Մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները


Մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները

  • 16-06-2015 18:34:48   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Երևան քաղաքի զարգացման 2015 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները:
 
Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված հերթական բակի բացմանը: Հանգստի գոտին ապահովված է ժամանակակից խաղահրապարակներով, մարզական գույքով, զրուցարաններով և նստարաններով, նաև գիշերային լուսավորությամբ: Շնորհակալություն հայտնելով բակերի բարեկարգման ծրագիրը հետևողականորեն կյանքի կոչելու համար` Մամիկոնյանց 1 և 3 շենքերի բնակիչները նկատել են, որ տասնյակ տարիներ անխնամ մնացած տարածքները հետզհետե բարեկարգվում ու համալրում են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Իր հերթին շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս նշել է, որ որպես ծրագրային առաջնահերթություն` բակերի բարեկարգման ծրագիրը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգված: Հրաժեշտից առաջ Երևանի քաղաքապետը բակում մշտադալար եղևնի է տնկել: 
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Կոմիտաս 65 և Օրբելի 33 շենքերի բակային տարածքներ, որտեղ բարեկարգման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Քաղաքապետին զեկուցվել է, որ Արաբկիր վարչական շրջանում նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների և  ավտոտնակների փոխարեն այս տարի բնակիչների տնօրինմանը կհանձնվի շուրջ 40 բարեկարգ բակ: 
Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկներն ու նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play