«Բաղրամյան պողոտայում պատկերը փոխվելուց հետո Ռուսաստանը կանգնել է ավելի ինքնավստահ դիրքում».Մեկնաբան


«Բաղրամյան պողոտայում պատկերը փոխվելուց հետո Ռուսաստանը կանգնել է ավելի ինքնավստահ դիրքում».Մեկնաբան

  • 10-07-2015 15:44:27   | Հայաստան  |  Վերլուծություն
 
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Մոսկվայում ընդունելով Հովիկ Աբրահամյանին, հայտարարել է, որ կուզեր նրանից լսել, թե ինչպես է զարգանում իրավիճակը Հայաստանում, կապված վերջին օրերի թեժության հետ: Մեդվեդեւն ասել է, որ Հայաստանի իրավիճակի հանդեպ անտարբեր չեն, քանի որ Հայաստանը բերակամ, դաշնակից պետություն է: Միաժամանակ, Մեդվեդեւը հայտարարել է, թե կքննարկեն տնտեսությունում առկա խնդիրները եւ առաջարկները, որ անում է հայկական կողմը:

 

Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանում ծավալվող իրադարձությունների հանդեպ երկու շաբաթների ընթացքում ենթարկվեց փոփոխության: Եթե Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող զարգացումների առաջին շաբաթն արժանացավ ՌԴ խուճապային արձագանքի, երբ Մոսկվան տարփողում էր հակառուսական մայդանի մասին, ապա երկրորդ շաբաթից հետո, երբ Բաղրամյանում իրավիճակը փոխվել էր եւ ի հայտ էին եկել նոր իրողություններ, նոր դերակատարներ եւ նվազել էր հանրային աշխուժությունը, Ռուսաստանի արձագանքը ստացավ արդեն ավելի հանգիստ բնույթ, եւ ի հայտ եկան նույնիսկ սառը շանտաժի տարրեր:

 

Օրինակ, դրա վկայությունն էր ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, թե Հայաստանի ցույցերը փորձում են քաղաքականացնել եւ նման են «գունավոր հեղափոխության» մեկնարկի:

 

Եթե առաջին շաբաթվա ընթացքում պաշտոնական Երեւանն էր շատ հանգիստ ու սառը, ապա երկրորդ շաբաթից հետո հանգիստ ու սառը դարձավ պաշտոնական Մոսկվան: Մեդվեդեւի խոսքը Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը, պարունակում է դրա ուշագրավ վկայություններ:

 

Նա հայտարարում է, որ կքննարկեն Երեւանի առաջարկները: Ինչ առաջարկների մասին է խոսքը, պարզ չէ, չի մանրամասնվում: Հարց է առաջանում, արդյոք Երեւանն ունի նոր առաջարկներ, քան այն, ինչի մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը հունիսի 26-ին Երեւանում տեղի ունեցած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում:

 

Թե՞ դրանից հետո Երեւանի մոտ հղացել են նոր առաջարկներ, որոնք Հովիկ Աբրահամյանը տարել է Մոսկվա, կապված օրինակ էլցանցերի ճակատագրի հետ:

 

Երեւանում հունիսի 26-ին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սոկոլովը ուշագրավ հայտարարություն էր արել, ասելով, որ ՌԴ-ն ունի էլցանցերի առողջացման ժամանակացույց, ծրագիր եւ անհրաժեշտ միջոցներ ու այդ ամենն իհարկե կարվի: Միաժամանակ, Սերժ Սարգսյանը նրա առաջ բարձրացրել էր Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեությանն ուշադիր լինելու հարցը, ասելով, թե դա առնչություն ունի Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի ձեւավորմանը: Հgյակական կողմը ձեռք էր բերել մի շարք տնտեսական ու նույնիսկ ռազմա-քաղաքական պայմանավորվածություններ:

 

Երբ մի քանի օր անց Դմիտրի Մեդվեդեւը հայտարարում է տնտեսական խնդիրների եւ հայկական կողմի առաջարկները քննարկելու մասին, ապա չի բացառվում, որ Ռուսաստանը Բաղրամյան պողոտայում պատկերը փոխվելուց հետո կանգնել է ավելի ինքնավստահ դիրքում, եւ օրակարգ է բերվել հունիսի 26-ին Երեւանում հայտարարված պայմանավորվածությունների առկախման եւ հրաժարման հարցը, թեկուզ դրանց տնտեսական մասով: Հնարավոր է, որ դա է Հովիկ Աբրահամյանի Մոսկվա մեկնելու պատճառը:

 

Այդ ֆոնին, երբ հետահայաց դիտարկում ենք Բաղրամյան պողոտայի դինամիկան, ապա ինչ որ առումով հետաքրքիր է դառնում, որ իշխանությունն ինքը չէր գնում իրավիճակի հանգուցալուծման, քանի դեռ վերջնագրային մարտավարության չանցան պողոտայում հավաքվող քաղաքացիները: Բացառված չէ, որ պողոտայի «ծուխը» փորձ էր արվում պահել հենց այն բանի համար, որպեսզի Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները հանգեին որոշակի տրամաբանական ավարտի, եւ Մոսկվան հետ չկանգներ համաձայնություններից:

 

Բայց, հնչեց քաղաքականացնելու եւ «գունավոր հեղափոխության» մասին Սերգեյ Լավրովի «ահազանգը», որից հետո իրավիճակը նյարդերի պայքարի, լուռ դիմակայության փուլից անցավ վերջնագրային փուլի, ինչին էլ իշխանությունը որոշեց արձագանքել «գորդյան հանգույցը» քանդելու սկզբունքով: Դրանից հետո նկատելի է, որ Բաղրամյան պողոտայի առաջին շաբաթվա ընթացքում կարծեք թե որոշակիորեն սուբյեկտային բնույթ ստացած հայ-ռուսական հարաբերությունը երկրորդ շաբաթից հետո աստիճանաբար վերադառնում է ավանդական ուղղահայաց բնույթին:

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն