««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ հայտարարությունը ՀԿ Խորհրդի անդամ Կարեն Պետրոսյանին շինծու մեղադրանք
առաջադրելու վերաբերյալ.
Սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովը որոշում կայացրեց ՀՀ տարածքում էլեկտրաէներգիայի սակագնի
թանկացման վերաբերյալ: Այդ որոշումը բողոքի և ընդվզման ալիք բարձրացրեց
հանրության շրջանում՝ լինելով չհիմնավորված և հասարակության շահերից չբխող:
««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն»
ՀԿ խորհրդի և աշխատակազմի անդամները, ուշադիր լինելով ու անմասն չմնալով
երկրում առկա քաղաքացիական, սոցիալական և տնտեսական գործընթացներից,
իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև էլեկտրաէներգիայի սակագնի
թանկացմամբ պայմանավորված ինքնաբուխ, խաղաղ ցույցերին, իրազեկման ու
բողոքի այլ ակցիաներին:
Հունիսի 22-ի երեկոյան Գյումրիում սկսված խաղաղ նստացույցից հետո,
հունիսի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով բերման ենթարկվեցին 13
նստացուցարար: Բերման ենթարկվածներից 12-ը հետագայում ներգրավվեցին որպես
քրեական գործով վկաներ, իսկ մեկը՝ «Կոմպասս» ՀԿ խորհրդի անդամ,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Պետրոսյանը` որպես
խուլիգանություն կատարելու մեջ կասկածյալ: Նույն օրը բերման ենթարկվածներն
ազատ արձակվեցին, որից հետո, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ
Գյումրիում, շարունակվեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ
ուղղված քաղաքացիական գործընթացները: Սակայն սույն թվականի հունիսի 30-ին
պարզվեց, որ «Կոմպասս» ՀԿ խորհրդի անդամ Կարեն Պետրոսյանին առաջադրվել է
մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Կոմպասս» ՀԿ խորհուրդը դատապարտում է Կարեն Պետրոսյանի դեմ շինծու
քրեական գործի հարուցումը և ոստիկանության ապօրինի գործելաոճը՝ համարելով
դրանք քաղաքական որոշման հետևանք: Սույն դեպքում, օրենքի տեսակետից,
անհնար է խաղաղ ցույցեր, երթեր անցկացնելու՝ անձի սահմանադրական իրավունքի
իրացման մեջ գտնել խուլիգանական շարժառիթներ (մղումներ), ինչը տվյալ
հանցակազմի պարտադիր հատկանիշ է: Չխորանալով արարքի փաստական և
իրավական վերլուծությունների մեջ՝ ընդամենը հարկ ենք համարում նշել, որ եթե
իրականացվող հետապնդումը քաղաքական չէ, ապա որոնք են հետևյալ հարցերի
իրավական պատասխանները՝
1) իրավական տեսանկյունից ինչով են տարբերվել Կ․ Պետրոսյանի
գործողությունները մյուս ցուցարարների գործողություններից,
2) խուլագանության հանցակազմի համար պարտադիր է, որպեսզի անձն
ունենա ուղղակի դիտավորություն՝ հասարակության նկատմամբ բացահայտ
անհարգալից վերաբերմունք դրսևորելու և հասարարակական կարգը կոպտորեն
խախտելու։ Ընդ որում պարտադիր է, որ անձի գործողությունները կատարվեն
բացառապես խուլիգանական մղումներով։ Այս համատեքստում արդյոք
ներպետական իրավապահ մարմինների համար սոցիալական արդար պահանջների
ներկայացման ձև հանդիսացող ինքնաբուխ և շտապ հավաքը, խաղաղ ցույցերն ու
երթերը հանդիսանում են հասարակական կարգի կոպիտ խախտում, իսկ այդ
պահանջների մասին բարձրաձայնելը՝ որպես բացահայտ անհարգալից
վերաբերմունք հասարակության նկատմամբ և խուլիգանական մղում։
Նույնիսկ այլ փաստարկներ անհրաժեշտ չեն փաստելու համար, որ
խուլիգանության մեղադրանքը սույն դեպքում ուղղակի ճնշման միջոց է և որևէ կապ
չունի իրավական կարգավորումների և Կարեն Պետրոսյանի գործողությունների հետ։
Նման ակնհայտ իրողությունն ունենալով՝ պահանջում ենք իրավասու
մարմիններից անհապաղ դադարեցնել Կարեն Պետրոսյանի նկատմամբ
իրականացվող ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը, անհապաղ
իրականացնել քրեական գործի օբյեկտիվ և արդար քննություն, օրենքի
շրջանակներում գնահատական տալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոչ
իրավաչափ ուժ կիրառած ոստիկանների գործողություններին՝ ինչպես ուժ կիրառելու
ընթացքում, այնպես էլ բերման ենթարկելուց հետո` ոստիկանությունում
ակտիվիստների իրավունքների խախտման փաստերի կապակցությամբ, պատժի
ենթարկել ապօրինի գործողություններ իրականացրած ոստիկաններին և
համապատասխան հրամանն արձակողներին:
«Կոմպասս» ՀԿ-ն հետևողական է լինելու առաջադրված արդար պահանջների
իրականացման գործընթացին և կոչ է անում ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի
նախագահին և պատգամավորներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ-ում
գործող միջազգային և դիվանագիտական կառույցներին, մարդու իրավունքների և
շահերի պաշտպանության ոլորտում գործող կազմակերպություններին արտահայտել
իրենց դիրքորոշումը, դատապարտել քաղաքացիական ակտիվության նկատմամբ
ոտնձգությունները` նպաստելով հարցի շուտափույթ լուծմանը: