Նոր ուղեցույց՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերաբերյալ


Նոր ուղեցույց՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերաբերյալ

  • 29-06-2015 11:51:40   | Հայաստան  |  Նոր գրքեր
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել ծառայության կողմից մշակված և հրատարակված նոր ուղեցույցի շնորհանդեսը: Ուղեցույցը նվիրված է քրեական գործերով Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի 2006-2014 թվականների իրավական դիրքորոշումներին:
 
Աշխատանքը հեղինակել են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման բաժնի աշխատակիցներ Ս. Ամիրխանյանը և Է. Ավագյանը: 
Ուղեցույցի հեղինակների պարզաբանմամբ` շուրջ ինը տարվա ընթացքում Վճռաբեկ դատա­րանի արտահայտած իրավական դիրքորոշումների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք առանձին դեպքերում կարող են օրենսդրության տարբեր դրույթ­ների միջև հակասությունների լուծման, գործնականում առաջացող բազմապիսի խնդրահարույց իրա­վիճակների իրավաչափ կարգավորման արդյունավետ ուղենիշ հանդիսանալ: Բոլորովին պատահական չէ, որ վերջին ժամանակներում քննչական պրակտիկայում հիմ­նարար նշանակություն ունեցող առանձին հարցեր, կիրառելի օրենսդրությունից զատ, լուծվում են նաև նշված դիրքորոշումներին համահունչ, ինչը, անխոս, նպաս­տում է  նախաքննության որակի բարձրացմանը: 
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կողմից սույն ուղե­ցույցի հրապարակումը միտված է նպաստելու Վճռաբեկ դատարանի կա­յացրած որոշումների մատչելիությանը և հասանելիությանը:
- Քրեական գործերով որակյալ և արդյունավետ նախաքննության իրականացման օրենսդրական պահանջն առարկայացնելու իմաստով դատախազաքննչական մար­մին­ների աշխատանքներում զգալիորեն կարևորվում է Հայաստանի Հանրա­պե­տու­թյան բարձրագույն դատական ատյանի իրավական դիրքորոշումների անմիջական կիրառումը: Ներկայացվող ուղեցույցը, ինչ խոսք, կարող է զգալիորեն հեշտացնել Հայաս­տա­նի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից օգտվե­լուն միտված աշխատանքները և կա­րևոր տեղ զբաղեցնել դատադատախազաքննչա­կան աշխատանքներին վերաբերող մասնագիտական գրադարանում,- իր խոսքում նշեց ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանը:
Ասենք, որ հրատարակված ուղեցույցից արդյունավետորեն օգտվելու պարագայում վարույթն իրականացնող մարմ­նի պաշտոնատար անձը կարող է, նախ,  լիարժեք և ամբողջական տեղեկատվություն ստանալ այն մասին, թե արդյոք խնդրո առարկա հանդիսացող օրինադրույթի առնչու­թյամբ առկա է նախադեպային բնույթի որևէ որոշում, այնուհետև՝ ըստ գործի հա­մարի և որոշման կայացման տարեթվի, փնտրել այն իրավական-տեղեկատվական հա­մապատասխան էլեկտրոնային համակարգերում (www.datalex.am, www.arlis.am, www.court.am) կամ այլ աղբյուրներում: 
Ուղեցույցում ամփոփված են ինչպես նյութական, այնպես էլ դա­տա­վարական իրավունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դա­տա­րա­նի 2006-2014 թթ. որոշումները: Դրանք համակարգված են որոշակի տրա­մա­բա­նա­կան հաջորդականությամբ՝ ըստ ընդունման տարեթվերի և ՀՀ քրեական ու քրեական դատավարության օրենսգրքերի հոդվածների հերթականության, ինչն առավել դյուրին է դարձնում պահանջվող իրավադրույթի հետ կապված նախադեպային որոշման առկայության պարզումը:
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր