Բաքվի նահանգապետի արձանագրություններն ապացուցում են 1905թ. Բաքվում հայերի նկատմամբ իրականացված ջարդերը
22-07-2015 18:43:49 | Հայաստան | Նոր գրքեր
Առաջին անգամ Երևանում տեղի ունեցավ «Բաքվի ջարդեր. 1905» տարվա գրքի շնորհանդեսը, որում ամփոփված են 1905 թվականին Բաքվում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող Բաքվի նահանգապետ Ալեքսանդր Նովիկովի անձնական օրագրում արձանագրված պատմական փաստերը:
Ինչպես հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գրքի վերահրատարակաման նախաձեռնող, «Անտիտապոռ» լրատվական-վերլուծական կենտրոնի մեկնաբան Վադիմ Հարությունովը, Ռուսաստանում վերահրատարակված գիրքն իրականում բացառիկ է նրանով, որ գրքում արձանագրված փաստերն ապացուցում են` 1905-1906 թվականներին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե պետք է ներկայացնել որպես հայ-թաթարական ջարդեր, այլ` բացառապես հայկական ջարդեր:
Ըստ Վ. Հարությունովի` գրքի բնօրինակի հեղինակ Ա. Նովիկովն իր օրագրում մանրակրկտորեն ներկայացրել է 1905 թվականի փետրվարին Բաքվում տեղի ունեցած հայկական արյունալի ջարդերը, որոնք ունեն 1990 թվականին Բաքվում ապրող հայերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից իրականացված ջարդերի գրեթե նույն սցենարը:
«Հեղինակը պատմական իրադարձությունները ներկայացնելիս նրբորեն ակնարկում է այն մասին, որ ջարդերի պատվիրատուն եղել է ռուս թագավոր Նիկոլայ 2-րդը, իսկ թաթարները` ներկայիս ադրբեջանցիներն, ընդամենը եղել են հրաման կատարող»,- ասաց Վ. Հարությունովը և ավելացրեց, որ ռուս թագավորի նման թշնամական վերաբերմունքը հայերի նկատմամբ պայմանավորված է եղել այդ ժամանակահատավածում հայերի ունեցած ակտիվ տնտեսական դերակատարությամբ:
Վ. Հարությունովի փոխանցմամբ` 2015 թվականին վերոնշյալ գիրքի վերահրատարակումն ունի խորհրդանշական բնույթ, քանի որ այն լույս է տեսել Հայոց Ցեղասպանության 100-ամյակի և Բաքվի ջարդերի 110-ամյա տարելիցին ընդառաջ:
Նրա տեղեկացմամբ` գիրքը ձեռք է բերել շատ պատահականորեն, մինչդեռ նման գրականության պակաս չկա. «Ադրբեջանցիները միլիոնավոր դոլարներ են ծախսում, որպեսզի գրել տան իրենց շինծու պատմությունը, մինչդեռ մենք ունենալով բավականին շատ փաստավավերագրական գրքեր, ոչինչ չենք անում դրանք տարածելու և լայն հանրությանը ներկայացնելու համար»,- նկատեց Վ. Հարությունովը: Նրա կարծիքով հայերենով գրված և լավագույն դեպքում անգլերեն լեզվով թարգմանված գրքերն անհասանելի են ռուսախոս հայերի և առհասրակ ռուս հասարակության համար:
Անդրադառնալով Ռուսաստանում իր ծավալած գործունեությանը` բանախոսը նշեց, որ այժմ ակտիվորեն մասնակցում է հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմին և մտադիր է շարունակել հրատարակել պատմական կարևոր նշանակություն ունեցող գրքեր, որոնց պակաս չկա:
Վ. Հարությունովի տեղեկացմամբ` սա գրքի առաջին շնորհանդեսն է. այն կարելի է գտնել նաև վիքիպեդիայում:
Այդ կերպ «Անտիտապոռի» մեկնաբանը վիրտուալ տեղեկատվական հարթակում փորձում է պայքարել ադրբեջանական կողմի վարած հակահայկական քարոզչության դեմ: