Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնի շրջանակներում կիրականացվեն համատեղ ծրագրեր


Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնի շրջանակներում կիրականացվեն համատեղ ծրագրեր

  • 12-05-2015 16:29:16   | Հայաստան  |  Մշակույթ

Այսօր՝ մայիսի 12-ին «Առնո Բաբաջանյանի» անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կայացավ Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնի բացմանը նվիրված մամուլի ասուլիսը: 
 
Ասուլիսին բացման խոսքով հանդես եկավ Թալալյան եղբայրների անվան հանրապետական փառատոնի տնօրեն, դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը իր խոսքում նշելով, որ Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնի շրջանակներում մայիսի 17- հուլիսի 15-ը նախատեսվում է համերգային ծրագրերի շարք: Այս տարի փառատոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում  է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ գրված ալտի և թավջութակի համար։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր, թավջութակահար Արամ Թալալյանը նշեց, որ  Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնը առանձնակի կարևորել է տարվա հոբելյարների ստեղծագործությունների կատարումը,  որոնց թվում են հայ կոմպոզիտորներ Ալ. Հարությունյանը, Գ. Հովունցը, Ռ. Սարգսյանը, Վ. Մանուկյանը և վրացի անվանի կոմպոզիտոր Ս. Ցինցաձեն:  Փառատոնը կհյուրընկալի նաև միջազգային անվանի երաժիշտների` Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից:
«Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնի շրջանակներում կիրականացվեն համատեղ ծրագրեր Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի,  «Հարմոնիում» ԵԶԿ Հասարակական Կազմակերպության և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հետ: Ցանկանում եմ  նշել նաև, որ փառատոնի բացման շրջանակներում Հայաստանի Երուսաղեմի տաճարի ռազմական ինքնիշխան միաբանությունը և «Արս լունգա»ՀԿ-ն կազմակերպել են ցուցահանդես վաճառք: Ցուցահանդեսին ներկայացված են լինելու  Հայաստանի հաշմանդամների  «Փյունիկ» միության շահառուների` հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքները»        - հավելեց փառատոնի տնօրեն Ջուլիետա Վարդանյանը:
Մամուլի ասուլիսին ներկա էին նաև Հայաստանի Տաճարականների Գերագույն Առաջնորդ  Բագրատ Լալայանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր հոբելյար կոմպոզիտոր Վարդ Մանուկյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտագետ Իրինա Զոլոտովան:  
Թալալյան եղբայրների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնի բացման միջոցառումը տեղի կունենա մայիսի 17-ին, ժամը` 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: 
 
Միջոցառմանը մասնակցել ցանկացողների համար մուտքը համերգասրահ ազատ է:
Թալալյան եղբայրների անվան հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնը իրականցվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Արս Լունգա» հասարակական կազմակերպության  նախաձեռնությամբ:
 
2008 թվականին հիմնադրվելով որպես թավջութակային երաժշտության փառատոն (գեղարվեստական ղեկավար  Արամ Թալալյան) այն 2010 թվականից ընդլայնվեց և դարձավ ալտի և թավջութակի փառատոն՝ Արվեստների պատկերասրահ մշակութային հիմնադրամի աջակցությամբ: 2013 թվականից փառատոնի կազմակերպչական գործունեությունը ստանձնեց «Արս լունգա» հասարակական կազմակերպությունը ծրագրերում ընդգրկելով՝ ինչպես  մենակատարների, փոքր կազմերի, այնպես էլ բազմանդամ նվագախմբերի: 
Թալալյան եղբայրների անվան հանրապետական ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների համար, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների  միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը, մշակել և իրականացնել ծրագրեր մարզային երաժշտական օջախների համար: 
Փառատոնի պաշտոնական PR-գործընկեր, SPRING PR-ընկերություն 
PR պատասխանատու՝  Մարիամ Սաֆարյան, Հեռ.՝ + 374 10 500 561, + 374 96 23 25 19
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ