Լոռու մարզում իրականացվել է «Բարև՛, մանկություն» խորագրով ծրագիրը


 

Լոռու մարզում իրականացվել է «Բարև՛, մանկություն» խորագրով ծրագիրը

  • 03-06-2015 13:17:32   |   |  ՆՈՐՄԱԼ ՉԷ
 
Թումանյան քաղաքը գունեղ ու մանկաշատ էր: Հարյուրավոր փոքրիկներ և մեծահասակներ էին եկել՝ տոնելու Երեխաների պաշտպանության օրը: 
 
Հունիսի 2-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կազմակերպած տոնախմբությանը, որ կրում էր «Բարև՛, մանկություն» խորագիրը, մասնակցում էին Թումանյանի, Վանաձորի, Դսեղի, Մարցի, Քարինջի, Դեբետի և Ձորագյուղի երեխաները: 
 
Հիմնադրամի խմբակների մանկական ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, 5,000 տարվա պատմություն ունեցող ազգային տարազների տաղավար, աճպարարներ, ծաղրածուներ, օճառե ծիածանագույն պղպջակներ, երգ ու պար, ասմունք ու շախմատ. օրը բազմազան էր, տրամադրությունը՝ տոնական: 
 
«Մեզ այսօր այստեղ հավաքեց մանկության տոնը: Մեզ համար շատ կարևոր էր, որ հնարավորինս երեխաներ Լոռու մարզից գային, ուրախանային, և միևնույն ժամանակ տեսնեին իրենց կողքին իրենց նման շատ երեխաներ կան՝ նույնքան տաղանդավոր, խելացի և պայծառ: Սա մեզ նաև նոր վտահություն ներշնչեց, որ ոչ միայն երեխաներն են ուզում ներգրավվել, այլև համայնքների ներկայացուցիչներն են պատրաստակամ իրենց փոքրիկներին հնարավորություն տալ նոր միջավայրում հայտնվելու»,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրեն Անուշ Եդիգարյանը: 
 
Հայաստանի մանուկներ հիմնադրամն աշխատում է Արմավիրում, Արագածոտնում, հիմա արդեն նաև Լոռու մարզի մի շարք համայնքներում ևս և միտում ունի մեծացնելու այդ համայնքների քանակը: 
 
Միջոցառումն առանձնահատուկ էր շախմատի բլից մրցաշարով, որն անցկացնում էր տոնակատարության հատուկ հյուրը՝ օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Ու թեև չեմպիոնն անվերջ նշաձողեր էր սահմանում երեխաների համար, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսի խաղը ոգևորել էր գրոսմայստերին: 
 
«Հուսամ, որ այսօրվա երեխաների միջից դուրս կգան ապագա չեմպիոններ. ամեն դեպքում՝ նախադրյալներ կան, ու բավականին հետաքրքիր երեխաներ կային: Հույս ունեմ, որ չեմպիոնների հաջորդ սերունդը հենց այս երեխաների միջից է լինելու: Շա՛տ պարապեք, մի՛ ընկճվեք և հավատացե՜ք վաղվա օրվան»,- ոգևորեց Տիգրան Պետրոսյանը: 
 
Նա լավագույն մասնակիցներին հանձնեց իր մակագրությամբ գրքեր, որոնք մանուկներին էր նվիրել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքույկներ ստացան նաև հանդիսության ամենաակտիվ մանուկները: 
 
Երեխաների ոգևորությունն ու տրամադրությունը վարակիչ էին և ներշնչում էին նման տոնակատարությունը դարձնելու ավանդական. «Շատ շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին և խնդրում, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կրեն»,- ասաց Մարգարիտա Շահվերդյանը: Իսկ մի խումբ թումանյանցներ հատուկ երախտագիտություն հայտնեցին երաժշտական համույթներին, որ իրենց ելույթներով հիացրին քաղաքին՝ մեծից փոքր: 
 
Տոնական ծրագիրը եզրափակվեց Հայաստանի և Լոռու մարզի ամենահայտնի ռոք խմբերից մեկի՝ «Որդան կարմիրի» համերգային ծրագրով. ազգային, հայրենասիրական երգերի ռոքային կատարումները նոր ոգևորություն բերեցին բոլոր մասնակիցներին: 
 
«Անհնար էր այս հրավերը չընդունել և չնվագել երեխաների տոնի կապակցությամբ: Հաճույքով ենք եկել: Ուզում ենք մենք էլ մեր ներդրումն ունենալ էս էրեխեքին, էս երիտասարդությանը ուրախացնելու գործում»,- ասաց «Որդան կարմիր» ռոք խմբի մենակատար Վահան Պողոսյանը: 
 
Իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից բոլոր երեխաներին մատուցվող տոնը շարունակվելու է նաև այսօր՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ արդեն Արմավիրի և Արագածոտնի երեխաների մասնակցությամբ:
 
Լուսանկարները
https://drive.google.com/folderview?id=0B26s3hyoVxatfkFtLVBtRWZWa2F3RWJiYVYzdlVJZTdQZ29jamkzVEkzTVNyYnJZVld6S1k&usp=sharing 
 
 
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   ՆՈՐՄԱԼ ՉԷ