Իրաքյան եզդիները գոյության պայքարում միայնակ են. նրանց փրկությունն իրենց իսկ համախմբվածությունն է. Բորիս Մուրազի (Տեսագրություն)


Իրաքյան եզդիները գոյության պայքարում միայնակ են. նրանց փրկությունն իրենց իսկ համախմբվածությունն է. Բորիս Մուրազի (Տեսագրություն)

  • 11-05-2015 15:38:40   | Հայաստան  |  Նոր գրքեր



«100 տարի անց…» խորագրով նոր գրքում ամփոփված է հարյուր տարի անց 2014 թվականի օգոստոսին Իրաքում բնակվող եզդի ժողովրդի նկատմամբ կրկնված ցեղասպանության մանրամասները` փաստերով և տվյալներով: 
Ինչպես մայիսի 11-ին լրագրողների հետ հանդպման ժամանակ տեղեկացրեց գրքի հեղինակ, «Սինջար» եզդիների ազգային միության նախագահ Բորիս Մուրազին, աշխարհում հրատարակված վերհոնշյալ գիրքն առաջինն է, որում արձանագրվել ու մեկտեղվել են կոնկրետ փաստեր և մանրամասներ Իրաքում կատարված և շարունակվող ցեղասպանության մասին` նպատակ ունենալով  այդ կերպ պայքարել ու վերականգնել եզդի ժողովրդի խախտված իրավունքները միջազգային ատյաններում:  
«Հարյուր տարի անց եզդիների նկատմամբ կրկնված ցեղասպանության հետևանքները ոչ միայն չեն վերացվում, այլև նման փորձ էլ չի կատարվում, այսինքն ցեղասպանությունը շարունակվում է»,- նշեց Բ. Մուրազին: 
Ըստ նրա` գիրքը բաղկացած է առանձին ենթաբաժիներից, որոնցից յուրաքանչյուրում ներկայացվում է 2014 թվականի օգոստոսի 3-ից եզդի կանանց և երեխանների նկատմամբ իրականացված բռնությունները, ցեղասպանություն վերապրածների վկայությունները, մշակութային ցեղասպանությունը, միջազգային հանրության և Հայաստանի արձագանքը, համաշխարհային ամենահեղինակավոր մամուլի հրապարակումները, լուսանկարներ, նաև հեղինակի կողմից արված վերլուծություններ` կապված եզդիների ինքնապաշտպանության ռազմավարության մշակման և իրականցաման հետ:
«Օգստոսի 3-ից հետո Իրաքում բնակվող եզդիների համար նոր իրավիճակ է ստեղծվել, նրանք իրենց գոյության պայքարում միայնակ են մնացել: Վերջին տարիներին իրաքյան եզդիներն իրենց հույսը կապում էին Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանու հետ, սակայն օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ քրդերը և մյուս ազգությունները չեն պատրաստվում ստանձնել եզդիների անվտանգության հարցը»,- ասաց Բ. Մուրազին:
Նրա կարծիքով` չպետք է պայքարել միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, քանի որ դա որևէ բան չի տալու եզդի ժողովրդին. «Եթե պետք է ճանաչեն եզդիների ցեղասպանությունը և աջակցեն «Իսիս» խմբավորմանը, ապա ավելի լավ է չճանաչեն մեր ցեղասպանությունն ու չաջակցեն վերջինիս»,- ասաց գրքի հեղինակը` հավելելով, որ եզդիների պայքարը պետք է լինի զենքով և գրչով:
Բ. Մուրազին կարևորեց գրքի հրապարակումը, քանի որ նրա կարծիքով, այն հետագայում դառնալու է կատարված ոճրագործությունների փաստացի արձանագրությունը:
Բանախոսն անդրադարձավ նաև Իրաքում բնակվող եզդիների ներկայիս իրավիճակին և նշեց, որ դեկտեմբեր ամսվա տվյալներով սպանվել են 20 հազար եզդիներ, իսկ հինգ հազարը`   գերության մեջ են` շարունակելով մնալ մահվան սպառնալիքի տակ:
Բ. Մուրազին նաև տեղեկացրեց, որ վերջին տվյալներով հայտարաված Թել-Աֆար տեղափոխված 600 եզդի գերիների ճակատագիրը դեռևս շարունակում է անհայտ մնալ, քանի որ հստակ տեղեկատվություն սպանվածների մասին չկա: 
Նրա համոզմամբ` ստեղծված իրավիճակից եզդիների դուրս գալու միակ ճանապարհը համախմբվածությունն է. «Պետք է ստեղծվի աշխարհի եզդիներին համախմբող մեկ կառույց, որը կմշակի ռազմավարություն և կստիպի աշխարհին հաշվի առնել եզդի ժողովուրդների իրավունքները և շահերը»,- ասաց Բ. Մուրազին:
«100 տարի անց…»  գիրքը հրապարակվել է հայերեն լեզվով, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Նոր գրքեր