Վրաստանի Արդարադատության նախարարը ուկրաինացի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկրում նոր իշխանությունների` կառավարության գլուխ անցնելուց հետո (2012թ.) Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը արմատապես փոխվել է: «Վրաստանում մարդու իրավունքները չեն խախտվում: Այն բանից հետո, երբ մեր թիմը եկավ իշխանության գլուխ, Վրաստանի դեմ Մարդու իրավունքների հարցերով զբաղվող Ստրասբուրգի դատարանին ոչ մի հայտ չի ներկայացվել», -հայտարարել է Թեա Ծուլուկիանին` հավելելով, որ իրավիճակը հատկապես փոխվել է հարկադիր կատարման համակարգում, և դատարանները դարձել են ամբողջությամբ անկախ: Ի միջի այլոց, հարկ է նշել, որ Մարդու իրավունքների հարցերով Ստրասբուրգյան դատարանի տվյալների համաձայն` 2013թ. Վրաստանի դեմ ներկայացվել է 157 հայտ, իսկ 2014թ.` 102:
Հունիսի 3-ին Վրաստանի վարչապետը Թբիլիսիում անցկացվող «բաց կառավարման եվրոպական համագործակցություն» անվամբ համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել: «Ինստիտուցիոնալ ժողովրդավարության հաստատման համար բավարար չէ ընդամենը անցկացնել ինստիտուցիոնալ փոփոխություններ: Պետք է նաև հենց պետական մարմիններում փոխել մշակույթը: Մենք փոփոխում ենք և անընդհատ կատարելագործում ենք մեր մարմինների ղեկավարման ձևը: Բաց կառավարման սկզբունքը մեր Կառավարության այցեքարտն է: Նրա անբաժանելի մասը: Մենք կարող ենք հպարտանալ մեր ձեռքբերումներով», -հայտնել է Վրաստանի վարչապետը:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Զաքարիա Կուծնաշվիլին ներկայացել է օրենսդրական նախաձեռնությամբ: «Կուսակցությունների համար անցումային սահմանակետը պետք է իջեցվի 5-ից 4%-ը: Այդ կերպ շատ ավելի քաղաքական կուսակցություններ կկարողանան մտնել երկրի խորհրդարան: Ինչ վերաբերում է մեծամասնական պատգամավորներին, անցումային սահմանը նրանց համար պետք է բարձրացվի մինչ 50%: Միայն այդպես հասկանալի կլինի, թե որ մեծամասնական պատգամավորն է օգտվում բնակչության իրական աջակցությունից: Եթե Խորհրդարանը մեծամասնականների համար անցումային սահմանակետը որոշի բարձրացնել մինչ 50%, ապա Վրաստանը կհավասարվի համաեվրոպական չափանիշներին», -հունիսի 3-ին հայտնել է Կուծնաշվիլին: Խորհրդարանական մեծամասնության պատգամավորի տվյալ առաջարկը Վրաստանի Խորհրդարանը կքննարկի մինչ անցնող շաբաթվա ավարտը:
Վրաստանի Ազգային վիճակագրական գործակալությունը հրապարակել է տնտեսական տվյալներ 2015թ. մայիս ամսվա վերաբերյալ: «Անցյալ ամիսների համեմատությամբ Վրաստանում մայիսին ինֆլյացիան կազմել է 0.6%: Երթուղային ծառայությունների գները ընդհանուր առմամբ աճել են 3%: Վառելիքի գինն աճել է 5,8%: Բժշկական ծառայությունների գները բարձրացել են 1.3%: Դեղորայքի գները բարձրացել են 3.9%: Սննդամթերքի գները միջին հաշվով իջել են 0.6%, մինչդեռ կարագի և յուղի գինն աճել է 2.2%, իսկ մրգերի և բանջարեղենի գները` 2%:
«Լարիի արժեզրկումը տարածաշրջանում կատարվող իրադարձությունների արդյունք է: Չի´ կարելի քաղաքականացնել այդ թեման: Տարածաշրջանում կորել է ավելի քան տրիլիոն դոլար, և լարին չէր կարող պահել այն ցուցանիշներն, ինչ ուներ առաջ: Դա ֆիզիկապես անհնար է: Դոլարի համեմատութամբ արժեզրկվել է թուրքական լիրան, ռուբլին, գրիվնան, ադրբեջանական մանաթը, եվրոն… Այն, ինչ կատարվում է լարիի հետ, դոլարի հզորացման արդյունք է, ոչ թե լարիի արժեզրկման», -հայտնել է «Վրաստանի Բանկի» նախագահ Իրակլի Գիլաուրին: Վրաստանի Ազգային Բանկը լարիի փոխարժեքային կուրս է սահմանել հունիս 4-ի համար` 1 դոլարն արժե 2.3013 լարի:
Հունիսի 3-ին Վրաստանի ՆԳՆ-ն Վրաստանի քաղաքացին Մարտին Բ.-ի մոտ հայտնաբերել է 3 տոննա 200 կիլոգրամ առողջության համար վնասական կեղծ օրգանական աղ: Երկու տարվա ընթացքում այդ աղը իրացվել է Ախալքալաքում և Նինոծմինդայում: Մարտին Բ.-ն առողջության համար վտանգավոր աղը արտադրել է տնային պայմաններում: «Հետաքննությունը պարզել է, որ Մարտին Բ.-ն իր բակի ցեխում երկու տարվա ընթացքում տնային պայմաններում պատրաստել է առողջության համար վտանգավոր կեղծ օրգանական աղ, որն իրացրել է Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններում», -ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարությունում: Դեռևս հայտնի չէ տուժե՞լ է արդյոք տվյալ արտադրանքից օգտվողներից որևէ մեկը:
http://armenian-community.ge/News/1128