Հունիսմեկյան ուրախ միջոցառումներ անցկացվեցին Հանրապետական էնդոկրինոլոգիական մանկական դիսպանսերում (տեսանյութ և ֆոտոշարք)


Հունիսմեկյան ուրախ միջոցառումներ անցկացվեցին Հանրապետական էնդոկրինոլոգիական մանկական դիսպանսերում (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 02-06-2015 18:14:50   | Հայաստան  |  Բարեգործություն



Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մանկական շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար «Երազ» բարեգործական հիմնադրամը Հանրապետական էնդոկրինոլոգիական մանկական դիսպանսերի հետ համատեղ անցկացրեց հունիսմեկյան տոնական միջոցառումներ: 
 
Հիվանդանոցի բակում փոքրիկների մասնակցությամբ կազմակերպվեց կավճանկարչություն, ապա մուլտհերոսների և զվարճալի ծաղրածուների հետ փոքրիկները երգեցին, պարեցին և ասմունքեցին: 
Հանրապետական մանկական դիսպանսերի ղեկավար Ելենա Աղաջանովայի խոսքով` նմանատիպ միջոցառումներ երեխաների համար կազմակերպվում են ինչպես հունիսի մեկին, այնպես էլ այլ օրերի. «Այսպիսի միջոցառումները թույլ են տալիս երեխաներին միմյանց հետ շփվել, ուրախանալ և իրենց լիարժեք զգալ»,- ասաց նա:
Ե. Աղաջանյանի կարծիքով` Հայաստանում երեխաներն իսկապես պաշտպանված են, սակայն այդուհանդերձ,  ըստ նրա, դեռևս կան չլուծված խնդիրներ:
Որպես առաջնային խնդիր` ՀՀ գլխավոր մանկական էնդոկրինոլոգն առանձնացրեց ամեն օր երեխաների արյան մեջ շաքարի չափման համար պահանջվող ստրիպերի,  նաև ներարկիչների գնային անմատչելիությունը:
Ե. Աղաջանովան նշեց, որ այս հարցերում դիսպանսերին իր աջակցությունն է ցուցաբերում «Երազ» բարեգործական հիմնադրամը, սակայն տրամադրվող օգնությունը հարյուր տոկոսով չի լուծում խնդիրները:
Մանկական շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին աջակցելու և նրանց խնդիրները ինչ որ չափով լուծելու նպատակով ստեղծված «Երազ» բարեգործական հիմնադրամը իր շահառու երեխաներից 16-ին հանձնեց «Մեգա Թոյս» ընկերության կողմից տրամադրված անակնկալ նվերներ: Ինչպես «Նոյյան Տապանի« թղթակցի հետ զրույցում նշեց «Երազ»-ի տնօրեն Կարինե Մխիթարյանը, իրենց հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է նմանատիպ միջոցառումներ երեխաների համար. «Այս 16 երեխաների ընտրությունը պայմանավորված էր նախ նրանց տարիքով (4-8 տարեկան), որովհետև ճամբարային և սրճարանային միջոցառումներին մասնակցում են ավելի ինքնուրույն երեխաները, ապա ընտանիքի սոցիալական վիաճակով»:
Կ. Մխիթարյանի տեղեկացմամբ` «Երազ»-ին աջակցում է նաև Sweet and Light ընկերությունը, որը անվճար մանկական քաղրավենիք է տրամադրում հիմնադրամի շահառու երեխաներին:
Միջոցառման լուսանկարներն այստեղ
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն