Մանուկների տոնը` «Օրրանում» (տեսանյութեր և ֆոտոշարք)
11-06-2015 18:24:05 | Հայաստան | Բարեգործություն
Այս տարի «Օրրան» բարեգործկան կենտրոնում երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվեց հունիսի 11-ին:
Ըստ «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի` մանուկների օրն ուշացումով նշվում է այն պատճառով, որ «Օրրանի» շահառու երեխաներն ընդգրկված են եղել մայրաքաղաքի հունիսմեկյան տոնական մեծ միջոցառումներում: Նրա խոսքով` «Օրրանի» պատերի ներքո երեխաները պաշտպանված են ոչ թե մեկ օր, այլ մեկ ամբողջ տարի:
Ավանդույթի համաձայն` տոնական միջոցառմանը «Օրրանի» կողքին էին կենտրոնի ընկերները` երաժիշտներ, դերասաններ, հեռուստահաղորդավարներ և այլ մշակութային գործիչներ:
Երեխաների և հյուրերի համար տոնական հյուրասիրություն ապահովեց «Օրրանի» գործընկեր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի խոհարարական կազմը, իսկ «Թամարա» ընկերությունը բոլոր ներկաներին հյուրասիրեց պաղպաղակներ:
Մանուկների օրն անմոռանալի դարձնելու նպատակով երեխաներին զվարճացնելու էին եկել հեքիաթի հերոսներ:
«Օրրանի» շահառու տարեցները ևս անմասն չմնացին տոնական միջոցառումներից. Նրանք իրենց երգ ու պարով շնորհավորեցին մանուկներին իրենց տոնի կապակցությամբ: