«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնող խմբի անդամները անցկացրեցին բողոքի երթ<br />


«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնող խմբի անդամները անցկացրեցին բողոքի երթ

  • 15-12-2010 22:04:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնող խմբի անդամները դեկտեմբերի 15-ին բողոքի երթ կազմակերպեցին Երեւանում: Նրանք բողոքի նամակ հանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի դեսպաններին` պահանջելով միջամտել իրենց երկրներում հրատարակված հանրագիտարաններում տեղ գտած կեղծիքների հերքմանը: «Մենք պահանջում ենք, որպեսզի այդ կեղծիքը հերքվի, հատկապես որ գալիք տարի այդ հանրագիտարանը պետք է վերահրատարակվի»,- նշեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Հարություն Մելիքյանը: Հիշեցնենք, որ բրիտանական «Macmilan childrens books» հանրագիտարանում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանում հիմնական լեզուներն են հայերենն ու ադրբեջաներենը, հիմնական կրոնները` ուղղափառությունը եւ իսլամը: Նշվում է նաեւ, որ 1988-89թթ.-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել զինված ընդհարում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պատճառով, եւ Արցախը ներկայացվում է որպես պատմական տարածք Ադրբեջանում` մեծամասամբ հայերով բնակեցված: Նախաձեռնության անդամները դեռեւս հոկտեմբերին են նամակ հղել հրատարակչություններին` հերքման պահանջով, սակայն բրիտանական հրատարակչության գլխավոր խմբագիրը չի ընդունել իրենց կողմից թույլ տրված սխալները եւ հրաժարվել է փոփոխություններ կատարել: Ռուսական հրատարակչությունը սխալները ներկայացրել է որպես տեխնիկական վրիպակ` նշելով, որ իրենք պատրաստել են հանրագիտարանի նոր խմբագրված տարբերակ: Նախաձեռնող խումբը հերքման պահանջով դարձյալ նամակներ է ուղարկելու հիշյալ խմբագրություններ, եթե պահանջը չբավարարվի:
Նոյյան տապան  -   Հասարակություն