Կառավարությունը հատկացրել է 18 մլն դրամ՝ «Արփա-Սևանի» վթարային հատվածները նորոգելու համար


Կառավարությունը հատկացրել է 18 մլն դրամ՝ «Արփա-Սևանի» վթարային հատվածները նորոգելու համար

  • 25-06-2015 14:09:52   | Հայաստան  |  Տնտեսություն

Իրականացվում են ճանապարհաշինական ծրագրեր
 
Հիմք ընդունելով Երևան քաղաքի հատակագիծը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի երկու տրանշներով նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարությունը, կառավարությունը Երևան քաղաքի և Արարատի մարզի Արգավանդի և Գետափնյայի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Որոշմամբ սահմանվում է Ասիական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերով հանրային մասնակցության և փաստաթղթերի բացահայտման կարգը: Կարգի պահանջը կատարելու նպատակով բնակիչների հետ անցկացվել են հանդիպումներ տեղում, ներկայացվել են սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու ընդունման կարգը, միաժամանակ, տեղեկությունը տրամադրվել է նաև հեռախոսով:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման բանկի միջև 2015թ. մայիսի 11-ին ստորագրված «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրին, որի համաձայն ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլար վարկ: Ծրագրի նպատակն է Երևանում ունենալ էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց՝ աշխատանքն ավարտելով 2018թ. երկրորդ եռամսյակում:
 
 
Կնորոգվեն «Արփա-Սևանի» վթարային հատվածները
 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության,  «Արփա-Սևան» ջրատարի երկրորդ թունելում ի հայտ եկած վթարային հատվածների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքը ֆինանսավորելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրել է 18 մլն դրամ:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ջեռուցումն իրականացվում է հիմնականում էլեկտրաէներգիայի միջոցով: Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի վերջին թանկացումները, Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամը ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումների ծրագրի իրականացման համար հետազոտություն է կատարել: Պարզվել է, որ այդ ծրագրի իրականացմամբ հնարավոր է ապահովել էներգետիկ ծախսի առնվազն 40 տոկոս տարեկան խնայողություն: Կառավարությունը հավանություն է տվել ծրագրին:
Համացանցի միջոցով հայկական արվեստի և գրականության ստեղծագործությունների տարածման, հայ մշակույթին միջազգային հանրությանը ծանոթացնելու նպատակով կառավարությունը թույլատրել է յուրաքանչյուր անձի կողմից ազատորեն օգտագործել մի շարք ստեղծագործություններ, որոնց նկատմամբ հեղինակի գույքային իրավունքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն