Հայաստանում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը


Հայաստանում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարը

  • 07-07-2015 13:04:23   | Արարատի մարզ  |  Տնտեսություն

Աշխատանքային երկօրյա այցով հուլիսի 6-ին Հայաստան է ժամանել Վրաստանի գյուղատնտեսության նախարար  Օթար Դանելիան: Գործընկերոջը դիմավորել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այցի շրջանակում փորձի փոխանակման նպատակով Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այցելել է ՀՀ-ում գործող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մի շարք տնտեսություններ: 
 
Այս նպատակով երկու երկրների գյուղատնտեսության նախարարները  նախօրեին մասնավորապես այցելել են «Արարատի սննդի կոմբինատ» և «Գոլդն Գրեյպ Արմաս» ընկերություններ:
 
Նախարարները շրջել են Արարատի սննդի կոմբիտատի բնական հյութերի, թեյի և մուրաբաների, պահածոների արտադրամասերում, հետևել արտադրության կազմակերպման գործընթացին, ծանոթացել այստեղ ներդրված տեխնոլոգիաներին, մասնավորապես շվեդական  հոսքագծի աշխատանքին, ինչպես նաև եղել են ընկերության լաբորատորիայում:
 
          Ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի հավաստմամբ՝ ընկերությունն ունի տարածաշրջանում ամենամեծ լաբորատորիաներից մեկը, որը հագեցած է գերժամանակակից, թանկարժեք սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք վերահսկել ապրանքի բարձր որակը:
 
          Այնուհետև երկու հարևան երկրների նախարարներն ուղևորվել են Արագածոտնի մարզում գտնվող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: Սերգո Կարապետյանն ու Օթար Դանելիան շրջել են խաղողի այգիներում, իտալական նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գինու և կոնյակի գործարանում, որտեղ արտադրվում են «ArmAs» անվանումով կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներ: Արտադրանքը սպառվում  է ոչ միայն ներքին շուկայում, այլև արտահանվում է:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Սերգո Կարապետյանի խոսքով` վրացի գործընկերներն առավելապես հետաքրքրված են պահածոների արտադրության, ձկնաբուծական տնտեսությունների, անասնապահական ֆերմաների զարգացման հայկական փորձի ուսումասիրությամբ և իրենց երկրում ներդրման հնարավորություններով:
 
          «Որպես հարևան երկրներ` մենք գյուղատնտեսության ոլորտում իրարից շատ բան ունենք սովորելու, և այս այցը հատկապես կարևոր է փորձի փոխանակման, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների սերտացման առումով»,-իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
 
Նախարարի խոսքով` նախատեսվում է նաև իր պատասխան այցը Վրաստան:
 
Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի բարձր մակարդակով:
 
«Սա իմ առաջին պաշտոնական այցն է Հայաստան, և ես շատ ուրախ եմ հյուրընկալվել ձեր երկրում: Պետք է նշեմ, որ մեզ շատ տպավորել է, թե որքան զարգացած է ձեր երկրում գյուղատնտեսության ոլորտը: Համոզված եմ, որ մենք շատ հարցերում կարող ենք միմյանց օգնել, աջակցել, փորձի փոխանակում իրականացնել», - նշել է նախարար Դանելիան:
 
Օթարի Դանելիան վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության, ինչպես նաև արտահանման մեծ ներուժ, որը հարկավոր է օգտագործել:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  բաժնից հայտնում են՝ այսօր Վրաստանի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարներն այցելել են Արարատի մարզում գտնվող ձկնաբուծարաններից մեկը, «Սպայկա» ընկերության ջերմոցային տնտեսություններ, որտեղ ամսաբողկի մշակություն է իրականացվում, այնուհետև ուղևորվել Ջերմուկի անասնապահական համալիր:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն