Ըստ Վահան Հովհաննեսյանի, ՀՅԴ խմբակցության մտահոգությունները հաստատվում են


Ըստ Վահան Հովհաննեսյանի, ՀՅԴ խմբակցության մտահոգությունները հաստատվում են

  • 15-12-2010 14:05:53   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Ընդունվեցին նախորդ երկու օրերին քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները: Նիստի սկզբում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը հայտնեց, որ նախօրեին արված իր հայտարարության մեջ հնչած մտահոգությունները հաստատվում են. «Գնումների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ կառավարությանն ուղարկված ՀՅԴ բոլոր առաջարկները մերժվել են: «Այդպես էլ պետք էր ակնկալվել. մի քանի ժամում կառավարությունը չէր կրող դրանք լուրջ քննարկել»,-ասաց նա: Միեւնույն ժամանակ Վ.Հովհաննեսյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` արտահերթ նստաշրջանի օրակարգում առկա խնդրահարույց նախագծերի վերաբերյալ մտահոգությունները հասկանալու նպատակով բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին նախօրեին իր մոտ հրավիրելու համար: «Որքան մեզ հայտնի է, կառավարությունը համաձայնել է որոշ դեպքերում երկրորդ ընթերցումներն ետ քաշել այս արտահերթ նստաշրջանի օրակարգից: Եթե այդպես է` դա փոխում է վիճակը»,-ասաց նա` հավելելով, որ կսպասեն ԱԺ-ի ղեկավարության եւ կառավարության միջեւ շարունակվող բանակցությունների արդյունքներին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ իր հայտարարեց, որ դեմ է «որեւէ մի օրենքի նախագիծ կոծկելուն»: Ըստ նրա, եթե պատգամավորներն ունեն մտահոգություններ, ինքը պատրաստակամ է իրականացնել կազմակերպչական բոլոր գործառույթները, հրավիրել տվյալ հարցի պատասխանատու կառավարության ներկայացուցչին` բոլոր մտահոգություններին պատասխանելու համար: Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցությունն` ընդվզելով կառավարության գործելաոճի դեմ, նախօրեին հայտարարել էր արտահերթ նստաշրջանի աշխատանքներին չմասնակցելու իր որոշման մասին:
Նոյյան տապան  -   Քաղաքական