների) միջև։ 1990-ական թթ. կեսերին սկսեց ավելանալ նաև Կոսովոյից ներգաղթած մուսուլման ալբանացիների թվաքանակը։ Նրանք հիմնականում զբաղվում էին թմրավաճառությամբ։ Հետագայում նրանց բոլորին արտաքսեցին երկրից։

1944թ. սեպտեմբերի 9-ի սոցիալիստական հեղափոխությունից հետո ընդհատվեց զինվորական դասի ժառանգական ավանդույթը, և բուլղար սպաները սկսեցին սերել հասարակության ոչ բարձր խավերից։ Նրանք հոգեբանական իմունիտետ չունեին կրոնական նոր դավանանքների տարածման հանդեպ։ Ուստի, նրանք սկսեցին ավելի հաճախակի հայտնվել տարատեսակ քարոզիչների լարած որոգայթներում։ Նշենք, որ այդ պահի դրությամբ արդեն վերացվել էր Բուլղարական ժողովրդական բանակի Գլխավոր քաղաքական վարչությունը։ Եվ այդ վարչության նախկին սպաները ստիպված էին կամ վերաորակավորվել, կամ ազատվել ծառայությունից։ Ծառայության մեջ մնացած սակավաթիվ սպաները տողերիս հեղինակի գործընկերներն էին։ Սակայն նրանք հիմնականում Լվովի ռազմաքաղաքական ուսումնարանի կադրերն էին, որոնք զբաղվում էին զինվորական լրագրությամբ։ Երկար ժամանակ Լվովում ուկրաինական կրոնաքաղաքական ծայրահեղականների շրջապատում մնալուց հետո նրանք արդեն վաղուց չգիտեին «ինչ Աստծու աղոթեն»։

Երբ տնտեսական ճգնաժամը և բարդությունները Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում սկսեցին խորանալ, վառելիքի և պահեստամասերի անբավարարությունն անդրադարձավ առաջին հերթին Ռազմաօդային ուժերի մարտական պատրաստվածության վրա։ Բուլղար օդաչուների թռիչքները բազմակի կրճատվեցին, ավելացավ աղետների վտանգը։ «Անալիզ» բաժնի պետ, գնդապետ Պետկո Պետկովն այդ ժամանակ հրապարակեց իր եզրակացությունն այն մասին, որ Ռազմաօդային ուժերի սպաներն, իրենց գործընկերների համեմատ, շատ ավելի են հակված բողոքական համայնքներ մտնելուն։ Նրա այս եզրահանգումը քանիցս հաստատվել է փաստերով։ Օրինակ, Չեշնիգիրովո ավիահանգրվանի նախկին ավագ լեյտենանտ Բիսեր Բոյչևը դուրս եկավ բանակի շարքերից, մտավ վերապատվելի Մունի աղանդ և Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում մասնակցեց զանգվածային ամուսնություններին։ Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ մունականները ամենավտանգավոր աղանդավորականներն էին ազգային անվտանգության և հանրային կայունության տեսակետից։ Բուլղարիայում նրանց սատարում էր «Խաղաղության համար պայքարող գիտնականների համաշխարհային կազմակերպության» մասնաճյուղը, որտեղ իրենց գործունեությունն էին ծավալում երկրում այն ժամանակ հայտնի հասարակագետներ։ Համընդհանուր աղքատության ֆոնին նրանք հրապարակում էին իրենց բազմաթիվ գրքերը և մշտապես մեկնում էին արտասահմանյան գործուղումների։

Բուլղարական պետության և հասարակության քայքայման ուղղությամբ ակտիվորեն աշխատող մեկ այլ բողոքական աղանդ էին այսպես կոչված «մորմոնները»։ 20-րդ դ. 90-ական թթ. կեսերին նրանք անարգել քարոզում էին իրենց ուսմունքը Սոֆիայի կենտրոնում, ուղիղ Պաշտպանության նախարարության առջև։ Նրանք ազատորեն տարածում էին իրենց «աստվածաշունչը» և հետևում էին նրանց, ովքեր անխոհեմաբար նրանց էին հայտնում իրենց կոորդինատները։ Նրանք օրական $200 գործուղման փող ունեին, ինչը 2007թ., ամսական կտրվածքով, բազմապատիկ գերազանցում էր նախարարության աշխատակիցների աշխատավարձը։ Գայթակղությունը մեծ էր, և շատ զինծառայողներ ու Սոֆիայի և այլ քաղաքների բնակիչներ ընկան նրանց ազդեցության տակ։ Քաղաքացիական դիմակայության այդ դժվար շրջանում քչերը կարող էին դիմակայել բուլղարական բանակի քայքայմանը։ Ուժային պետական մարմինների ռեսուրսները բավարար չէին։

Մորմոնների ուսմունքն իր էությամբ տոտալիտար է, բայց դրա հետևորդները, չհասկանալով դա, ընդունում էին միսիոներների քարոզչությունը։

Այդ շրջանում բուլղարական բանակի մարտունակության համար ամենավտանգավորը «Եհովայի վկաներն» էին։ 1990-ականներին նրանց թիվը Բուլղարիայում արագ աճում էր։ Նրանք հնարավորություն ստացան անհնազանդություն ցուցաբերելու Զինապարտության մասին օրենքին։ Եհովականների ուսմունքը մերժում է ցանկացած ենթարկում պետական իշխանությանը, չի թույլատրում զենք կրել։ Զինվորի երդումն ու զենքը ձեռքին պետության և ժողովրդի պաշտպանությանը պատրաստ լինելը հակասում են նրանց սկզբունքներին։ Երիտասարդ շատ բուլղարացիներ, որոնք այդ աղանդի հետևորդներ էին, այդպիսով փորձում էին խուսափել զինապարտությունից։

«Եհովայի վկաները» շատ են նաև Հայաստանի Հանրապետությունում, և նրանց ակտիվությունն իրական սպառնալիք է երկրին՝ Արցախում Ադրբեջանի կողմից չդադարող ռազմական սադրանքների ֆոնին։ Նրանց քարոզիչները պնդում են, որ չպետք է զենքով հակառակվել թուրքական և ադրբեջանական ագրեսիային, որովհետև «ամեն բան այս աշխարհում Աստծո ձեռքում է, և Աստված կփրկի մեզ բոլորիս, նրանց, ովքեր հավատում են Նրան և հետևում են Նրա պատվիրաններին»։ Միանգամայն հավանական է, որ նրանք արդեն իրենց հետևորդներն ունեն հայ երիտասարդների շրջանում, ովքեր պարզապես չեն ցանկանում ծառայել բանակում և վտանգել իրենց կյանքը։

Բուլղարիայում նրանք հիմնեցին իրենց կենտրոնական ղեկավարությունը Ասենովգրադ քաղաքում (Պլովդիվի մոտ), որտեղ ապրում են բազմաթիվ բողոքականներ։ Կարելի է ենթադրել, որ նրանք արդեն ակտիվորեն աշխատում են նաև Պլովդիվի բնակիչ հայերի շրջանում։

Բուլղարիայում (ինչպես նաև Հայաստանում և Ռուսաստանում) գործում է նաև «Կյանքի խոսք» աղանդը։ Բուլղարիայում նրանց առաջնորդն է Գեորգի Բակալովը (հայտնի է նրանով, որ քարոզների ժամանակ մի քանի ժամ շարունակ ճչում է)։ Այս և բողոքական այլ աղանդներ Եվրոպայում ընդհանուր ղեկավարություն ունեն, որը գտնվում է Շվեդիայում։ Նրա պաշտոնական առաջնորդը՝ Ուլֆ Եկմանը, հաճախ է այցելում Բուլղարիա, ինչպես նաև Ռուսաստան։ Նա է ուղղորդում «Հույս, Հավատ, Սեր» աղանդի Չիտայի մասնաճյուղը, որն էլ, ըստ լրատվամիջոցներում հայտնված վարկածներից մեկի, ղեկավարում է մարդասպան Վալերի Պերմյակովի հայրը։ ԱՄՆ-ում գտնվում է այդ եկեղեցիների մեծամասնության ընդհանուր կենտրոնական ղեկավարությունը։

Բուլղարիայում գործում է նաև տեղական մի աղանդ, որն ի հայտ է եկել 20-րդ դարի առաջին կեսին՝ այսպես կոչված «դենովականները» (իրենց հիմնադրի՝ Պետրա Դենովի անունով)։ Այս աղանդից էին Բորիս Երրորդ թագավորի քույրը՝ իշխանուհի Եվդոկիան և նրա գաղտնի խորհրդական Լյուբոմիր Լուլչևը։ Նրանք շատ հետևորդներ ունեն Ռուսաստանում և Ուկրաինայում։ Հայաստանում այս աղանդը չի գործում։ Դենովականները Բուլղարիայում պաշտոնապես անվանվում են «Սպիտակ եղբայրություն» (չշփոթել Մարինա Ցվիգունի կիևյան «Սպիտակ եղբայրության» հետ, որը փորձում էր զանգվածային ինքնասպանության դիմել Մայդանում)։

Բուլղարիայում «արևմտյան տիպի դեմոկրատացմանը» զուգընթաց ավելացավ այն մարդկանց թիվը, ովքեր փորձում էին ինքնասպան լինել կրոնական մղումներից ելնելով։ Քննչական մարմինները սրանում մեղավոր համարում են վերոնշյալ աղանդները։ Վերջերս բավական մեծ աղմուկ հանեց մի անչափահաս պատանու ինքնասպանությունը Հարավարևմտյան Բուլղարիայում. նա ինքնասպան էր եղել իր անգլերենի ուսուցչի՝ Ռոսեն Անգելովի ճնշման տակ, որը սիբիրյան «Անաստասիա» աղանդի հետևորդ էր։ Ռոսեն Անգելովն ավարտել է Սոֆիայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Երիտասարդ տարիքում եղել է Բուլղարիայի Կոմունիստական կուսակցության անդամ, կոմերիտական բարձրաստիճան ֆունկցիոներ։ Այն ժամանակ անկեղծորեն դավանում էր մարքս-լենինյան ուսմունքը՝ դրա կոշտ ստալինյան տարբերակով։ Փայլուն ուսանող էր, փայլուն ասպիրանտ։ Հետագայում դարձավ աջակողմյան, ազգային-հայրենասիրական դիրքորոշման կրող։ Թողեց հասարակական գիտությունները և սկսեց անգլերեն դասավանդել։ «Անաստասիա» աղանդ մտնելուց հետո սկսեց հետևորդներ հավաքագրել։

Բուլղարիայում ոչ ավանդական բողոքական աղանդներից իր ծայրահեղ ագրեսիվությամբ առանձնանում են այսպես կոչված «Քրիստոսի զինվորները»։ Նրանք զենքի խանութ ունեն Պլովդիվի կենտրոնում, հայկական թաղամասից ոչ հեռու։ Նրանցից Ալեքսանդր Ուրումովը (գրող, լրագրող) 1990-ականների կեսերին հավաքագրում էր «Մակեդոնիա» ազգային-հայրենասիրական թերթի իր գործընկերներին։ Թերթը Մակեդոնական ներքին հեղափոխական կազմակերպության օրգանն էր, դրա զինված կազմավորումներում։ Բնական է, որ Ուրումովը պետք է հայտնվեր «Հոգեբանական պաշտպանություն» ուղղության և զինվորական հակահետախուզության տեսադաշտում։ 1997թ. փետրվարի 4-ի անարյուն պետական հեղաշրջումից հետո նրան նշանակեցին սկզբում ուղղության, իսկ հետո՝ նաև «Տեղեկատվություն և հասարակության հետ կապեր» վարչության ղեկավար։ Պաշտոնն ստանձնելուց հետո անմիջապես փակեց ուղղությունը և հեռացրեց աղանդներով զբաղվող աշխատակիցներին։

Նրան աջակցում էր հայտնի աջ քաղաքական գործիչ Խրիստո Բիսերովը, որը հեղաշրջումից հետո գլխավորեց Ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովը։ Վարչապետ Իվան Կոստովի հետ վեճից հետո Խրիստո Բիսերովն անցավ Իրավունքների և ազատությունների շարժման շարքերը, որը պաշտպանում էր էթնիկ թուրքերի և մյուս մուսուլմանների շահերը։ Կոռուպցիոն սկանդալի արդյունքում դուրս եկավ քաղաքականությունից և այսօր հետաքննության տակ է։

Բուլղարիան աշխարհաքաղաքական կողմնորոշման որոնումների մեջ էր։ Մի կողմից՝ մինչև վերջ խզված չէին կապերը Ռուսաստանի հետ։ Մյուս կողմից՝ ուժեղանում էր ճնշումն ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմից, որոնք ջանում էին լիովին կլանել նախկին սոցճամբարի երկրները և «պոկել» նրանց Ռուսաստանից։ Պետական ուժային մարմինների քայքայման և լուծարման գործին էին լծված նաև բողոքական աղանդները։

Բուլղարիայի պարագայում կա մի առանձնահատուկ գործոն ևս։ 20-րդ դարի 40-ական թթ. կեսերին, երբ իշխանության եկած կոմունիստները բռնաճնշումներ էին գործադրում Բուլղարիայի Կոմունիստական կուսակցության բոլոր իրական և հնարավոր հակառակորդների նկատմամբ, զոհ գնացին թե՛ ուղղափառ, թե՛ կաթոլիկ քահանաներ։ Ի տարբերություն նրանց՝ բողոքական քահանաներն առանձնապես չտուժեցին և շարունակում էին առանց ավելորդ աղմուկի «հոգալ» իրենց «հոտի» մասին։ Սոցիալիզմի օրոք ոչ ոք չէր համարձակվի հրապարակավ նշել պատճառը. սոցիալիստական Բուլղարիայի առաջին և ցմահ ղեկավար Գեորգի Դիմիտրովը (Կոմինտերնի նախկին գլխավոր քարտուղարը) բողոքական քարոզիչների զավակ էր։ Եվ պաշտպանում էր իր քահանաներին։ Ուստի, փոփոխություններից հետո նրանք արագ հող նախապատրաստեցին աղանդավորների հոսքի համար։

noravank.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play