Հուլիսի 15-ին Խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է «բարձրալեռ շրջանների մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի համաձայն` ենթադրվում է ներմուծել արտոնությունների մի ամբողջ շարք երկրի բարձրալեռ շրջաններում ապրող բնակիչների համար: Արտոնությունների մեջ է նաև սոցիալական վճարումների (թոշակի և այլ սոցիալական օգնությունների) 20% բարձրացում, ինչպես նաև լեռնային շրջանների բնակիչների` եկամտային հարկերի վճարումից ազատումը: Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում Վրաստանում ակտիվորեն քննարկվում է օրենքը, որը պետք է թեթևացնի բարձրալեռռ շրջանների բնակիչների կյանքը: Միաժամանակ, չնայած նրան, որ Սամցխե-Ջավախքը ևս բարձրալեռ շրջան է, իսկ շրջանի կլիմայական պայմանները ևս ծայրահեղ ծանր են, պետությունը չի ծրագրում տարածել «բարձրալեռ շրջանների մասին» օրենքի գործառնությունը Սամցխե-Ջավախքի բնակիչների վրա:
Վրաստանի իշխանությունները մտադիր են մշակել կրոնի մասին օրենքը: Այդ մասին հայտնել է Պաշտպանության և Անվտագության հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին: «Կրոնի մասին օրենքն անհրաժեշտ է և մենք սկսում ենք աշխատել դրա շուրջ, և հասարակությունը պետք է բանավեճ անցկացնի: Վրաստանում կրոնական կազմակերպությունների գործունեությունն իրականացվում է սև փողերով… և այստեղ այդ փողերը լվացվում են բիզնեսով: Կրոնի մասին օրենքի ընդունումն անհրաժեշտ է, որպեսզի իրավիճակը լինի վերահսկելի, որպեսզի ՄԱԿ-ի կողմից արգելված անօրինական ահաբեկչական կազմակերպությունները չկարողանան գործունեություն ծավալել Վրաստանում, և նրանց նկատմամբ ձեռնարկվեն օրենքով նախատեսված քայլեր», -հայտարարել է Իրակլի Սեսիաշվիլին:
Հուլիսի 15-ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ստորագրել է ՆԳՆ վերակազմավորման մասին օրենք, որի համաձայն այդ գերատեսչությունից կառանձնացվի Անվտանգության Ծառայությունը: «Վրաստանի նախագահը ստորագրել է ՆԳՆ-ից Անվտանգության Ծառայության առանձնացման մասին օրենքը: Միաժամանակ նախագահը կարծում է, որ այդ օրինագիծը առաջնային, բայց ոչ բավարար քայլ է: Բարեփոխումները մոտ ապագայում պետք է շարունակվեն արագ և գիտակցված», -հայտարարել է Վրաստանի նախագահի վարչության ներկայացուցիչը:
«Համատեղ աշխատանքի արդյունքներն ապացուցում են, որ միմյանց հանդեպ կառուցողական և պրագմատիկ վերաբերմունքի դեպքում նույնիսկ ակտուալ հարցերի շուրջ հիմնարար տարաձայնությունները չեն խանգարում երկկողմանի հարաբերությունների բարելավմանը: Հատկապես հարկ է նշել, որ փոխարաբերությունների երկկողմանի բարելավման գործընթացը հանդիսանում է երկու երկրների հասարակությունների պահանջը», -հուլիսի 15-ին հայտարարել է Գրիգորի Կարասինը` մեկնաբանելով ռուս-վրացական հարաբերությունների վերջին սրացումները` կապված Ռուսաստանի կողմից բռնագրավման գծի` Վրաստանի տարածքի խորքերը տեղաշարժելու հետ:
«Այսօր Ռուսաստանն ավելի վտանգավոր երկիր է, քան 2008թ.-ին էր: Նախկին իշխանությունները չկարողացան ոչ մի անգամ դիվանագիտություն ցուցաբերել Ռուսաստանի հետ կոնֆլիկտները լուծելու համար: Դիվանագիտության նշանակումը կոնֆլիկտների լուծում է և խուսափում ռազմական գործողություններից: Նախկին իշխանությունները չկարողացան խուսափել ռազմական կոնֆլիկտից, և մեր երկրի դրությունը լրջորեն վատթարացավ: Այսօր, գուցե մենք չունենք ձևավորված ռազմավարություն, բայց մենք ունենք ճիշտ, տակտիկական գործողությունների հասկացողություն: Մեր տակտիկան ժամանակ շահելն է: Այնպես որ, Վրաստանն անզոր պետություն չէ», -հուլսիի 15-ին հայտարարել է Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գուբազ Սանիկիձեն:
2015թ. առաջին կիսամյակում արտասահմանյան պետություններից Վրաստան մտած գումարային փոխանցումների ծավալը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 22.7%-ով մինչ 538.63մլն. դոլար: Գումարային փոխանցումները Ռուսաստանից, որը Վրաստանում գումարային միջոցների փոխանցումների տեսանկյունից խոշորագույն աղբյուր է, կրճատվել է 41.1%-ով: Երկրորդ խոշորագույն աղբյուրից` Հունաստանից Վրաստան կատարված գումարային փոխանցումների ծավալը 2015թ. առաջին վեց ամիսների ընթացքում կրճատվել է 19.3%-ով և կազմել 82.7մլն. դոլար: Ինչպես նաև անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում Իտալիայից փոխանցվող գումարային միջոցների ծավալը կրճատվել է 12.3%-ով, մինչ 52.9մլն դոլար, այնուհետև գալիս են ԱՄՆ-ն` 47.3մլն դոլար (+26,3%), Թուրքիան` 35.9մլն դոլար (+20,6%), Իսրայելը` 14.3մլն. դոլար (+37,3%):
Վրաստանի Ազգային Բանկը արտասահմանյան արժույթների հանդեպ լարիի փոխարժեքային կուրս է հաստատել հուլիսի 16-ի համար: Այսօր 1 դոլարը կարժենա 2.2697 լարի, իսկ 1 եվրոն 2.5010: Լարին շարունակում է արժեզրկվել:
Հուլիսի 15-ին Ազգային հակամենատիրական գործակալությունը տուգանել է Վրաստանում գործող 5 խոշորագույն նավթային ընկերություններին վառելիքի գնի մաիսն պայմանավորվածության և հակամենատիրական կանոնների խախտման համար: Ադրբեջանական ՍՈԿԱՐ ընկերությունը տուգանված է 14 381 385 լարիով, Վիսսոլը` 10 426 384 լարիով, Գալֆը` 11 267 384 լարիով, Լուկոիլը` 4 740 260 լարիով, իսկ Ռոմպետրոլը` 10 885 806 լարիով: Պաշտոնական հայտարարության համաձայն` «տվյալ ընկերությունները 2008-2014թթ. խախտել են մրցունակության շուկայական սկզբունքները և համագործակցելով աշխատել են Վրաստանում վառելիքի գների արհեստականորեն բարձրացման վրա»:
http://armenian-community.ge/News/1190