Ի՞նչ է նշանակում Ռուսաստանի համար Ասիայի երկու առաջատար տնտեսությունների մերձեցումը


Ի՞նչ է նշանակում Ռուսաստանի համար Ասիայի երկու առաջատար տնտեսությունների մերձեցումը

  • 10-06-2015 12:47:23   | Ռուսաստան  |  Վերլուծություն

Մայիսի 14-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մեկնեց Չինաստան՝ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների։ Եռօրյա այցի ընթացքում Մոդին մտադիր է բեկում մտցնել Չինաստանի հետ հարաբերություններում, ինչին առայսօր խանգարում էին փոխադարձ տարածքային պահանջները։ Եվ դատելով անուղղակի նշաններից՝ այցը կարող է արմատապես փոխել իրավիճակը Դելիի և Պեկինի հարաբերություններում։

Դատեք ինքներդ։ Չինաստանում գտնվելու ծրագիրն այնպես է կազմված, որպեսզի Մոդին ընդունվի ամենաբարձր մակարդակով։ Գագաթաժողովը տեղի է ունենալու Սիանում՝ Սի Ցզինպինի հայրենի քաղաքում, ինչը կարելի է գնահատել որպես անկեղծության նշան։ Հետո Հնդկաստանի վարչապետը կուղևորվի Պեկին՝ հանդիպելու ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանի հետ։ Իսկ այցը կավարտվի Շանհայում, որտեղ հնդկական պատվիրակությունը բանակցություններ կվարի չինական գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

«Ես վաղուց անհամբերությամբ սպասում էի Չինաստան գալուն։ 21-րդ դարը պատկանում է Ասիային։ Հույս ունեմ, որ իմ այցելությունը ոչ միայն կամրապնդի չին-հնդկական բարեկամությունը, այլև նոր խթան կհանդիսանա Ասիայի զարգացող երկրների և ողջ աշխարհի հարաբերություններում»,- ասել է Մոդին շրջագայության նախօրեին։

Ռուսաստանի համար Հնդկաստանի և Չինաստանի մերձեցումը նույնպես գերկարևոր հարց է։ Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան ռազմավարական եռանկյունու վաղեմի գաղափարը մինչև վերջին ժամանակներս այնքան էլ կենսունակ չէր թվում. չին-հնդկական հակասություններն անլուծելի էին թվում։ Գլխավոր խոչընդոտը Եվրասիայում տնտեսական ինտեգրման ճանապարհին այժմ, հավանաբար, արդեն գոյություն չունի։ Նշանակում է՝ Մոսկվայի առջև Արևելքում նոր հեռանկարներ են բացվում։

Հատկանշական է, որ ՉԺՀ կատարելիք այցից մեկ օր առաջ տեղի էր ունեցել Հնդկաստանի վարչապետի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Մոդին հաստատել է իր մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) և ՇՀԿ-ի՝ հուլիսին Ուֆայում կայանալիք գագաթաժողովին, ինչպես նաև Ռուսաստանի առաջնորդի հետ քննարկել է ռուս-հնդկական արտոնյալ ռազմավարական գործընկերության ընդլայնման հարցերը։ Իսկ դրանից հաշված օրեր առաջ Պուտինը Մոսկվայում ընդունել էր ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին. գագաթաժողովի արդյունքներով ստորագրվել է ավելի քան 30 համաձայնագիր։

Մի խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում արմատապես փոխվում է։ Ի՞նչ է նշանակում Ռուսաստանի համար Ասիայի երկու առաջատար տնտեսությունների մերձեցումը։

- Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան եռանկյունու գաղափարն առաջ է քաշել Եվգենի Պրիմակովը 1990-ականների վերջին,- հիշեցնում է Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի Չինաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Ազգային հետազոտական համալսարանի արևելագիտության բաժնի վարիչ Ալեքսեյ Մասլովը։- Բայց այն ժամանակ համարվում էր, թե Ռուսաստանը «եռանկյունում» առաջատար դեր է խաղալու։ Հիմա ակնհայտ է, որ առաջատար դեր խաղում է Չինաստանը, և դա փոխում է ընդհանուր իրավիճակը։

Հարկավոր է հասկանալ. «եռանկյունու» ամրապնդումը տեղի է ունենում չինական «Մեծ մետաքսի ճանապարհ» նոր հայեցակարգի հովանու ներքո։ Այլ խոսքով՝ ՉԺՀ-ն միավորում է երկրները փոխադարձ, առաջին հերթին՝ տնտեսական շահի հիման վրա։

«Свободная Пресса».- Ի՞նչ կոնկրետ նախագծեր կարող էին միավորել Հնդկաստանը, Չինաստանն ու Ռուսաստանը։

- Դա, առաջին հերթին, անցումն է միասնական արժույթով հաշվարկներին։ Հասկանալի է, որ այդ արժույթը վաղը չի ծնվելու, լավագույն դեպքում՝ 5-6 տարի հետո, բայց դա շատ գրավիչ նախագիծ է։ Բացի այդ, մեր երեք երկրները կարող են մտցնել իրենց նախընտրությունները փոխադարձ առևտրում և համատեղ ձեռնարկություններ ստեղծելիս։ Մենք կարող ենք զարգացնել ավիացիոն և երկաթուղային փոխադրումների ընդհանուր ցանց։

Ըստ էության, այսօր Չինաստանը ձևավորում է նոր քաղաքական իրականություն, հենց Պեկինն է հանդիսանում այդ իրականության մոդերատորը։ Բայց այդ ճանապարհին շատ բան կախված է այն բանից, թե ինչպես Չինաստանը կկարողանա կարգավորել հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Դա հեշտ չէ՝ նկատի ունենալով կողմերի տարածքային պահանջները և դրանով պայմանավորված որոշ փոխադարձ մերժողականությունը, որը դրսևորվել է հնդկա-չինական նախկին բանակցությունների ընթացքում։

«Свободная Пресса».- Դուք կարծում եք, որ դա Պեկինին կհաջողվի՞։

- Կարծում եմ՝ Մոդիի այցի ընթացքում էլ հենց կկնքվի համաձայնագիրը, որը կսառեցնի տարածքային վեճերը։ Կարծում եմ՝ Չինաստանը նաև ընդառաջող տնտեսական քայլեր կանի՝ Հնդկաստանին վարկեր կտրամադրի արդյունաբերության զարգացման համար։

Պետք է ասել, որ Հնդկաստանն այսօր Չինաստանի բնական մրցակիցն է արտադրանքի ինքնարժեքի գծով։ Հնարավոր է՝ ՉԺՀ-ն հնդկական տարածք կտեղափոխի իր ձեռնարկությունների մի մասը։ Դրան գումարած՝ առաջիկայում չինական ներդրումներով Հնդկաստանի հյուսիսում կսկսվի ճանապարհաշինարարություն՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոճանապարհային։

Ըստ էության, «Մեծ մետաքսի ճանապարհի» հայեցակարգի շրջանակներում Պեկինը հույս ունի ստանալ հսկայական տարածքի վերահսկողությունը՝ Հարավարևելյան Ասիայից մինչև Անդրկովկաս։ Նշեմ, որ այդ հայեցակարգը ենթադրում է տնտեսական ինտեգրացիա, ֆինանսական և քաղաքական փոխգործակցություն, ընդհանուր լոգիստիկա և ենթակառուցվածք։

Առայժմ այդ հայեցակարգն ընդգրկում է Չինաստանի ներքին հատվածը, գումարած մերձակա երկրները՝ Կենտրոնաասիական հանրապետությունները և Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներ։ Ռուսաստանն առայժմ չի միացել հայեցակարգին, բայց հայտարարել է, որ պատրաստ է փոխգործակցել երկու միությունների՝ «Մետաքսի ճանապարհի» և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։

«Свободная Пресса».- Կարելի՞ է արդյոք ասել, թե նման պայմաններում Ռուսաստանին հատկապես շահավետ է շրջադարձը դեպի Արևելք։

- Այսօր Ռուսաստանը խոշոր երկիր է, որը սատարում է Չինաստանի «ընդլայնման» քաղաքականությանը։ Մի կողմից՝ դա ուժեղացնում է մեր քաղաքական և տնտեսական դիրքերը։ Մյուս կողմից՝ ապագայի համար մի շարք ռիսկերի և կոնֆլիկտների հիմքերն է դնում, որոնք կարելի կլինի լուծել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կարողանա հավասար չափով փոխգործակցել և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի հետ...

- Պեկինի և Դելիի միջև տարածքային խնդիրներ կան, որոնք առաջացել են 1962թ. չին-հնդկական սահմանային պատերազմից հետո,- նշում է ՌԳԱ Հեռավոր Արևելքի ինստիտուտի փոխտնօրեն, Չինագետների եվրոպական ասոցիացիայի անդամ Անդրեյ Օստրովսկին։- Արդյունքում՝ Հնդկաստանը հիմա զբաղեցնում է չինական տարածքի մի մասը՝ Արունչալ-Փրադեշի նահանգը, իսկ Չինաստանը՝ հնդկական տարածքի մի մասը Աքսայ Չինի բարձրավանդակում։ Քանի դեռ տարածքային խնդիրները չեն լուծվել, այս երկրների նորմալ հարաբերություններին բավական դժվար կլինի հասնել։

Սակայն նման հարցերը կարելի է լուծել աստիճանաբար, բանակցությունների միջոցով։ Վերցնենք, օրինակ, ռուս-չինական հարաբերությունները։ Երբ 1964թ. Մաո Ցզեդունն առաջին անգամ դրեց 1,5 մլն կմ2-ի ճակատագրի հարցը, որը ցարական Ռուսաստանը խլել էր Չինաստանից, այդ հարցը բավական հեռու էր լուծում ունենալուց։ Բայց արդեն 2004թ.՝ 40 տարի անց, կատարվեց ռուս-չինական սահմանի սահմանագծում։ Սա վկայում է այն մասին, որ բարի կամքի առկայության պարագայում երկրները կարող են լուծել սահմանային հարցերը։ Հենց որ կարգավորվեն տարածքային վեճերը Չինաստանի և Հնդկաստանի միջև, անմիջապես կլուծվեն նաև քաղաքական բոլոր հարցերը։

Պետք է ասել, որ կարգավորման խնդիրը վաղուց արդեն հասունացել է, քանի որ տնտեսական կապերը Հնդկաստանի և Չինաստանի միջև բավական արագ են զարգանում։ Հնդկա-չինական արտաքին առևտրի ծավալն արդեն համադրելի է ռուս-չինական արտաքին առևտրի ծավալի հետ՝ մոտ $100 մլրդ։ Կարևորն այն է, որ Հնդկաստանի և Չինաստանի խնդիրները կարելի կլինի լուծել ոչ միայն ԲՐԻԿՍ ձևաչափով, այլ նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում, որտեղ Ռուսաստանը պատկառելի դերակատարում ունի։

Ինչպես հայտնի է, Դելին ՇՀԿ անդամ երկիր դառնալու հայտ է ներկայացրել։ Եվ միանգամայն հնարավոր է, որ Ուֆայում 2015թ. հուլիսին կայանալիք ՇՀԿ գագաթաժողովում Հնդկաստանի հայտը բավարարվի։

«Свободная Пресса».- Ո՞րն է Հնդկաստանի և Չինաստանի փոխադարձ տնտեսական շահը։

- Երկու երկրների շուկաները։ Դրանք հսկայական են։ Ըստ էության, Չինաստանում արտադրվող գրեթե ամբողջ ավելցուկային արտադրանքը կարող է իրացվել Հնդկաստանի տարածքում, և հակառակը։ Ընդ որում՝ կան ապրանքներ և ծառայություններ, որոնք արտադրվում են միայն Հնդկաստանում կամ միայն Չինաստանում։ Հնդկաստանում դրանք, առաջին հերթին, տեղեկատվական ծառայություններն են՝ ծրագրային ապահովումը։ Իսկ Չինաստանը կարող է Հնդկաստանում կառուցել բարձրարագ երկաթուղային ցանց։

«Свободная Пресса».- Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի տեղն այդ երկու տնտեսություններում։

- Մեր տեղը Չինաստանի տնտեսությունում հստակ երևում է այն 32 համաձայնագրերից, որոնք ստորագրվել են մայիսին ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի Մոսկվա կատարած այցելության ընթացքում։ Ինչպես հետևում է այդ փաստաթղթերից, Չինաստանը ներդրումներ կկատարի ենթակառուցվածքի զարգացման մեր ծրագրերում։ Բացի Մոսկվա-Պեկին բարձրարագ երկաթուղուց, որը պետք է կառուցված լինի 2023թ., կլինեն նաև ենթակառուցվածքային նախագծեր Ասիայի տարածքում՝ Կիզիլ-Կուրագինո երկաթուղի և հեռավորարևելյան ծովային նավահանգիստ։ Գումարած այն, որ Չինաստանը Ռուսաստանին է տրամադրում վարկային գծեր։ Իսկ մենք մեր կողմից Չինաստանին կմատակարարենք գազ արևմտյան երթուղով և Sukhoi Superjet 100 ինքնաթիռներ։

Ռուսաստանի գազով հետաքրքրված են նաև Հնդկաստանում. այն մեծ տարածք ունի, էներգառեսուրսները չեն բավականացնում։ Այո, կան խնդիրներ նաև մատակարարումների կազմակերպման հարցում. օրինակ, տեղանքի բարդ ռելիեֆը։ Բայց, ինչպես ցույց է տալիս Տիբեթ տանող բարձրարագ երկաթուղու շինարարության չինական փորձը, դրանք լրիվ հաղթահարելի դժվարություններ են...

.noravank.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն