Դեսպանն ու նախարարը քննարկել են հայ-ճապոնական կրթական ծրագրերի հնարավորությունը


Դեսպանն ու նախարարը քննարկել են հայ-ճապոնական կրթական ծրագրերի հնարավորությունը

  • 19-06-2015 17:38:51   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
 

ՀՀ  կրթության նախարար Արմեն Աշոտյանն  այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել  Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը  շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը նպաստավոր կլինի հայ-ճապոնական կրթական կապերի զարգացման համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության և համատեղ կրթական ծրագրերի հնարավորությունները:

Դեսպանը հետաքրքրվել է   Հայաստանի դպրոցներում և բարձրագույն կրթական հաստատություններում օտար լեզուների ուսուցման հնարավորություններով և այդ համատեքստում առաջարկություն ներկայացրել  ճապոներենի ուսուցման ներդրման վերաբերյալ: Նշելով, որ  լեզուների, ինչպես նաև տարբեր ժողովուրդների մշակույթների ու պատմության ուսուցանումը  Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման առաջնային ուղղություններից  է՝ նախարար Ա. Աշոտյանը  ներկայացրել է օտար լեզուների ուսուցման կենտրոնների և  խորացված ուսուցմամբ  ավագ դպրոցներ հիմնելու  ՀՀ ԿԳՆ փորձը, որը կարող է  կիրառվել նաև ճապոներենի դեպքում: ՀՀ ԿԳ նախարարը նաև շեշտել է, որ այս հարցում հայկական կողմն ակնկալում է ճապոնական կողմի  մասնագիտական և մեթոդական աջակցությունը:  Հայաստանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ճապոներենը որպես օտար լեզու ուսուցանվում է, սակայն այն, ինչպես նշել է Ա. Աշոտյանը,  բավարար ռեսուրս չի կարող ապահովել՝ կրթական հիմնարար ծրագրերի մշակման համար:
Դեսպան   Է. Տագուչին  իր հերթին նշել է, որ  ճապոնական կողմը առաջին փուլում կարևորում է հատկապես  բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրերի իրագործումը: 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ընթացիկ տարվա մայիսին  Երևանում կազմակերպված  Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին ու Բոլոնիայի քաղաքական ֆորումին, որտեղ Հայաստանը հանդես էր գալիս որպես նախագահող երկիր:     

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play