«Հանձնիր արյուն, նվիրիր կյանք» ակցիայի շրջանակում հավաքված արյունը փոխներարկվել է լեյկոմիայով հիվանդ շուրջ 80 երեխայի


«Հանձնիր արյուն, նվիրիր կյանք» ակցիայի շրջանակում հավաքված արյունը փոխներարկվել է լեյկոմիայով հիվանդ շուրջ 80 երեխայի

  • 27-06-2015 17:06:13   | Հայաստան  |  Բարեգործություն

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Հանձնիր արյուն, նվիրիր կյանք» արյունատվության լայնամասշտաբ ակցիան, որի շրջանակներում որպես դոնոր շուրջ 350 մարդ է դիմել Երևանի Արյունաբանական կենտրոն: Նրանցից միայն 192-ի արյուն է համապատասխանել Արյունաբանական կենտրոնի այդ պահին ունեցած պահանջարկին:
 
Այս մասին հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: 
Ըստ նրա` երկու ամիս տևած աննախադեպ ակցիայի ընթացքում հավաքված արյունը մշակելուց հետո այն ներարկել է Արյունաբանական կենտրոնի հսկողության տակ գտնվող արյան քաղցկեղով հիվանդ շուրջ 80 երեխաների:
Նրա տեղեկացմամբ` Հայաստանում ներկայումս կան մոտ 2000 երեխաներ, ովքեր տառապում են տարբեր տեսակի քաղցկեղային հիվանդություններով և ունեն արյան փոխներարկման կարիք. «Սա մեծ օգնություն և ևս մեկ հնարավորություն է քաղցկեղով հիվանդ երեխաների համար այս դաժան հիվանդության դեմ պայքարելու համար»:
«Հանձնիր արյուն, նվիրիր կյանք» արյունատվության ակցիաի կազմակերպիչներն են «Յուքոմ» ընկերությունը և ռադիո «Վանը», որոնք կոչ անելով հասարակությանը տրամադրել արյուն, փոխարենը նրանց նվիրել են «Բի 2» ռուսական ռոք խմբի հունիսի 27-ին Երևանում կայանալիք համերգի տոմսեր:
«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանի խոսքով` իրենք գիտակցում են, որ Հայաստանն արյան պակաս ունի, ինչն առողջ սերունդ ունենալու անհրաժեշտ պայման է: Այս նպատակով ընկերությունը  փորձել է հասարակության հետ համատեղ ուժերով ցույց տալ, որ առկա ներքին խնդիրները հանարավոր է լուծել առանց կողմնակի օգնության. «Մենք այնքան հզոր ենք և այնքան կամք ունենք, որ կարող ենք արյուն հանձնել և բազմաթիվ բալիկների կյանք փրկել: Արյուն հանձնելը ոչ թե լավ գործ է, այլ պարտադիր պայման արյան քաղցկեղով հիվանդ երեխաների փրկության և բուժման համար»,- ասաց նա և հավելեց, որ «Յուքոմի» կողմից նմանատիպ ակցիաները շարունակական բնույթ են կրելու:
«Մեր խենթ աշխարհում արյունն այն քիչ բաներից է, որ ոչ կարելի է գնել և ոչ էլ վաճառել, ուստի մեզ պետք է երիտասարդության աջակցությունն արյան տրամադրաման հարցում, որպեսզի կարողանանք երեխաներին օգտակար լինել»,- նշեց Ռադիո Վանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը: Ըստ նրա` ակցիայի անցկացման գաղափարն առաջացել է այն պահին, երբ Սմբատ Դաղբաշյանը զանգել է իրեն և ասել, որ կենտրոնում արյան մեծ պակաս կա:
Հանդիպմանը ներկա էր «Բի 2» ռուսական ռոք խմբի տնօրեն Իգոր Դանիլկինը, ով շնորհակալություն հայտնեց ակցիայի անցկացման և համերգի կազմակերպման համար և տեղեկացրեց, որ այդ պահին խմբի մյուս անդամները հանգստանում են, որպեսզի երեկոյան պատշաճ կերպով ներկայանան համերգին: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Բարեգործություն