Երեւանում անցկացվեց«Մարդու իրավունքների ԵԴ վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողով
Երեւանում անցկացվեց«Մարդու իրավունքների ԵԴ վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողով
11-12-2010 21:35:06 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի եզրափակիչ փուլը: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի եւ Հոլանդական Ստրիչտինգ Օքսֆամ Նովիբ հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը նվիրված էր «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի ընդունման 60 ամյակին:
Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր եւ բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 14 ուսանողներ՝ Երեւանից եւ ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից եւ բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 8 իրավաբան ուսանողներ: Ներկայացված հինգ լավագույն աշխատանքների հեղինակներն իրավունք ստացան մասնակցելու բանավոր փուլին: Նրանք զեկույցներում անդրադարձել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած ՄԻԵԴ-ի վճիռներին եւ դրանց կատարման գործընթացին:
Գիտաժողովի բանավոր փուլի հաղթող եւ լավագույն հռետոր ճանաչվեց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Թադեւոսյանը եւ արժանացավ գիտաժողովի երրորդ մրցանակին: «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Երեւանի պետական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Հարությունյանը եւ արժանացավ գիտաժողովի երկրորդ մրցանակին: Իսկ գիտաժողովի հաղթող ճանաչվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Գեւորգ Հակոբյանը:
Ըստ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի տարածած հաղորդագրության, գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ եւ համապատասխան հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները եւս արժանացան մասնակցության հավաստագրերի եւ մրցանակների: