ԵՊԿ, ԵՊԼՀ և Երևանի «Հայբուսակ» համալսարանի հավատարմագրման մասին որոշում կկայացվի


ԵՊԿ, ԵՊԼՀ և Երևանի «Հայբուսակ» համալսարանի հավատարմագրման մասին որոշում կկայացվի

  • 10-04-2015 18:00:15   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
Վաղը` ապրիլի 11-ին տեղի կունենա Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կկայացվի  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի և Երևանի «Հայբուսակ» համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ: 
Նիստին կմասնակցեն նաև ԿԳՆ և նշված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, տվյալ բուհերում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբերի ղեկավարները:
Յուրաքանչյուր բուհի դեպքում կքննարկվեն փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի մատուցած խորհրդատվությունները և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին տրված փորձագիտական խմբի գնահատականը: Այնուհետև դռնփակ նիստում Հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի:
Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից  հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ