Ոստիկանի հետ առնչվելիս քաղաքացու իրավունքները


Ոստիկանի հետ առնչվելիս քաղաքացու իրավունքները

  • 09-07-2015 17:03:36   | Հայաստան  |  Իրավունք

Քանի որ ոստիկանության աշխատակիցները երեկ այցելել են տասնյակ (հնարավոր է՝ հարյուրավոր) քաղաքացիական ակտիվիստների բնակարաններ, «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը հարկ է համարում քաղաքացիներին տեղեկացնել իրենց հետևյալ իրավունքների մասին՝
 
1. Քաղաքացին իրավունք ունի ոստիկանին բնակարան չթողել, եթե վերջինս չի ներկայացնում դատարանի համապատասխան որոշում (օրինակ՝ խուզարկության որոշում):
2. Քաղաքացին իրավունք ունի նկարահանելու ոստիկանության ցանկացած գործողություն և այդ կադրերը համացանց բեռնելու: Այդ թվում՝ քաղաքացին իրավունք ունի նկարահանելու իրեն բերման ենթարկող ոստիկաններին՝ բաժնի ճանապարհի ողջ ընթացքում:
3. Ոստիկանը քաղաքացուն դիմելուց պարտավոր է ներկայանալ (նշել իր անունը, ազգանունը, կոչումն ու պաշտոնը) և քաղաքացու խնդրանքի դեպքում պարտավոր է նաև ցույց տալ իր վկայականը (անգամ, եթե նա համազգեստով է):
4. Քաղաքացին պարտավոր չէ ոստիկանի հրավերով գնալ բաժին: Նման պարտականությունը ծագում է միայն այն դեպքում, երբ ոստիկանը քաղաքացուն բերման է ենթարկում, կամ ձերբակալում է, կամ, եթե քաղաքացուն նախապես գրավոր ծանուցագիր է տրվել:
5. Քաղաքացին պարտավոր չէ հավատալ ոստիկանության աշխատակցի բանավոր խոսքին:
6. Քաղաքացին (եթե մեքենայի վարորդ չէ), պարտավոր չէ ոստիկանին ներկայանալ, կամ անձնագիր ցույց տալ:
7. Ոստիկանը պարտավոր է քաղաքացուն ամինջապես հայտնել իրեն կանգնեցնելու, իրեն այցելելու կամ իրեն դիմելու պատճառների և իրավական հիմքերի մասին: Իսկ բաժին տանելու դեպքում՝ նաև կարգավիճակի և իրավունքների մասին:
8. Բաժին տարված քաղաքացին իրավունք ունի իր մտերիմներին ամինջապես հայտնել իր գտնվելու վայրի մասին և բացարձակ ոչինչ չասել՝ մինչ իր փաստաբանի ժամանումը:
9. Որևէ պարագայում ոստիկանը իրավունք չունի քաղաքացուն սպառնալ, վիրավորել ու խոշտանգել: Խստիվ արգելվում է քաղաքացու վրա հոգեբանական ճնշման գործադրումը:
10. Ոստիկանը իրավունք չունի քաղաքացուն հորդորել որևէ իրավիճակում չօգտվելու իր իրավունքներից:
 
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»
 
Նոյյան տապան  -   Իրավունք