Սարգսյանի առաջարկով, մեկի ձեռքին կենտրոնացող իշխանությունը բաժանվում է տասնյակների ձեռքին. Մեկնաբան


Սարգսյանի առաջարկով, մեկի ձեռքին կենտրոնացող իշխանությունը բաժանվում է տասնյակների ձեռքին. Մեկնաբան

  • 24-08-2015 17:17:29   | Հայաստան  |  Վերլուծություն
 
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխության նախագծում ԲՀԿ-ն չի տեսնում իշխանության վերարտադրության խնդիր եւ պատրաստ է մասնակցել փոփոխության գործընթացի շրջանակի քննարկումներին, եթե լինի Սերժ Սարգսյանի հրավեր:

 

2015 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանը կարծես թե ոչ թե Գագիկ Ծառուկյանին է հեռացրել քաղաքականությունից, այլ հեռացրել է ԲՀԿ տեսողությանը խանգարող որեւէ հանգամանք: Համենայն դեպս, այդ իրադարձությունից հետո ԲՀԿ-ն սկսել է շատ բաներ տեսնել շատ այլ կերպ, քան մինչ այդ:

 

ԲՀԿ տեսողությունն իհարկե կուսակցության խնդիրն է, բայց տվյալ պարագայում այդ տեսողությունը կարծեք թե ավելի մոտ է իրականությանը: Ավելի ճիշտ, վերարտադրության խնդիրը Սահմանադրության փոփոխության գործընթացում հարաբերական խնդիր է:

 

Նախ, մի կողմից իհարկե անհնար է, որ Հայաստանում իշխանությունը նախաձեռնի որեւէ մասշտաբային քայլ, որի առանցքում չլինի ինքնապահպանման եւ վերարտադրության առանցքային նպատակի իրագործումը: Պարզապես խնդիրն այն է, թե իշխանությունն ինչպես, ինչ մարտավարության եւ ռազմավարության հաշվարկով է կատարում որեւէ կոնկրետ քայլ:

 

Օրինակ, տվյալ պարագայում մարտավարությունը ուղղված է թերեւս Սերժ Սարգսյանի անձնական դերակատարմանը, որն անհնար է ապահովել առանց իշխող համակարգին ռազմավարական առաջարկներ ներկայացնելու: Այն, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունը նախաձեռնում է այդ շահը հաշվարկելով, կասկածից ու քննարկումից դուրս է: Սակայն, թերեւս անկասկած է նաեւ, որ Սերժ Սարգսյանը միայնակ ի զորու չէ լուծել այդ հարցը, նա ունի թե իշխող համակարգի, թե արտաքին քաղաքական կենտրոնների օժանդակության կարիք: Հետեւաբար, նա չի կարող իր անձնական հարցը լուծել առանց համակարգային, ռազմավարական շրջանակի մեջ տեղավորելու:

 

Որեւէ մեկին, թե համակարգի ներսում, թե արտաքին կենտրոններում, Սերժ Սարգսյանի անձնական ճակատագիրը չի հետաքրքրում, կամ հետաքրքրում է այնքանով, որքանով դրա հետ կապված հարցերը եւ գործընթացները առնչություն ունեն իրենց անձնական կամ սուբյեկտային շահի հետ, լինի տվյալ սուբյեկտը իշխող համակարգի մաս, թե արտաքին քաղաքական որեւէ բեւեռ:

 

Այդ համատեքստում էլ վերարտադրությունը դառնում է հարաբերական, քանի որ դա այսպես թե այնպես կա՝ անկախ Սահմանադրության գործընթացի լինել-չլինելուց: Ընդ որում, մեխանիզմի առումով էլ գործընթացը կապ չունի, քանի որ վերարտադրության շահը իշխանության ներսում հավաքական, այսպես ասած իմպերատիվ շահ է, եւ մնացյալը աներկբայորեն ենթակա են այդ շահին, եւ բոլորի շահերն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսում են վնասել ընդհանուրի վերարտադրության շահին:

 

Սերժ Սարգսյանն իր անձնական շահով չի կարող հանդիսանալ բացառություն, նա չունի անջատվելու բավարար ռեսուրս որեւէ առումով: Հետեւաբար, իր անձնական հարցը լուծելու համար նա համակարգային հարց է դնում, իշխանության տարբեր թեւերին առաջարկելով ապակենտրոնացված, այլ կերպ ասած բազմաբեւեռ իշխանություն եւ այդպիսով բարձրացնելով ՀՀԿ կուսակցապետի դերը, որի շնորհիվ էլ նա ակնկալում է պահպանել իր քաղաքական ազդեցությունը, հատկապես կապիտալի էական ծավալների պահպանման դեպքում:

 

Սերժ Սարգսյանի համար առանցքային խնդիրը իշխանության մեկ բեւեռ թույլ չտալն է, քանի որ այդպիսի բեւեռի պարագայում վաղ թե ուշ մնացյալը հայտնվում են այդ մեկի ստվերում եւ չեզոքանում ըստ անհրաժեշտության: Բավական է, որպեսզի իշխանությունը չունենա մեկ բեւեռ, եւ Սերժ Սարգսյանը ինքնաբերաբար լուծում է գոնե իր անձնական ազդեցության եւ նշանակալի քաղաքական դերակատարման շարունակության հարցը, եթե այդ դերակատարումը անգամ չի լինում ամենաորոշիչը:

 

Սարգսյանի այդ առաջարկը համակարգի համար ընդունելի է, որովհետեւ հակառակ դեպքում ուժեղ նախագահի պաշտոնի հավակնում է մեկը, երկուսը կամ երեքը, իսկ մնացյալը հարկադրված են լինելու տեղավորվել նրա տակ: Սարգսյանի առաջարկով, մեկի ձեռքին կենտրոնացող իշխանությունը բաժանվում է տասնյակների ձեռքին՝ դե յուրե, եւ լիովին փոխվում է արդեն իշխող համակարգի ներքին հարաբերությունների տրամաբանությունը:

lragir.am

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն