Կաթնամթերքի մեջ հայտնաբերվել են վտանգավոր նյութեր


Կաթնամթերքի մեջ հայտնաբերվել են վտանգավոր նյութեր

  • 03-06-2015 14:16:40   | Հայաստան  |  Տնտեսություն
 
Մի քանի օր է հայաստանյան համացանցում տագնապալի տեղեկություններ են կաթնամթերքի արտադրության Մարիլա ընկերության մածունի եւ կաթի մեջ առողջության համար վտանգավոր բաղադրության մասին: Օրինակ, օգտատեր Գոռ Գեւորգյանը գրում է, որ իր բարեկամուհու ընտանիքի անդամները այդ կաթնամթերքի օգտագործումից հետո ունեցել են առողջության հետ կապված խնդիրներ: Երբ օգտագործվող կաթնամթերքը տարել են փորձաքննության, պարզվել է, որ դրանցում պարունակվում են աղեստամոքսային տրակտի խանգարում առաջացնող նյութեր:

 

Մարիլլա կաթնամթերքի ընկերությունը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:

 

Խոսքը վերաբերում է մարդկանց, այն էլ կաթնամթերք հաճախ օգտագործող մանուկների առողջությանը: Այն, ինչ մեծահասակների մոտ կարող է ավարտվել թեթեւ խնդիրներով, մանուկների մոտ կարող է առաջ բերել առողջական լուրջ խնդիրներ ու հետեւանքներ:

 

Իսկ դա նշանակում է, որ մանուկների առողջության յուրաքանչյուր ամենաթեթեւ սպառնալիքն անգամ պետք է դառնա պետական վերահսկող կառույցների խստագույն ուշադրության առարկա: Առայժմ սակայն համացանցի օգտատերերի ահազանգերին կարծեք թե բավարար եւ համարժեք արձագանք չի եղել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

 

Սննդամթերքի անվտանգության խնդիրը մնում է բաց, ինչպես օրինակ մի քանի ամիս առաջ մի շարք մանկապարտեզներ մատակարարված հին, ժամկետանց եւ քիմիական անթույլատրելի մշակում անցած հավերի դեպքում: Այդ մատակարարումը բացահայտվել էր պատահականորեն, վկայելով, որ Հայաստանում սննդի անվտանգությանը հետեւող համակարգը մեղմ ասած թերի է աշխատում:

 

Ի դեպ, օրերս էլ այդ հանցավոր մատակարարման համար մեղադրվող երիտասադրը տուգանվեց 500 հազար դրամով: Այսինքն, երեխաների առողջությանը սպառնալու համար նա ընդամենը 500 հազար դրամ տուգանքի է ենթարկվել: Այնպես որ, տեսնելով այս նախադեպը, սննդամթերքի արտադրությամբ զբաղվողներն անկասկած կոգեւորվեն:

 

Օրինակ, ինչ է 500 հազար դրամը մարդու համար, որը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի ամենահարուստ ձեռնարկություններից մեկը: Իհարկե անմեղության կանխավարկածը չենք կարող խախտել, եւ համացանցում օգտատերերի բարձրացրած անհանգստության կապակցությամբ եզրակացություններ անելու համար անպայմանորեն անհրաժեշտ է համապատասխան փորձագիտական եւ վերահսկողական կառույցների եզրակացությունն ու գնահատականը:

 

Սննդի անվտանգության ապահովումը նախ եւ առաջ ենթադրում է խստագույն եւ անբեկանելի պետական վերահսկողություն, պատասխանատվության հստակ եւ խիստ մեխանիզմ: Միայն այդ դեպքում արտադրող եւ մատակարարող սուբյեկտները կլինեն աչալուրջ, եւ եթե անգամ մարդկային առողջությունը բարձր չգնահատեն, գոնե սեփական ֆինանսական միջոցները կամ ազատությունը բարձր գնահատելով մանրազնին կհետեւեն իրենց արտադրությանը:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն