«Մեր երկիրն անկախ, ինքնիշխան պետություն է: Դա մեծ ձեռքբերում է, ինչի համար մեր ժողովուրդն արյամբ է վճարել: Մենք բոլորս միասին պարտավոր ենք պահպանել այդ ձեռքբերումը, պաշտպանել այն, ինչի համար պայքարել ենք դարերի ընթացքում և հոգ տանել հանուն մեր երկրի ավելի լավ ապագայի համար: Այսօր Վրաստանը կանգնած է ժողովրդավարության վերածննդի առջև, դա վրաց ժողովրդի անսասան ընտրությունն է, մեր պետության զարգացման միակ ուղին, որը կտանի մեզ ընդհանուր եվրոպական ընտանիք: Այսօր մենք համարձակորեն կարող ենք ասել, որ մենք շատ ավելի մոտ ենք նպատակին, քան երբևէ: Մենք պարտավոր ենք ստեղծել արժանավայել կենսապայմաններ վրաց հասարակության համար, յուրաքանչյուր քաղաքացու համար, հոգ տանել նրանց բարեկեցության համար: Ես համոզված եմ, որ մենք կկառուցենք պետություն, որը հավասարապես գրավիչ կլինի վրացու, աբխազեցու, օսի, Վրաստանում ապրող բոլոր ազգերի և էթնիկ խմբերի համար: Ես համոզված եմ, Վրաստանը կվերամիովորվի և աբխազ ու օս եղբայրների հետ միասին կապրի մեկ, ուժեղ վրացական պետությունում, որն իր արժանի տեղը կզբաղեցնի զարգացած, ժողովրդավարական պետությունների շարքում», -Վրաստանի քաղաքացիներին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ` հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման շնորհավորում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն Վրաստանի Անկախության օրվա առթիվ: «Մեր երկրները կապված են ամուր, ակտիվ և ռազմավարական համագործակցությամբ: Ամերկայի Միացյալ Նահանգները հպարտանում է, որ անցյալ տարի աջակցել է Վրաստանին, երբ ձեր երկրում տեղական ընտրություններ էին, ստորագրվել էր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր, և Վրաստանը ստացավ ՆԱՏՕ-ից նշանակալի փաթեթ: Մենք այսօր էլ կայուն աջակցություն ենք ցուցաբերում Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը, ինչը շատ կարևոր է եվրոատլանտյան ինտեգրացիայի և նոր առևտրային ու ներդրումային հնարավորությունների ապահովման համար: Իրադարձությունների լիակատար մարտահրավերների ֆոնի վրա տարածաշրջանում մենք աջակցում ենք տարածաշրջանային ամբողջականությանը և Վրաստանի ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված իր սահմանների շրջանակներում», -ասված է ԱՄՆ-ի նախագահի նամակում:
Վրաստանի Խորհրդարանի ֆինանսաբյուջետային կոմիտետը և արդյունաբերական տնտեսության հարցերով կոմիտետն անբավարար է գնահատել 2014թ. Ազգային բանկի հաշվետվությունը: Նման որոշում է հրապարակվել երկու կոմիտետների երեկվա համատեղ նիստի ընթացքում, որի ընթացքում 5 ժամ շարունակ հաշվետվությամբ է ներկայացել Վրաստանի Ազգային Բանկի նախագահ Գիորգի Քադագիձեն: Խորհրդարանականների հարցերը հիմնականում վերաբերում էին ոչ թե հենց փատաթղթին, այլ լարիի արժեզրկմանը: Կոմիտետների գնահատմամբ` Ազգային Բանկը չի իրականացրել իր գործառույթը և չի կարողացել ապահովել գների կայունությունը և արժույթի կուրսը:
«Անկախության օրը շատ կարևոր օր է մեր և մեր երկրի համար: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Վրաստանը դառնա քաղաքականապես և տնտեսապես անկախ պետություն», -հայտարարել է երկրի Ֆինանսների նախարարը:
«Շնորհավորում եմ Անկախության օրվա և այն ամենի առթիվ, ինչը կապված է այդ բառի հետ: Անկախ Վրաստանում անկախ և ազատ քաղաքացիների մեջ պետք է երջանկություն ծնվի, որին մենք բոլորս արժանի ենք: Որպեսզի մեր երկիրը ստանար անկախություն, շատ սերունդներ են արյուն թափել: Նրանք երազում էին այն մասին, ինչ այսօր ունենք մենք: Այդ պատճառով մենք պետք է գնահատենք այն, ինչ ունենք: Պետք է փայփայենք այն, ինչ ունենք այսօր և վերադարձնենք այն, ինչ կորցրել ենք: Մենք արժանի ենք դրան», -հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը:
Անկախության օրվա առթիվ Վրաստանի Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է վրացական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի կողմից ստեղծված ռազմական տեխնիկայի մի շարք նորարարություններ: Ընդհանուր առմամբ Թբիլիսիի կենտրոնական մայրուղու վրա ցուցադրվել է ռազմական տեխնիկայի 15 նորույթի օրինակ, որոնց շարքում կային բազմագործառույթ անօդաչու ուղղաթիռը, բժշկական-էվակուցիոն մեքենան, զրահապատ «Դիդգորին», ինչպես նաև ներկայացվել է «Դիդգորի»-ի ՀՄՄ-ի նոր տարբերակը` որը ստեղծված է հատուկ անապատային պայմանների համար: Ներկայացվել է նաև հրազենային զենք, այդ թվում նաև 120 մմ. նռնականետ` նախատեսված ինքնագնաց հարթակների համար: Մինչդեռ հարկ է նշել, որ ներկայացված ռազմական տխնիկայի մեծ մասը դեռևս չի անցել ամբողջական վերստուգում և չի զինավորվել վրացական բանակում: «Ներկայացված տեխնիկան բազմամյա աշխատանքի արդյունք է: Դրանք շատ լավ մտահղացումներ են: Ես հուսով եմ, որ գործարանային ստուգումներից և ռազմական փորձություններից հետո Վրաստանի զինված ուժերը կարող են ներկայացված տեխնիկան վերցնել որպես զինավորում», -հայտարարել է Վրաստանի Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետը:
ԱՄՆ-ի Զինված ուժերի զինծառայողները մասնակցել են Վրաստանի Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնակատարություններին: «Որպեսզի հերթական անգամ ընդգծենք ԱՄՆ-ի և Վրաստանի միջև նեղ համագործակցությունը, ԱՄՆ-ի զինծառայողները մասնակցել են Թբիլիսիի կենտրոնական հրապարակում վրացի զինծառայողների երդման արարողությանը: Երեկ ավարտվեցին վրաց-ամերիկյան համատեղ ռազմական զորավարժությունները, ինչը ևս մեր համագործակցության հաստատումն է: ԱՄՆ-ը շնորհակալություն է հայտնում Վրաստանին այն զոհաբերության համար, որն այս երկիրը ներդնում է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցում», -ասված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության հատուկ դիմումի մեջ:
Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը և Թուրքիայում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Ջոն Բասը շնորհավորել են Վրաստանի Անկախության օրվա առթիվ: «Ես անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ Վրաստանն իր անկախությունը կնշի իր ամբողջ տարածաշրջանի վրա: Այդ թվում նաև Սուխումիում, Ցխինվալիում, Ախալգորիի շրջանում», -հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը:
http://armenian-community.ge/News/1110