Այս տարի 11-րդ անգամ կանցկացվի ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխությունը


Այս տարի 11-րդ անգամ կանցկացվի ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխությունը

  • 04-05-2015 20:20:36   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ս/թ մայիսի 5-ին, ժամը 15:00-ին Հայ-Ռուսական (Սավոնական) համալսարանում (ՀՌՍՀ) (Երևան, Հ. Էմինի 123) տեղի կունենա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների ամենամյա ավանդական հանդիպումը 2015թ. մրցանակների հավակնորդների հետ:
 
Հանդիպման նպատակն է ներկայացնել մրցանակաբաշխությանը մասնակցելու պայմաններն ու հայտադիմումների ներկայացման ընթացակարգը, ինչպես նաեւ հավակնորդներին ներկայացվող պահանջներն ու մասնակիցների ընտրության չափանիշները:
 
Հանդիպմանը ներկա կգտնվեն մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՍՀ) և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵՏԱ) համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, ՀԱՊՀ -ի Երևանի ավագ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Այբ ավագ դպրոցի աշակերտները:
 
Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է: Պարգևները շնորհվում են այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտություններից տարբեր օլիմպիադաներին և մրցույթներին, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և այլ տաղանդներ, ինչպես նաև ներգրավված են համայնքային կամավորական ծրագրերում:
 
2015թ. նախատեսված են հետևյալ անվանակարգերը՝
 
* Գլխավոր մրցանակ
 
* Լավագույն ասպիրանտ (I և II կարգեր)
 
* Լավագույն մագիստրանտ (I և II կարգեր)
 
* Լավագույն բակալավր (I և II կարգեր)
 
* Լավագույն սփյուռքահայ ուսանող
 
* Լավագույն ուսանողուհի
 
* Լավագույն աշակերտ (I և II կարգեր)
 
«Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր», և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում պարգևները նախատեսված են մրցույթին մասնակցող յուրաքանչյուր կրթական հաստատության համար:
 
Անվանակարգերի հաղթողները որոշվում են ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի նախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը եւ հանձնաժողովի այլ անդամներ կպատասխանեն ներկաների հարցերին:
 
Մրցանակաբաշխության հարցազրույցները տեղի կունենան ս/թ հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 3-ը, իսկ հաղթողները կպարգևատրվեն ՀՀ Նախագահի կողմից ս/թ հոկտեմբերի 5-ին: Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ, դրամական պարգև մինչև 1000 դոլարին համարժեք դրամ և ՏՏ ոլորտը խորհրդանշող հուշախորհրդանիշ:
 
Նախագահական կրթական պարգեւվի ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի կողմից:
 
ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մասին
 
2005թ. ապրիլի 28-ին ՀՀ նախագահի հավանությամբ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն և «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստորագրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման վերաբերյալ համաձայնագիր:
 
ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) (ֆակուլտետներ՝ Կիբեռնետիկա, Քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա, Կիրառական մաթեմատիկա, Ռադիոտեխնիկա և կապի համակարգեր), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) (ֆակուլտետներ՝ Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, Ռադիոֆիզիկա, Ֆիզիկա), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ֆակուլտետ՝ Քոմփյութերային գիտություններ և ինֆորմատիկա), Հայ-ռուսական
 
(Սլավոնական) համալսարանի (ֆակուլտետներ՝ Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, Ֆիզիկատեխնիկական, Բժշկա-կենսաբանական), Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (մասնագիտացումներ՝ Կիրառական ծրագրավորում, Տեղեկատվական տեխնոլոգիաների գործարար կառավարում, Մուլտիմեդիա համակարգերի ծրագրավորում և դիզայն, Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր), ՀՊՃՀ-ի Երևանի ավագ դպրոցի, ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Այբ ավագ դպրոցի ուսանողներն ու աշակերտները:
 
Անցած տասը տարիների ընթացքում 322 ուսանող և աշակերտ արժանացել են այս պարգևին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ