Անառարկելի ճշմարտություն է այն, որ մեկ անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լավ է եւ ճիշտ։ Հենց այս որոշումով էլ, Սփյուռքի նախարարուհի Հրանուշ Հակոբյանի խորհրդով, այցելեցի «Վահագնի թաղամաս»՝ զրուցելու հայրենասեր հայի, բարերարի, մեծ շինարարի եւ պարզապես քրիստոնյայի՝ Վահագն Հովնանյանի հետ։ Տեր եւ տիկին Հովնանյանների ուղեկցությամբ, մեր ամսաթերթի լուսանկարիչ Գագիկի հետ շրջեցինք թաղամասով, հիացանք, վայելեցինք մեծ քաղաքի թոհուբոհից հեռու գտնվող փոքրիկ «քաղաք»-ի բաղձալի, հաճելի լռությունն ու խաղաղությունը, վայելեցինք ձմեռային ամսվա աշնանաշունչ, արեւոտ օրը, Վահագն ու Հասմիկ Հովնանյանների ջերմ ժպիտները, նրանց օգնական Արմինե Գրիգորյանի անչափ նրբակիրթ վերաբերմունքը եւ տնամերձ փոքրիկ հողակտորների վրա աճած, արդեն իսկ թոշնած ծաղիկներից նեկտար քաղելու մեղուների եռանդուն ու համառ ճիգերը։ Փոքրիկ քաղաքում հայկական ավանդական ճարտարապետության ոչ մի նշույլ չկա։ Թորգոմ Փոսթաճյանի («Հայաստան աշխարհի նորագույն շինարարը - Վահագն Հովնանյան» գրքի հեղինակ) վկայությամբ՝ «Վահագն Հովնանյանը Ամերիկան Հայաստան տեղափոխեց»։
Եվ, այնուամենայնիվ, համաչափ, նորաոճ, թվում է՝ իրար շատ նման, բայց իրարից շատ տարբեր տներով համալրված «Վահագնի» թաղամասում մշակված խոտածածկույթի, գեղեցիկ թփերի, ծաղիկների, բարեկարգ ճեմուղիների ձեւավորումներով հանգուցալուծված շինարարական ստեղծագործ աշխատանքի արդյունքները ակնահաճո են, սրտամոտ։ Այստեղ կարելի է լիարժեքորեն հանգստանալ անգամ ամառային ամենաթեժ, տապ օրերին՝ առանց երազելու հանգստյան տների, լողափերի մասին, մի խոսքով՝ «Վահագնի» թաղամասի դրախտի մի փոքրիկ կտոր է, ուր չկան տերեր ու ծառաներ, ուր հասմիկն ու վարդն են բուրում, ուր թագավորում են սերը, բարությունը, ուր ձմեռվա մեջ արեւ կա եւ աշնան մեջ՝ մի քիչ ամառ։
Սա, թերեւս, Վահագն Հովնանյանի շինարարական, ստեղծագործ հոգու եւ մղումի լավագույն դրսեւորումներից մեկն է, իսկ մյուսնե՞րը Հովնանյանների հայրենանվեր, բարեգործական, բարեսիրական գրեթե բոլոր ծրագրերը կյանքի են կոչվել՝ նվիրատվություններ, հայկական դպրոցների, վարժարանների կառուցում, աշխատատեղերի ստեղծում (Գյումրիում կառուցված կղմինդրի, բազալտի, տուֆի եւ մարմարի արտադրամասում), հայկական երաժշտարվեստը խթանող Սայաթ-Նովայի անվան մրցանակաբաշխություն 2000 թ. մայիսին, կինոյի, թատրոնի, գրականության ու գեղարվեստի գործիչներին խրախուսելու եւ սատարելու համար 2002 թ. մայիսին հիմնված «Վահագնի» մրցանակաբաշխություն, Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում ներդրումներ, օգնություն, Kantz հիմնադրամը, որի նպատակն էր օգնել հեռանկար ունեցող տաղանդավոր արվեստագետներին։ «Վահագն եւ Հասմիկ Հովնանյաններ» հիմնադրամը օգնել է 100-ից ավելի հայ արվեստագետների՝ կատարելագործվելու իրենց մասնագիտության մեջ, մեծապես օժանդակել է Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին։
Կյանք, տարիներ, որոնք լեցուն են, իմաստավորված տարիներ, որոնք Հովնանյան հայորդին, նրա ընտանիքը, շառավիղները ծառայեցրել ու շարունակում են ծառայեցնել ի սեր հայրենիքի բարգավաճման, ի շահ հայ կրթության, դպրության, արվեստի, ճարտարապետության եւ այլ բնագավառների զարթոնքի, կայացման ու առաջադիմության։
Սիրելի՛ ընթերցող, այսքանը՝ իբրեւ հարցազրույցիս բնաբան, իսկ շարունակությունը անչափ հետաքրքիր զրույց է Վահագն Հովնանյանի հետ, որն էլ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։
- Պարո՛ն Հովնանյան, որտեղի՞ց են Ձեր արմատները, բացի արյան կանչից հոգեւոր ի՞նչ կապ եք տեսնում Ձեր նախնիների եւ Ձեր միջեւ։
- Հայրս՝ Ստեփան Հովնանյանը, բնիկ մալաթիացի էր, հրաշքով էր փրկվել ցեղասպանությունից, մայրս՝ Եսթեր Հովնանյանը (Ալմաջյան) սեբաստացի էր, եղեռնի վերապրողներից մեկը։ Նրանք հաստատվել էին Իրաքի Քերքուք քաղաքում։ Հայրս բարեգործ էր, ստեղծող, աշխատող, շինարար. նա Քերքուքի հայկական եկեղեցուն կից Թարգմանչաց դպրոցը նվիրել էր գաղութին։ Մայրս միայն ՄԱՅՐ էր Նա մեծ հոգեբան էր, խելացի, խորագետ, իմաստուն Երբ հայրս վարձատրում էր իր աշխատողներին, մայրս էլ դրամ էր տալիս թուրք մուրացիկներին, ովքեր գալիս էին աշխատողների հետ աշխատավարձի օրերին
Երբ հայրս հարցնում էր, թե ինչո՞ւ է նրանց՝ այդ թուրքերին դրամ տալիս, մայրս պատասխանում էր՝ «Որ միշտ մուրացիկ մնան»։
Նախնիներիս հետ ունեցած կապը հայրենիքի կարոտն է. կան երկու տեսակի հայեր՝ նրանք, ովքեր կապրին Հայաստանի մեջ եւ նրանք, ովքեր կապրին Հայաստանի կարոտով Նրանք, ովքեր ապրում են Հայաստանում, նման են մեծ անտառում ապրողներին, որոնք ծառերը չեն տեսնում հաճախ
Իմ նախնիների կարոտն է, որ փոխանցվել է ինձ, այն կարոտը, որ մեկ անուն ունի՝ Հայրենիք։ Ամենքս էլ մեծ գործեր ենք արել՝ հայրս, մայրս, եղբայրներս։ Եղբայրներով՝ Գեւորգը, Ժիրայրը, Հրայրը եւ ես, քույրերս՝ Անահիտը, Տիրուհին, մշտապես ականատեսն ենք եղել մեր ծնողների բարի գործերի, հայրենասիրության, հայասիրության, եկեղեցասիրության։ Մեր տան մեջ հայրս թագավորն էր, մայրս՝ թագուհին, քույրերս՝ իշխանուհիներ, դիցուհիներ էին, եղբայրներս՝ տերեր, ոչ երբեք՝ ծառաներ, ստրուկներ։
- Յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր քրիստոնյա, ըստ Աստվածաշնչյան պատգամների, պարտավոր է սիրել մերձավորին, դիմացինի հետ վարվել այնպես, ինչպես կկամենար, որ իր հետ վարվեն, բայց քչերն են մեր օրերում Տիրոջ պատվիրաններին հետեւում, կամ էլ՝ ցույց են տալիս, թե իրբ հետեւում են Լոկ բառերով։ Դուք այն եզակի հայերից եք, որ Ձեր բարեգործություններն առանց ի ցույց դնելու՝ խոսքերը միշտ գործի եք վերածում, կյանքի կոչում, իրականացնում բազմաթիվ ծրագրեր Ի՞նչն է Ձեզ դրդում, ի՞նչն է Ձեզ ուղղորդում զբաղվելու բարեգործությամբ։
- Ամբողջ հավատքը տաս պատվիրանների մեջ է։ Եթե պահեն տաս պատվիրանները, կատարեն, ուրեմն՝ մաքուր կմնան։ Ծնողներս մեզ պատվիրում էին Նարեկացի կարդալ, եկեղեցի հաճախել, ամուր հավատք ունենալ, կարեկից լինել ուրիշներին. իրենք միշտ այդպիսին էին. Ես դա՛ եմ տեսել, աչքս միշտ տեսել է բարի գործերի հեղինակ հորս, ես այդպես եմ մեծացել, այդպիսի մթնոլորտում ու այլ կերպ լինել չէր կարող։
Հիշում եմ՝ մի օր տեսա հորս դպրոցի տանիքի վրա, ուսումնասիրում էր վիճակը Նայեցի նրան ներքեւից եւ հպարտ զգացի, որովհետեւ, ինչպես ասացի, հայրս այդ դպրոցը գնել էր եւ նվիրել երեխաներին, որ այլեւս վարձակալությամբ չհաճախեին
Հետո գզացի, որ նա միայն իմ հայրը չէ, այլ՝ իմ բոլոր ընկերների, բոլոր այն երեխաների, ովքեր այդ դպրոց էին հաճախում։ Հորս բարեգործությունն ինձ համար կյանքումս սովորած ամենամեծ դասն էր։
- Ուրեմն, Քերքուքն է Ձեր ծննդավայրը, մինչդեռ Հայրենիքը
- Այո, Քերքուքն է իմ ծննդավայրը. ծնվել եմ այնտեղ՝ 1932 թ. փետրվարի 16-ին, իսկ հայրենիքս Հայաստանն է։ Գաղթական ծնողներս, հիմնավորվելով Քերքուքում, շինեցին իրենց բույնը, բնակարանը, հիմնեցին իրենց օջախը։ Բոլորը զարմանում էին, որ գաղթական, անոթի, անուս հայերը կարողացան ապրել, վերապրել, հայ մնալ, լեզու եւ հավատք պահել, իրենց երեխաների համար դպրոց ու եկեղեցի կառուցել, աճել, զորանալ, բազմանալ։ Այդպիսին է հայը։
- Իսկ հետո՞ Ինչպե՞ս հայտնվեցիք նոր աշխարհում՝ Ամերիկայում, որտե՞ղ հանդիպեցիք Ձեր երկրորդ կեսին՝ տիկին Հասմիկին։
- 1952-ին դուրս եկա Իրաքից, ուղեւորվեցի Ամերիկա, Ֆիլադելֆիա՝ սովորելու, բարձրագույն կրթություն ստանալու։ Ընտրեցի ֆիզիկոսի մասնագիտությունը, այն ճկունություն է տալիս մտքին։ Հետագայում փոխադրվեցի Նյու Ջերսի։ Ատլանտիկ Սիթիում էլ հանդիպեցի իմ երկրորդ կեսին՝ Հասմիկ Պաղտոյանին, ով եկել էր Ամերիկա Երուսաղեմից՝ մանկավարժություն ուսանելու։ Հրաշալի մտավորական Սեդրակ Պաղտոյանի եւ աննման հայուհի Սիրանույշ Քոպալյանի հինգ զավակներից երրորդն է Հասմիկը, ով շարունակողն էր ուզում դառնալ հոր գործի։ Սեդրակ Պաղտոյանը Երուսաղեմի Թարգմանչաց վարժարանում ավագ ուսուցիչ է եղել։ Հրաշքով ազատվելով 1915 թ. հայոց ցեղասպանությունից եւ հաստատվելով Երուսաղեմում՝ տարիներ անց Պաղտոյանը 600 էջանոց մի գիրք է հեղինակում այդ ոճրագործության մասին՝ «Երբ դրախտը դարձավ դժոխք» վերնագրով (այն լույս է ընծայել Լոս Անջելեսի «Ապրիլ» հրատարակչությունը՝ Վահագն Հովնանյանի հովանավոությամբ)։
1959-ին ես եւ Հասմիկը ամուսնացանք հայկական եկեղեցում։ Հետո ծնվեցին մեր երեխաները՝ Շանթը եւ Նինան, նրանք էլ կրթվեցին, ամուսնացան։ Շանթը՝ Հիլդեյի հետ, Նինան՝ Արթուրի ու մեզ պարգեւեցին 5 հրաշալի թոռնիկներ։
Ահա սա է իմ կյանքի անձնական մասի պատմությունը, իսկ մնացածը աշխատանք է. 1959-ին չորս եղբայրներով հիմնեցինք «Հովնանյան եղբայրներ» ընկերությունը, որը դարձավ Ամերիկայի մեծագույն շինարարական ընկերությունը, կառուցեցինք տասնյակ հազարավոր ինքնատիպ տներ։
1969-ին ես հիմնեցի իմ սեփական «Hovbuilol» շինարարական ընկերությունը, 1985-ին որդուս՝
Շանթի հետ հիմնեցինք շարժական հաղորդակցությամբ «Celluar Vision» հեռուստատեսային գործը եւ այլն, եւ այլն։
- Պարո՛ն Հովնանյան, Ձեր մասնագիտությամբ աշխատե՞լ եք
- Այո՛, 5 տարի եմ աշխատել իմ մասնագիտությամբ, շատ եմ սիրում բնագիտությունը, այն ինձ կյանքի բոլոր բնագավառներում միշտ էլ օգնել է եւ օգնում է։ Ո՛չ ես, ո՛չ կինս՝ Հասմիկը, Ամերիկայի քաղաքացիներ չէինք. հենց իմ մասնագիտական հմտությունները կարեւորելով ու գնահատելով է, որ ամերիկյան կառավարությունը մեզ քաղաքացիության իրավունք տվեց՝ Green Card։
- Հայաստա՞նն է Ձեր վերջին ու վերջնական հանգրվանը, թե՞ հնարավոր է, որ մի օր ինչ-ինչ հանգամանքներ ստիպեն Ձեզ հեռանալ հայրենիքից։
- Կուզեմ ապրել աշխարհի մեջ, ունենալ լավ բարեկամներ ամեն տեղ, աշխարհի բոլոր կողմերում։ Հեռանա՞լ Հայաստանից Երբեք մտքովս չի անցել։ Ես չեմ մոտեցել, որ հեռանամ։
- Ո՞ւմ մտահղացումն էր «Վահագնի» թաղամասի հիմնումը։
- Հիմնել եմ ես, իմ մտահղացումն է եղել, բայց անունը ես չեմ դրել։ Ռեժիսոր Հարություն Խաչատրյանը առաջարկեց, ու երբ ես եկա, անունն արդեն դրված էր։ Համայնքային ընդարձակ բնակավայրի տարածքը, Երեւանի Կենտրոնից մոտ 15 րոպե հեռավորության վրա, 300-ից ավելի նորակառույց տներից է բաղկացած եւ դեռ պիտի համալրվի նոր կառույցներով։
Դպրոց, ժամանցի վայր (գոլֆի դաշտով, զբոսնելու մեքենաներով, թենիսի, բասկետբոլի, վոյելբոյլի, գնդի հրման եւ ֆուտբոլի դաշտերով։ մեծերի եւ փոքրերի համար նախատեսված առանձին լողավազաններով, նավարկելու լճով), ամեն, ամեն ինչ կա՝ գեղեցիկ ու հարմարավետ ապրելու համար։
- Իսկ մտադիր չե՞ք մի փոքրիկ եկեղեցի կառուցել, ունենալ նաեւ աղոթատեղի
- Իհարկե, անշուշտ, մի մատուռ էլ պիտի կառուցեմ։ Ե՛վ մեծ հանրախանութ պիտի կառուցվի, եւ դպրոց, եւ մի խոսքով, շատ անելիքներ կան։ Որքան ապրում եմ, այնքան պիտի ստեղծեմ, կառուցեմ, արարեմ՝ ի սեր մարդկության, հայության,
Մեծ ծրագիր ունեմ Դիլիջան քաղաքում. 6 տարի անց պիտի այնտեղ էլ սկսվեն շինարարական աշխատանքներ։
- Ո՞վ է Ձեզ աջակցում կարեւոր գործերում. խոսքս եւ՛ բարոյական, եւ՛ ֆինանսական աջակցությանն է վերաբերում։
- Բարոյապես, հոգեպես ինձ նեցուկ է հայ ժողովուրդը, հայ մշակույթը։ Ֆինանսական հարցերը ես եմ լուծում։ Իսկ ընդհանրապես, ինձ մեծ աջակցություն են ցուցաբերում աղջիկս, տղաս, փեսաս, նույնիսկ թոռներս՝ իրենց դրական լիցքերով։ Տիկնոջս՝ Հասմիկին, ամեն առավոտ համբուրում եմ, իսկ նա ինձ օրհնում է՝ ասելով. «Հող բռնես, ոսկի դառնա», ու սկսվում է իմ աշխատանքային օրը։
- Խոսեցինք ընտանիքից, հարազատներից, ինչպիսի՞ն է Ձեր ընտանիքը, լսել եմ, որ երջանիկ եք այդ առումով։
- Ճիշտ եք լսել, գոհ եմ, երջանիկ ամուսին եմ, երջանիկ հայր, պապիկ, աներ։ Հրաշալի փեսա ունեմ՝ Արթուրը, լավ հարսիկ ունեմ։
Փառք Տիրոջը, որ ինձ Հասմիկի նման կին պարգեւեց՝ սիրող, հոգատար, հասկացող, խելացի եւ՛ գեղեցիկ արտաքինով, եւ՛ գեղեցիկ հոգով։
- Պարո՛ն Հովնանյան, եղե՞լ են դեպքեր, որ զղջաք Ձեր բարեգործությունների համար, ասենք՝ հիասթափվեք, բարկանաք, նեղանաք
- Երբե՛ք, ինձ համար մեծ հաճույք է տեսնել այսքան հայերի, բարի լույս մաղթել նրանց, բարի գործեր անել նրանց համար, տեսնել նրանց բարեկեցիկ ապրելակերպով, ինչ-որ տեղ թեթեւացնել մարդկանց հոգսը, Երբեք չեմ զղջացել։ Մի բան է ինձ միայն անհանգստացնում. ժողովուրդը լուռ է, չի պայքարում, չի բարձրաձայնում իր հոգսերի, ցավերի մասին։
Ժողովրդական հայտնի ասացվածք կա՝ «Մինչեւ երեխան չլա, մայրը ծիծ չի տա»։ Լացն էլ պիտի լինի, ծիծաղն էլ. դրանք երկուսն էլ մարդու համար են, պիտի իմանաս, թե որն է մարդու լացի, դառնության պատճառը եւ սատար լինես քո կարողացածին չափով։
- Ի՞նչն է, որ հնարավորության դեպքում կփոխեիք Հայաստանում, ի՞նչ արատավոր երեւույթներ են Ձեզ մտահոգում, որոնք անհարիր են հայի նկարագրին։
- Մեկ հոգին, որքան էլ, որ մեծ լինի ցանկությունը, չի կարող շատ բան փոխել, կարգավորել։ Ժամանակն է, որ պիտի փոխի ինչ-ինչ բաներ։
Արատավոր երեւույթներ անշուշտ կան՝ ինձ ավելի մտահոգում է աչքածակությունը, ագահությունը, անկարգությունը։ Օրենքն է, որ պիտի շտկի ամեն բան։
Հայ մարդը միշտ պիտի ձգտի կատարելության՝ իբրեւ հնագույն ժողովուրդ, իբրեւ աշխարհում առաջին քրիստոնյա ազգերից մեկը։
- Ո՞ւմ են ուղղված Ձեր բարեգործությունները՝ անհատներին (անապահով, ծնողազուրկ, գործազուրկ մարդկանց), թե՞ դպրոցներին, մանկատներին, քաղաքաշինությանը, մարզային խնդիրների լուծմանը։
- Բոլորին, ընդհանրապես բոլոր ոլորտներում էլ Հովնանյանների օգնությունն առկա է՝ մշակույթ, ճանապարհաշինություն, գիտություն եւ կրթություն, արվեստ, գործարանների կառուցման գործում։ Մենք չենք սահմանափակվում մայրաքաղաքով, օժանդակում ենք գյուղական դպրոցներին, Ղարաբաղին, երկրաշարժից տուժած քաղաքներին՝ թե՛ 1988-ին, թե՛ հիմա։ Ողջ Հայաստանն է մեր բարեգործության տարածքը։
- Ասում են, որ «Վահագնի» թաղամասում տները շատ թանկ են եւ անմատչելի սովորական մարդկանց համար (ի նկատի ունեմ միայն աշխատավարձով ապրող եւ այլ եկամուտներ չունեցողներին)։ Այդպե՞ս է
- Այստեղ տների գները սկսվում են 280.000 դոլարից մինչեւ 500.000 դոլար։ Չէի ասի, որ շատ թանկ են, որովհետեւ Երեւանում այնքա՜ն շքեղ, մի քանի հարկանի առանձնատներ կան, որոնք շատ ավելի թանկ են։ Շուտով պիտի կառուցենք նաեւ բարձրահարկ շենքեր, որոնք ավելի մատչելի գներ կունենան։ Այստեղ բնակվում են տարբեր խավերի եւ տարբեր մասնագիտություններով մարդիկ՝ բժիշկներ, դերասաններ, գործարարներ։
- Շփվո՞ւմ եք բնակիչների հետ, թվում է՝ Դուք այս թաղամասում կնքահայր եք, ավելին՝ հոր դեր եք կատարում։
- Ճիշտ է, բոլորին մոտենում եմ բարեկամաբար, հայրաբար։ Իհարկե, շփվում եմ, ճանաչում եմ բոլորին։
- Ձեր աշխատակազմը քանի՞ հոգուց է բաղկացած։
- 300 հոգուց է բաղկացած աշխատակազմը, շուտով կհասնի մինչեւ 600-ի։ Բոլորն էլ գիտեն իրենց գործը, նվիրված են գործին, սիրում եմ թաղամասը, հոգում նրա մասին։
- Մասշտաբային մեծ միջոցառումներ լինո՞ւմ են թաղամասում, ասենք՝ հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ, համերգներ
- Անշուշտ, ունենք միջոցառումների դահլիճ։ Գրեթե բոլոր երգիչներին հրավիրել ենք այստեղ։ Համայնքն ապրում է լեցուն, հետաքրքիր կյանքով։
- Պարո՛ն Հովնանյան, քաղաքականությամբ չե՞ք զբաղվում
- Անշուշտ, հետաքրքիր է քաղաքականությունը, սակայն ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ է տալիս այն ժողովրդին, որքանո՞վ է օգնում, ինչպե՞ս, ի՞նչ հարցերում, Քաղաքականությունը պիտի օգնի, որ ժողովուրդը հայրենիքից դուրս չգա, որ երիտասարդները հնարավորություն ունենան աշխատելու, սովորելու, որ հայի երազը չընդհատվի ուրիշի, օտար հողում։
- Մեր կառավարությունը, պետությունը Ձեզ օգնո՞ւմ է, գնահատո՞ւմ է Ձեր աշխատանքը, թե՞ խանգարում։
- Ես ապրում եւ գործում եմ օրենքի սահմաններում, Ավետարանի օրենքներով, Աստծո պատվիրաններով։
Մենք ոչ մեկին չենք խանգարում, մեզ էլ չեն խանգարում։ Եթե մարդը ոճիր չի գործում, նա չի հետապնդվում եւ ապրում է խիղճը հանգիստ։
Եթե 10 պատվիրաններով ապրեն բոլորը, ուր էլ լինեն, դրախտն իրենց հետ է, իրենց հոգում եւ պետք էլ չի մտածել, թե արդյոք դժոխք կա՞
- Ինչպիսի՞ն է մեր ժողովուրդը Ձեր հայացքով, լինո՞ւմ եք ժողովրդի մեջ։
- Լավ ժողովո՛ւրդ է, ի՛մ ազգն է, ի՛մ, բոլորի՛ս ժողովուրդն է, ինձ համար ամենամեծ գնահատականը ժողովրդի սերն է։ Միշտ լինում եմ քաղաքում, ինքս եմ վարում մեքենան։ Կարեւորը, որ ժողովրդի վստահությունն ունենամ, ես ինձ միշտ նրա մի մասն եմ համարում։ Քաղաքն էլ լավն է, թերեւս քաղաքի վրա թե՛ կնճիռներ, տրտմություն, թե՛ ժպիտ եմ տեսնում։
- Ո՞րն է Ձեր ամենասիրած երգը, որ երբեւէ լսել եք Ձեր ծնողներից, մեծացել եք այդ երգի ելեւէջների ներքո։
- Սիրում եմ հայկական ժողովրդական բոլոր երգերը։ Մայրս գործ անելիս միշտ երգում էր, երգի մեղեդին լցվում էր հոգուս խորքերը։ Մենք քնել ենք նրա օրորոցայիններով։ Ես էլ երգով պառկում եմ, երգով՝ արթնանում։ Երգն է իմ դեղը, իմ սպեղանին։
Հայն ու երգն անբաժան են։
- Ի՞նչը կարող է ստիպել Ձեզ հրաժարվել Ձեր առաքելությունից։
- Մա՛հը, միայն մահը։ Մինչեւ վերջին շունչս պիտի կառուցեմ, ստեղծեմ, բարեգործություն անեմ, Աստված ինձ դրա համար է շունչ ու հոգի տվել։
Մեծանուն հայի, բարերարի, շինարարի կտրուկ ու ոգեշունչ, սպառիչ այս պատասխանով էլ ավարտվում է մեր հարցազրույցը։ Լայն ու բարի ժպիտով նա ուղեկցում է ինձ թաղամասի գեղեցիկ փողոցներով, գնում ենք մանկան պես պարզ, ժպտադեմ, հասմիկի պես գեղեցիկ տիկնոջ՝ Հասմիկի մոտ, ում հայրական խանդաղատանքով է վերաբերում Վահագն Հովնանյանը, հետո հրաժեշտ ենք տալիս միմյանց՝ ամեն մեկս մեր հոգու խորքում համոզված, որ բարեգործությունը թելադրված աշխատանք չէ, այլ՝ ի վերուստ տրված մեծ շնորհ, առաքելություն, որի ընտրյալների անունները պիտի դրոշմվեն Կյանքի գրքում՝ այն անձեռակերտ մատյանում, ուր հավերժի խորհուրդն է։ Շուրթերին հանճարեղ Թումանյանի իմաստուն խոսքերը՝ «Գործն է անմահ, լավ իմացեք, Որ ապրում է դարեդար», Հայի այս ազնվածին տեսակը՝ Վահագն Հովնանյանը, եղեռնապուրծ հայորդիների շառավիղներից մեկը, ծիծեռնակի պես իր բույնն է հյուսում հայրենի հողում եւ չի կամենում տխրաձայն հարցնել. «Կռո՛ւնկ, ուստի՞ կուգաս », չի կամենում ցավը նորոգել, այլ՝ փորձում է սպեղանի դառնալ մեր օրերում՝ հույսի ու լույսի շողեր պարգեւելով մարդկանց։
Թող մի՛շտ եղիցի լույս։
ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
14.12.2010 թ.
ք. Երեւան
1