Ի՞նչն է վտանգավոր Հայաստանի համար.Իսլամական ահաբեկությունը թե՞ ռուսական կայսերական շահը. Մեկնաբան


Ի՞նչն է վտանգավոր Հայաստանի համար.Իսլամական ահաբեկությունը թե՞ ռուսական կայսերական շահը. Մեկնաբան

  • 31-07-2015 15:58:56   | Հայաստան  |  Վերլուծություն
 
ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը օրերս հայտարարել էր, որ ԱՊՀ երկրների սահմանին կհաստատվի մշտական վերահսկողություն այն անձանց տեղաշարժի նկատմամբ, ովքեր կկասկածվեն ահաբեկչական գործողությունների մասնակցելու համար:

 

ԱՊՀ սահման է նաեւ Հայաստանը՝ Իրանի եւ Թուրքիայի հետ: Թուրքիայի հետ սահմանը փակ է: Տեղաշարժ, անցուդարձ կա հայ-իրանական սահմանով: Հետեւաբար, մշտական վերահսկողություն ենթադրվում է հենց այստեղ: Նովիկովը կարծես թե չի մանրամասնել, թե ինչ վերահսկողության մասին է խոսքը, այսինքն ինչ է դա ենթադրում: Օրինակ, արդյո՞ք դա ենթադրում է սահմանապահ նոր, հատուկ ստորաբաժանումների առկայություն, անձնակազմի ավելացում:

 

Ինչպես հայտնի է, հայ-իրանական սահմանը հսկում են ռուս սահմանապահները: Ի՞նչ է փոխվելու նրանց աշխատանքում, ինչ է ենթադրելու մշտական վերահսկողությունը: Թե՞ դա միայն սկիզբն է, իսկ հետագայում արդեն ահաբեկչական վտանգի պատրվակով Ռուսաստանը պարզապես նոր ստորաբաժանումներ կտեղակայի Հայաստանի ԱՊՀ սահմանին:

 

Ընդ որում, Հարավային Կովկասի պարագայում ԱՊՀ սահման հասկացությունը չափազանց ուշագրավ է եւ ունի զգալի պարզաբանման կարիք: Մասնավորապես, արդյոք ի՞նչ սահման է հայ-վրացական սահմանը: Այստեղ ռուս սահմանապահներ չկան, բայց Վրաստանը կարծես թե այլեւս ԱՊՀ անդամ չէ: Հետեւաբար, արդյո՞ք ԱՊՀ հակաահաբեկչական կառույցը ինչ որ պատրվակով կփորձի իր, այսինքն ռուսական ուղղակի վերահսկողության տակ վերցնել հայ-վրացական սահմանը, օրինակ պատճառաբանելով, որ Վրաստանում կա Պանկիսի ձորը՝ որտեղից մի քանի տասնյակ բնակիչներ միացել են ԻԼԻՊ-ին:

 

Ավելին, օրերս եվրասիական լրատվական կայքերից մեկը հարցազրույց էր տպագրել ԻԼԻՊ-ին միացած եւ հետ վերադարձած Պանկիսի մի բնակչի հետ, ով հայտարարում էր, թե վաղ թե ուշ իսլամը տարածվելու է Կովկասում, այդ թվում եւ Հայաստանում: Արդյո՞ք այդօրինակ հարցազրույցներով ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը չի նախապատրաստում հայ-վրացական սահմանի ուղղակի ռուսական վերահսկողություն:

 

Մեկ այլ նուրբ հանգամանք է այն, թե որպես ինչ է ընկալվում Արցախի ու Իրանի սահմանը, որը հայկական զինուժի վերահսկողության տակ է Արցախի պատերազմի ազատագրումից հետո: Արդյո՞ք մտադրություններում առկա են սցենարներ, որոնք սահմանի այդ հատվածում էլ կհաստատեն մշտական «հակաահաբեկչական» վերահսկողություն: Այստեղ իհարկե իրավիճակը բարդ է, այդտեղ արդեն հարցը հանգում է Արցախի հակամարտության կարգավորման գործընթացին, որտեղ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը «մոնոպոլ» գործիք չէ, քանի որ կա ԱՄՆ: Հազիվ թե Նահանգները համաձայնի եւ թույլ տա, եթե անգամ Ռուսաստանը կարողանա ստիպել Հայաստանին ու Ադրբեջանին, որ սահմանային այդ հատվածը հայտնվի ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի, այն է թե Ռուսաստանի տիրույթում:

 

Դա թերեւս թույլ չի տա նաեւ Իրանը, որի դեսպանը Հայաստանում օրերս հայտարարել էր, որ տարածաշրջանում երրորդ ուժը չի նպաստի կայունությանն ու խաղաղությանը: Իրանը հանդես է գալիս այդ սահմանում հայկական զինուժի ներկայության օգտին: Դա մի շարք պատճառներով բխոմ է Թեհրանի ռազմավարական շահից:

 

Մեծ հաշվով, այստեղ Թեհրանի հետ ռազմավարական հակասություն չունի ԱՄՆ եւ թեեւ մարտավարական առումով Նահանգները դիտարկում են տարածքների վերադարձ Ադրբեջանին, իհարկե շեշտելով, որ դա հնարավոր է միայն Արցախի կարգավիճակի խնդրի հետ միեւնույն փաթեթում, այդուհանդերձ ակնհայտ է, որ ռազմավարական իմաստով Նահանգների համար էլ շահեկան է այդ գոտում հայկական վերահսկողությունը:

 

Դրա հետ ռազմավարական հակասության մեջ են միայն Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը, իհարկե տարբեր պատճառներով: Օրինակ, Ռուսաստանն իհարկե հայկական վերահսկողությունն ուզում է փոխարինել ոչ թե ադրբեջանական, այլ ռուսական վերահսկողությամբ:

 

Փաստացի,ստեղծվել է մի վիճակ, երբ շատ բավական բարդ է գնահատել, թե ինչն է Հարավային Կովկասի ու մասնավորապես Հայաստանի պետական շահի տեսանկյունից առավել իրական մարտահրավեր՝ Իսլամական ահաբեկության վտա՞նգը, թե՞ ներկայիս փուլում էլ այդ վտանգի անունով ծպտվող ռուսական կայսերական շահը:

 

Հայաստանն իհարկե, անխոս, պետք է պատրաստ լինի թե մեկ, թե մյուս տարբերակի իրականությանը:

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն