Ավստրիայի համար հեշտ չի եղել ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարությունը.Սուրեն Սարդարյանը (Տեսանյութ)


Ավստրիայի համար հեշտ չի եղել ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարությունը.Սուրեն Սարդարյանը (Տեսանյութ)

  • 23-04-2015 15:03:31   | Հայաստան  |  Քաղաքական



«Աշխատանքի  բաժանում պիտի լինի  Սփյուռքի և ՀՀ-ի միջև: Հայաստանը սուվերեն  պետություն է, ՄԱԿ-ի  անդամ և իր պատասխանատվություններն  ունի, իր անվտանգության   հարցերը, այսինքն՝ պետք է  կարողանա  իր դրացիների հետ ապրել, սահմանները բացել: Ասում են՝ ինչպես մորը չենք կարող ընտրել, այնպես էլ դրացիներին»,-լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ավստրիաբնակ միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարդարյանը՝ շեշտելով, որ գույքային հարցերում պահանջատեր լինելու իրավասություն ունեն Օսմանյան կայսրության ժամանակ բնակված հայերի ժառանգները:
 
Անդրադառնալով  Ավստրիայի խորհրդարանի  ընդունած  Հայոց ցեղասպանությունը ճանաչող և  դատապարտող  հայտարարությունը, մասնավորապես՝ դրան  նախորդած պայքարին, Սուրեն Սարդարյանը խոստովանեց՝ որոշումը  հեշտ չի տրվել. «Վերջին ամիսներին Ավստրիան կփախչեր ճանաչումից, քանի որ Ավստրիայի մեջ 400.000 ավստրիահպատակ թուրք կապրի, որոնք սկսել են դժգոհել և ցույցեր կազմակերպել: Բայց խորհրդարանը եկավ այն եզրահանգման, որ Ցեղասպանությունն իր անունով պիտի կոչել: Երեկ թուրք հյուպատոսին փորձել են համոզել, որ Թուրքիայի դեմ որևէ աշխատանք չի տարվում»:
 
Այնուհետ ավստրիաբնակ միջազգային իրավունքի մասնագետը շարունակեց. «Ավստրո-հունգարական կառավարությունը և Գերմանիան անմիջապես չի մասնակցել Հայոց ցեղասպանությանը, բայց պասիվ կերպով  ներկա են  եղել  և չեն  արգելել, ինչը նշանակում է, որ ինչ-որ չափով մասնակից են. եթե ոճիր, մարդասպանություն լինի և ներկա լինելով՝ ոչինչ չանեք, մասնակից եք: Ամեն դեպքում, սա մեծ առաջադիմություն է՝ բարոյականորեն, իրավականորեն ոչինչ չի տա»:
 
Ինչ վերաբերում է Թուրքիայի պատրաստակամությանը առերեսվել սեփական պատմությանը, Սարդարյանը նկատեց, որ այն դեռ ներողություն խնդրելու պատրաստ չէ, իսկ Էրդողանի ցինիկ պահվածքից հայկական կողմը միայն շահում է. «Ներկա իրավիճակում մեզ շատ օգնողը Էրդողանն էր՝ իր ցուցումներով, իր հայտնած կարծիքներով: Էրդողանը մեզ ավելի օգնեց, քան մեր աշխատանքը»:
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Քաղաքական