Հայկական քրեա-օլիգարխիկ համակարգը մտել է ինքնախժռման փուլ. Մեկնաբան


Հայկական քրեա-օլիգարխիկ համակարգը մտել է ինքնախժռման փուլ. Մեկնաբան

  • 24-08-2015 17:15:29   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Հայկական մամուլում վերջին շրջանում հաճախակի են դարձել հրապարակումներն այս կամ այն պատգամավոր-բիզնեսմենի սնանկացման կամ ֆինանսական լուրջ խնդիրների մասին: Տեղի են ունենում նաեւ ողբերգական միջադեպեր՝ կապված ենթադրաբար ֆինանսական խնդիրների հետ, բռնություններ, սեփականությունը վերաբաշխելու գործընթաց:

 

Ալիքը հասել է արդեն համեմատաբար խոշոր բիզնեսին: Մինչ այդ, Հայաստանում փաստացի ոչնչացվել է փոքր ու միջին բիզնեսը: Նվազել են համակարգային սնուցման թե այդ ներքին, թե արտաքին աղբյուրները: Հիմա հերթը հասել է արդեն իշխանական քվոտաներ ունեցող արտոնյալ, համեմատաբար խոշոր բիզնեսին:

 

Հայկական քրեա-օլիգարխիկ համակարգը մտել է ինքնախժռման փուլ, եւ սա արդեն անկասելի գործընթաց է: Ժամանակին նրանց առաջարկվել է հեռանալ, մասնակցել երկրի բյուջեի ձեւավորմանը, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Սակայն 2012-ին տեղի ունեցավ քրեա-օլիգարխիկ հեղաշրջումը, խորհրդարանի ընտրության տեսքով, որն ամբողջացավ 2014-ին Հովիկ Աբրահամյանի կառավարության ձեւավորմամբ:

 

Հայկական օլիգարխիան մակաբույծ, անգրագետ  ու կոլաբորացիոնիստական բնույթի համակարգ է: Այն սովոր չէ պատասխանատվության, եւ ուզուրպացնելով Հայաստանի քաղաքական իշխանությունն ու տնտեսական լծակները, այդ ամենը ծառայեցրել է սեփական շահերին: Նրա սնուցման աղբյուրներն են բյուջեն, տրանսֆերտները եւ արտաքին ֆինանսական ներարկումները, որոնցով ապահովել են իրենց գերշահույթները, վնասը թողնելով հանրության ուսերին:

 

Հենց այս որակներն էլ դարձան այդ գործընթացի հիմքը եւ թույլ չտվեցին օլիգարխիային տրանսֆորմացվել նոր իրավիճակին: Իսկ իրավիճակը կտրուկ փոխվել է, եւ դա չէր կարող իր ազդեցությունը չթողնել Հայաստանի վրա: Հովիկ Աբրահամյանի կառավարության ձեւավորումը հենց այդ անհամարժեքության արտահայտությունն էր եւ, որքան էլ զարմանալի թվա, խթանեց համակարգի ինքնախժռման գործընթացը:

 

Բանն այն է, որ նշանակվելով վարչապետ, նա խոշոր բիզնեսին առաջարկեց «արդարաբար վճարել»: Դա իրականում նշանակում էր, որ վիճակը վատ է, կերը քչացել է, եւ լինելու են զոհաբերություններ ու «կռայնիներ»: Օլիգարխիան հենց այդպես էլ հասկացավ նրա կոչը, որն ավելի շատ ահազանգ էր: Եվ հիմա լիուլի քաղելու է իր «ընտրության» պտուղները:

 

Ալիքը հիմա հասնելու է արտոնյալների մեջ արտոնյալներին, որովհետեւ չի երեւում, որ այդ անգրագետ, հղփացած համակարգն ի զորու է գնահատել իրավիճակը եւ առաջարկել լուծումներ, որոնք կբխեին թե իրենց եւ թե հանրային-պետական շահից: Այն հանձնեց երկիրը՝ սեփական փրկությունը որոնելով դրա մեջ, բայց պարզվեց ոչ ոք աշխարհում այլեւս չի ցանկանում պահել մակաբույծ համակարգերին:

 

Այնպես որ, առաջիկայում հանրությունն ականատես է լինելու նորանոր ողբերգական իրադարձությունների, արդեն ամենախոշորների մասնակցությամբ: Իրենք են կտրել այն ճյուղը, որի վրա նստել էին առոք-փառոք:

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն