Ապրիլի 2-ը` Ավագ հինգշաբթին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվեց յուրահատուկ խորհրդավորությամբ: Առավոտյան Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ապաշխարողաց կարգը: Միջօրեի ժամերգության ավարտին ձեռամբ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Քեսաբլյանի մատուցվեց Սուրբ Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագի սրբազան արարողության ընթացքում ընթերցվեց Սուրբ Բարսեղ Կեսարացի Հայրապետի ճառը:
Օրվա խորհուրդը շարունակվեց Ոտնլվայի կարգով: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի տերունապատվեր արարողությունը: Մայր Աթոռի միաբանների կողմից կարդացվեցին օրվա սուրբգրային ընթերցումներն ու Հովհաննես Պլուզ վարդապետի կողմից գրված «Սիրո մասին» խրատը: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որին հաջորդեց Մարդացյալ Աստվածորդու կատարյալ խոնարհության դրսևորման օրինակը:
Նորին Սրբությունը, ծունկի գալով, շարականների երգեցողության ներքո լվաց ու յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը: Նրանց թվում էին եպիսկոպոս, աբեղաներ, սարկավագներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ և զինվորներ:
Արարողությունից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին: