Հայ գյուտարարների գյուտերի անտեսմամբ` Հայաստանի տնտեսական բնականոն զարգացումը խաթարվում է. «Գյուտարարների ակումբ» (տեսագրություն)


Հայ գյուտարարների գյուտերի անտեսմամբ` Հայաստանի տնտեսական բնականոն զարգացումը խաթարվում է. «Գյուտարարների ակումբ» (տեսագրություն)

  • 30-05-2015 18:10:26   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
«ՀՀ կառավարությունն անտեսում  է հայ գյուտարարների գյուտերը և նրանց առաջարկությունները»,- այս մասին ասվեց «Գյուտարարների ակումբի» մայիսի 30-ին կայացած հերթական քննարկման ընթացքում, որին մասնակցում էին մոտ երկու տասնյակ հայ գյուտարարներ: Նրանք միակարծիք էին այն հարցում, որ իրենց գյուտերի անտեսմամբ` խաթարվում է Հայաստանի տնտեսկան բնականոն զարգացումը: «Այսօրվա կառավարությունից որևէ ակնկալիք չպետք է ունենալ, քանի որ այնտեղ նստածներին ոչ մեր գյուտերն են հետաքրքում, ոչ էլ առկա խնդիրները»,- նշեց «Գյուտարաների ակումբի» անդամ, գյուտարար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը: 
Միևնույն ժամանակ, ինչպես նշեց Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյյան Տապան» հիմնադրամի տնօրեն Տիգրան Հարությունյանի համոզմամբ,  Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը  բարելավելու հիմնական ուղին կարող է լինել  գիտահենք տնտեսության իրական զարգացումը եւ ոչ թե խոսակցություներն այդ մասին: Նշվեց, որ «Գյուտարարների ակումբի» ստեղծմամբ` հիմնադրամը փորձել է իր շուրջը միավորել հայ գիտնականներին և գյուտարարներին, նպատակ ունենալով օժանդակել նրանց նորարարական մշակումները, գյուտերն ու գաղափարները հանրությանը ներկայացնելու, ինչպես նաեւ դրանցից ամենահեռանկարայինները կյանքի կոչելու հարցում: 
Գյուտարաների ակումբի անդամները քննարկեցին իրենց հուզող հարցերը, որոնց թվում եր նաեւ   գյուտերի պատենտավորման հարցը:  Բազմաթիվ գյուտերի հեղինակ Լեոնիդ Պետրոսյանի կարծիքով` Հայաստանում պետք է կրճատվի պատենտի տրամադրման համար պահանջվող մեկ տարի ժամանակահատվածը: Գյուտարարներից ոմանք նշեցին, որ ունեն տասնյակ գյուտերի հայկական պատենտներ, ինչը, նրանց պնդմամբ, հավասարազոր է չլինելուն, քանի որ հայկական պատենտն արտերկրում չունի իրավական ուժ: 
Հայ գյուտարարների քննարկմանն առանձին զեկույցով հանդես եկավ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար, «Գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտի» փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների  թեկնածու Ստեփան Խոյեցյանը, ով ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության առջև ծառացած առաջնային խնդիրների լուծման իր տարբերակները:
Նա մասնավորապես առանձնացրեց սակավաջրության հետևանքով անպատացման շեմին հայտնված արոտավայրերի խնդիրը: Ս. Խոյեցյանի պնդմամբ` որակյալ և առատ խոտով հարուստ արոտավայրերը գլխավոր նախապայմանն  է հանրապետությունում կաթի քանակի ավելացման, որակի բարձրացման և ինքնարժեքի իջեցման համար:
Որպես լուծում ` Ս. Խոյեցյանը ներկայացրեց «Գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտում» առկա մեքենայի հնարավորությունները. «Այս մեքենան կարող է անձրևաձնհալ ջրերը պահեստավորել արոտներում, առանց խոտածածկույթի վնասման փխրեցնել արմատային հողազանգվածը, պարարտացնել, անգամ ենթացանքս կատարել»,- նշեց նա :
Երկրորդ կարևորագույն խնդիրը ըստ Ս. Խոյեցյանի` թռչնաղբից և գոմաղբից օրգանական պարարտանյութի ստացումն ու օգտագործումն է. «Աարարատյան դաշտավայրում և նախալեռնային շրջաններում օգտագործում են հում` ճիճուներով ու մոլախոտերով հարուստ թռչնաղբ և գոմաղբ, հետո էլ զարմանում, որ ստացված բանջարանաբոստանային մթերքներն անորակ են»: Ս. Խոյեցյանն առաջարկեց թռչնաֆաբրիկաներում տեղադրել իրենց կողմից ստեղծված գրանուլյատոր մեքենան, որը կարող է վայրկյանների ընթացքում բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ հում թռչնաղբն ու գոմաղբը վերամշակել ու ստանալ օրգանական պարարտանյութ:  Ըստ նրա` այս եղանակով կարելի է ստանալ տեղի պահանջարկին համապատասխանող քանակությամբ պարարտանյութ:
Բանախոսն անդրադարձավ նաև անասնապահական շենքերի խնդրին` անհրաժեշտ համարելով նախկին անասնագոմերից մնացած շենքերի համապատասխան ձևափոխումը:
Ս. Խոյեցյանը տեղեկացրեց, որ վերհոնշյալ առաջարկությունները գրավոր տարբերակով բազմիցս ուղարկել է ՀՀ կառավարություն, սակայն ոչ մի անգամ որևէ պատասխան չի ստացել:
Պրոֆեսոր Վահան Համազասպյանն առաջարկեց Ս. Խոյեցյանին դիմել ոչ թե կառավարությանը, այլ աշխատել ուրիշ գյուտարարների կամ մասնավոր սեկտորի հետ: Նա իր հերթին պատմեց մի տեխնոլոգիայի մասին, որի կրառությունը թույլ կտա փոխել թթի բաղադրությունը և ստանալ արևային քաղցրավենիք նախատեսված շաքարային դիաբետով հիվանդերի համար:
Կարևոլով նման հանդիպումների «Գյուտարարների ակումբի» ստեղծումը  Վ. Համազասպյանը համոզմունք հայտնեց, որ «Հայաստանի գյուտարարները ներկայումս կարիք ունեն միմյանց հետ հանդիպելու ու տարբեր գաղափարներ քննարկելու»:
 
Քննարկման լուսանկարններն այստեղ
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ