Ցեղասպանության միջազգային ճանաչման որակական գործընթացը մտել է նոր փուլ
21-04-2015 16:51:20 | Հայաստան | Հայտարարություններ
«Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մեզ համար պետք է լինի նոր սկիզբ. եթե մինչ այս մեր պահանջն ավելի շատ էմոցիոնալ էր, ապա այսօր այն պետք է ավելի իրատեսական լինի՝ հիմնված միջազգային իրավական նորմերի վրա: Ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ նշանակում է ժխտել ոչ միայն հայկական կողմի տեսակետն ու իրողությունը, այլև՝ տասնյակ հեղինակավոր անձանց և կառույցների մոտեցումները»,- ասաց ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը՝ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Մանկավարժական համալսարանի կազմակերպած երթի ժամանակ: Նա ընդգծեց, որ այսօր ականտեսն ենք նրա, թե ինչպես ողջ աշխարհում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որակական նոր փուլ է մտել:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ՀՊՄՀ վարժարանն ու ուսանողները՝ շուրջ 5000 հոգի, այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1.5 մլն անմեղ զոհերին:
Ուսանողների մասնակցությամբ երթը Էդգար Հովհաննիսյանն էլ ավելի կարևորեց՝ ընդգծելով, որ նոր սերունդը վաղը դառնալու է նոր որակի պայքարի կրողը: Իսկ ապագա մանկավարժները, նոր սկզբունքերի հիման վրա, դաստիարակելու են սերունդ, որն էլ լինելով պահանջատեր՝ լծվելու է մեր ժողովրդի արդար պայքարի գործին:
ՀՊՄՀ Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը 100-ամյակին ընդառաջ երթը խորհրդանշական համարեց. դար է անցել, որը կարծես անցած ճանապարհի ընդհանրացումն և ապագայի ուղենիշ լինի: Քրիստոնյա աշխարհի վարած քաղաքականությունն աննխադեպ է. աշխարհը միացավ հայի ցավին, ազնվացավ, բարոյական և քաղաքական ինքնագիտակացության նոր արժեհամակարգի եկավ. «Սա մշակութային գիտակցության և մարդասիրական իրավունքի մեջ նոր իրողություն է. քրիստոնեական աշխարհը, որ նախկինում դիմադրում էր և տեղյակ չէր իրողությանը, կարծես հաղորդակից է դառնում, իմաստավորում ու գնահատում է շարունակ անտեսված, խեղաթյուրված պատմությունը: Հայ ժողովրդի պահանջը իրականության մեջ հայրենիքի ու մշակույթի վերադարձն է, իսկ մանկավարժների այս բազմահազարանոց երթը՝ մեր հոգու պարտքն է և դրա ապացույցը»:
ՀՊՄՀ վարժարանի աշակերտ Նորայր Շողիկյանն ամեն տարի այցելելով հուշահամալիր՝ ևս մեկ անգամ բարձրաձայնում է իր պահանջը, և շարունակելու է լինել պահանջատեր այնքան ժամանակ, մինչև Թուրքիան և ողջ միջազգային հանրությունը չընդունի և չդատապարտի նախորդ դարասկզբի ոճրագործությունը:
Աշակերտներն ու ուսանողներն Ցեղասպանությունը դատապարտող պաստառներով և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով՝ ևս մեկ անգամ կոչ արեցին Թուրքիային և ողջ մարդկությանը ճանաչել հայերի նկատմամբ կատարած հանցագործությունը: