ՍԴ փոփոխություններն արվում են Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետը երկարաձգելու համար. Քաղաքական ուժեր(Տեսանյութ)


ՍԴ փոփոխություններն արվում են Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետը երկարաձգելու համար. Քաղաքական ուժեր(Տեսանյութ)

  • 17-07-2015 15:55:48   | Հայաստան  |  Քաղաքական


ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ԳԱԼԱ-ի հարցին ի պատասխան, թե ՀՀԿ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ԳՄ և խորհրդի նիստերում ՍԴ բարեփոխումների նախագծի 4-7 գլուխները քննարկելիս դժգոհություն չեն արտահայտել, որ այս փոփոխություններով փաստորեն դուրս է գալիս մեծամասնական ընտրակարգն, ասաց.

«Այդ առումով որեւէ դժգոհություն չի հնչել, որովհետեւ ներկայացվել է, թե ինչով է դա պայմանավորված, դա բավականին տարածված մոտեցում է, իհարկե կան ավանդական խորհրդարանական երկրներ, որոնք կառուցված են մեծամասնական ընտրակարգի վրա, սակայն բոլոր երիտասարդ ժողովրդավարություններն որպես կանոն հենվում են համամասնական ընտրակարգի վրա»:

Հիշեցում. Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի  առաջարկի, մեծամասնական ընտրական համակարգը վերանալով՝ խորհրդարանում  հայտնվում է  առնվազն 101 պատգամավոր, որոնք ընտրվելու են բացառապես համամասնական համակարգով: Սակայն, եթե ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն մեծամասնություն չձեւավորվի, ապա անցկացվելու է քվեարկության երկրորդ փուլ՝ առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների մասնակցությամբ: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հնարավոր դժգոհությունից, ասաց.

«Առաջնային փուլում 101 է ֆիքսված, բայց վերին շեմը ֆիքսված չէ, և երկրորդ փուլի անցկացման պարագայում ես չեմ բացառում, որ մենք նույն ձեւ ունենանք 131 պատգամավոր: Ամեն ինչ կախված է երկրորդ փուլից»:

ՍԴ փոփոխությունների հետ կապված քաղաքական ուժերի մոտ հիմնական մտահոգությունն այն է, որ սա արվում է Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետը երկարաձգելու համար: Դավիթ Հարությունյանը ևս մեկ անգամ հերքեց այդ վարկածը՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի այն  քաղաքական հայտարարության մասին, որ ՍԴ փոփոխություններից հետո, ինքը չի պատրաստվում զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում ևս մեկ անգամ վերահաստատել է, որ այս փոփոխություններից հետո ինքը չի զբաղեցնի ո՛չ նախագահի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ էլ  վարչապետի պաշտոնը:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե Սերժ Սարգսյանը բացի իր ազնիվ խոսքից ուրիշ ինչ երաշխիքներ է տալիս այն քաղաքացիներին, ովքեր մտահոգություններ ունեն, որ ամեն դեպքում, եթե պատգամավորները և ընտրիչներն իրեն ընտրեն որպես վարչապետ, ինքը կընդունի այդ առաջարկը.

«Նախ քաղաքական հայտարարություններն ունեն լուրջ կշիռ, հետո հանապետության  նախագահն, ըստ առաջարկվող փոփոխութունների,  հիմնականում արարողակարգային անձ է, չունի առաջնային մանդատ, նշանակում է իր լեգիտիմության աստիճանը չի կարող համադրվել ԱԺ-ի հետ: Հիմնական դերակատարը վարչապետն է: Երբ ՍԴ բարեփոխումները տեղի ունենան և ընտրվի հերթական Ազգային ժողովը,  դեռևս ՀՀ նախագահի ժամկետն ավարտված չի լինի, ես չեմ կարծում, որ որեւէ ողջամիտ անձ կթողնի նախագահի պաշտոնը և կորոշի դառնալ վարապետ, սա ևս չի տեղավորվում քաղաքական տրամաբանության մեջ:  Այնուամենայնիվ, քաղաքական հայտարարություններն ունեն իրենց կշիռը»:

Նոյյան տապան  -   Քաղաքական