«Յուքոմ»-ը բանակցություններ է սկսել «Օրանժ»-ի բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ


«Յուքոմ»-ը բանակցություններ է սկսել «Օրանժ»-ի բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ

  • 22-07-2015 15:24:11   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
photo
 
«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունները բանակցում են «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ: Արդեն իսկ տարվում են բանակցություններ միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման ուղղությամբ:
 
Հաշվի առնելով համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի զարգացման միտումները՝ «Յուքոմ»  ընկերությունը 2013 թվականին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016 թվականից պլանավորում է մատուցել բարձրակարգ ծառայություններ LTE սերնդի կապուղիներով: 
 
«Օրանժ Արմենիա» ընկերությունը հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում սկսել է իր գործունեությունը 2009 թվականին և անցած 6 տարիների ընթացքում իր պրոֆեսիոնալ աշխատակազմի շնորհիվ հասել է մեծ հաջողությունների՝ դառնալով վստահելի և սիրված կապի օպերատոր հարյուր  հազարավոր բաժանորդների համար: 
 
«Յուքոմ» ընկերությունը, առաջարկելով նորարական լուծումներ և բարձրորակ ծառայություններ, կարճ ժամանակահատվածում կարողացել է իր հաստատուն տեղը զբաղեցնել ֆիքսված կապի շուկայի առաջատարների շարքում: 
 
«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների բանակցությունների դրական ավարտը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու «Օրանժ Արմենիա» ընկերության մոտ 500 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ աշխատակազմի ներուժը, ինչպես նաև նորարարական տեխնիկական հզորությունը: Արդյունքում՝ բաժանորնդներին կմատուցվեն գերժամանակակից և որակապես տարբերվող կոնվերգենտ ծառայություններ, ինչպես նաև լրացուցիչ հարմարավետություն՝ մեկտեղելու բազմազան ծառայությունները և օգտվելու հեռահաղորդակցման ծառայությունների ողջ սպեկտրից մեկ վստահելի օպերատորից, ինչի հնարավորությունը մինչ այժմ չի եղել հայաստանյան շուկայում։ 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ