Ավելացել են կեղծ ԱՊՊԱ վկայագրերի վաճառքների դեպքերը
16-04-2015 12:22:44 | Հայաստան | Իրավունք
ՀՀ Ճանապարհային ոստիկանության՝ ապրիլի 20-ից ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքներ կիրառելու վերաբերյալ վերջին հայտարարության համատեքստում (http://www.police.am/news/view/%D5%BF7.html) ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին մինչև ապրիլի 19-ը ձեռք բերել ԱՊՊԱ վկայագրեր:
Սակայն, քանի որ վերջին շրջանում հայտնաբերվել են կեղծ ԱՊՊԱ վկայագրերի վաճառքների դեպքեր, խնդրում ենք բոլորին պահպանել անվտանգության տարրական միջոցներ, որոնք թույլ կտան խուսափել խարդախություններից:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի մասնաճյուղերի լայն ցանց՝ 47 վաճառքի գրասենյակներ Հայաստանի ամբողջ տարածքում, որոնք հանդիսանում են վկայագրերի ձեռքբերման ամենահուսալի աղբյուրը: Սեփական գրասենյակների ամբողջական ցանկը ներկայացված է Ընկերության կորպորատիվ կայքում՝ www.RGS.am: Վկայագրերի պատվիրումը կայքի միջոցով կամ ընկերության հեռախոսահամարներով նույնպես բացարձակապես անվտանգ է:
Եթե ձեռք եք բերում ԱՊՊԱ պայմանագիր գործակալներից, ապա օգտվե՛ք ծանոթ գործակալների ծառայություններից: Անծանոթ անձից վկայագիր ձեռք բերելու դեպքում անհրաժեշտ է լինել խիստ զգույշ: Տեղեկացնում ենք, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության բոլոր ապահովագրական գործակալները գրանցված են ՀՀ Կենտրոնական Բանկում և ունեն հաշվառման վկայական: Պետք է անպայման ստուգել նման անձանց մոտ վերոհիշյալ փաստաթղթի առկայությունը: Եթե ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործակալ ներկայացող անձը չի ներկայացնում ԿԲ վկայական, ապա Ընկերությունը չի երաշխավորում նման գործակալից ձեռք բերված վկայագրի վավերականությունը:
Ավելացել են անօրինական ճանապարհով ձեռք բերված բազաներով զանգահարելու և զեղչով ԱՊՊԱ պայմանագրեր վաճառելու փորձերը: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հիշեցնում է, որ ԱՊՊԱ օրենքով արգելված է տրամադրել զեղչեր՝ բացառությամբ անվթար վարելու համար նախատեսված բոնուսների:
Խնդրում ենք բոլոր հաճախորդներին հաշվի առնել, որ կեզծ ԱՊՊԱ վկայագրերը չեն գրանցվում էլեկտրոնային համակարգում, որի հիման վրա Ճանապարհային ոստիկանությունը կիրառում է տուգանքներ: Հետևաբար, ձեռք բերելով ԱՊՊԱ վկայագիրն ընդամենը 2-3 հազար դրամ զեղչով, ավտոսեփականատերերը դիմում են տուգանք ստանալու ռիսկի, եթե պարզվի, որ վկայագիրը կեղծ է: Հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ վկայագիր չունենալու դեպքում յուրաքանչյուր 10 օրվա համար նշանակվում է 5,000 դրամ տուգանք, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար՝ 100,000 դրամ:
Կո՛չ ենք անում ավտոսեփականատերերին պատասխանատվությամբ մոտենալ ԱՊՊԱ պայմանագրերի ձեռքբերման հարցին և պարտադիր հանգամանորեն ստուգել աղբյուրը: