Ոսկու շուկաներում կկիրառվի արտոնագրային վճարը


Ոսկու շուկաներում կկիրառվի արտոնագրային վճարը

  • 10-06-2015 13:48:56   | Հայաստան  |  Տնտեսություն





 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է Երևանում գործող ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով, որի չափը սահմանել առավելագույնը 35 հազ. դրամ, մարզկենտրոններում՝ 25 հազ. դր., սահմանամերձ համայնքներում՝ 0 դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տվյալ օրենսդրական փոփոխությունը կարևորել է ոսկեգործությանն օժանդակելու համատեքստում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ եթե խնդիրը դիտարկվեր շրջանառության հարկի տեսանկյունից, ապա ոլորտը կանցներ 5 տոկոս հարկման դաշտ: Ուստի կառավարությունն առաջարկել է ոլորտը զարգացնելու հնարավորություն տալ ոսկու շուկայի մասնակիցներին, իսկ ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները պետք է հարկային ու մաքսային օրենսգրքի նախագիծը քննարկելիս դիտարկեն այս ամբողջ շղթան և միանգամից օրենսդրական լուծում տան: 
Կառավարությունը ՀՀ 2015թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն 5 տարով հետաձգվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրված վարկի մարման ժամկետը, ապահովվել ընկերության 2015թ. ընթացիկ գործունեությունը և «Ցիկլոն 18/18» հիմնական սարքավորման տեղափոխումն ու տեղադրումը, ինչպես նաև մոտ 255 մլն դրամ հատկացվել լրացուցիչ սարքավորումների ձեռք բերման և ծրագրի առաջին փուլի ռադիոիզոտոպների արտադրության ստեղծման համար: Նշվել է, որ մոնտաժային աշխատանքներն առաջիկա հուլիսին կավարտվեն: Կառավարության ղեկավարը կարևոր է համարել այս ծրագիրը և դրա իրականացման ժամկետի պահպանումը: 
ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել է 2015թ. հունիսի 15-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, 0րակարգում ընդգրկված են ՀՀ քաղաքացիական, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ աշխատանքային, ՀՀ ընտանեկան օրենսգրքերում, մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, միջազգային պայմանագրերի վավերացումը:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play