Բացվել է «Հայաստանը՝ օտարերկրյա նկարիչների աչքերով» ցուցահանդեսը


Բացվել է «Հայաստանը՝ օտարերկրյա նկարիչների աչքերով» ցուցահանդեսը

  • 10-04-2015 15:35:57   | Հայաստան  |  Մշակույթ

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հայաստանը՝ օտարերկրյա նկարիչների աչքերով» ցուցահանդեսը: 6 երկրների 20 նկարիչների աշխատանքները ստեղծվել են «Հայկական ներկապնակ» բացօթյա նկարչության փառատոնի ժամանակ: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Փյունիկ» հիմնադրամի և «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռությամբ: 
 
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ու աշխատանքներին ծանոթացել Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանը և Դավիթ Օհանյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին և շնորհավորելով ցուցահանդեսի բացման առիթով՝ Արամ Սուքիասյանը նկատել է, որ չնայած աշխատանքներն օտարազգիների աչքերով են ու վրձնով, սակայն գործերը հենց հայկական գույներով են:
 «Կտավներն իսկապես շատ հետաքրքիր են: Ուզում եմ իմ ոգևորությունը փոխանցել և ընդգծել, որ ցուցահանդեսը նոր լիցք կհաղորդի  մայրաքաղաքի մշակութային կյանքին: Մենք սիրով շարունակելու ենք մեր աջակցությունը ցուցաբերել նմանօրինակ նախաձեռնություններին»,-նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
 «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին մշտական աջակցության համար: 
Ռուս, ուկրաինացի, բելառուս, ղազախ, վրացի, լեհ և լիտվացի նկարիչները կտավների միջոցով ներկայացրել են իրենց տեսած հայկական բնաշխարհը, պատմաճարտարապետական հուշարձաններն ու մարդկանց: 
Առանձին թեմայով ներկայացվել է նաև մայրաքաղաքը: Փառատոնի ավարտին բոլոր նկարիչների կողմից ստեղծված «Քաղաքամայր Երևանի գույներ» հավաքական ստեղծագործությունը, որն ի դեպ 2x3 մետր կտավի  վրա է պատկերված, որպես նվեր հանձնվել է Երևանի քաղաքապետարանին:  
Ցուցահանդեսի մուտքն ազատ է և կգործի տասը օր: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play