«Ջուղայի խաչքարերի ոչնչացումը բացահայտում է Ադրբեջանի իրական դեմքը». ԱԺ փոխնախագահ


«Ջուղայի խաչքարերի ոչնչացումը բացահայտում է Ադրբեջանի իրական դեմքը». ԱԺ փոխնախագահ

  • 25-05-2015 15:50:04   | Ճապոնիա  |  Մշակույթ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մայիսի 24-ին Տոկիոյում մասնակցել է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառման փակման արարողությանը:
 
Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: Միջոցառմանն ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով` մասնավորապես նշելով.
«Կցանկանայինք մեր առանձնահատուկ գոհունակությունը հայտնել առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մայիսի 19-24-ը Տոկիոյում անցկացվեց «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառումը, որն աննախադեպ դրական քայլ է հայ-ճապոնական մշակութային կապերի զարգացման գործում:
Ափսոսանքով պետք է նշեմ, որ մենք՝ հայերս, որպես հազարամյա մշակութային ժառանգության կրողներ, անգամ 21-րդ դարում ականատես ենք լինում բարբարոսների կողմից հայկական հազարամյա մշակութային ժառանգության ոչնչացմանը, որն անվանել այլ կերպ, քան մշակութային ցեղասպանություն, պարզապես հնարավոր չէ: Սրա վառ ապացույցն են նախկինում հայերով բնակեցված եւ այսօր արդեն հայաթափված Նախիջեւանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի ոչնչացումը, ինչը բացահայտում է Ադրբեջանի իրական դեմքը, ինչպես նաեւ ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հայկական հուշարձանների ոչնչացումը եւ ամիսներ առաջ ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Մենք պետք է մեկտեղենք մեր ջանքերը՝ նման վայրագություններն ապագայում իսպառ բացառելու համար»: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին  ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նոյյան տապան  -   Մշակույթ