Կարիք չկա ոստիկաններից հրեշտակներ, ոստիկանապետից էլ հրեշտակապետ կերտել.Մեկնաբան


Կարիք չկա ոստիկաններից հրեշտակներ, ոստիկանապետից էլ հրեշտակապետ կերտել.Մեկնաբան

  • 25-08-2015 15:34:22   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Անցած ուրբաթ՝ օգոստոսի 22-ին քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են, դատախազությունը գործն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Ինքը ոստիկանը գտնվում է հիվանդանոցում, որտեղից էլ ներողություն է խնդրել հասարակությունից: Ոստիկանին այդ օրը կարծես թե ոչ ոք չէր հարվածել, եւ դժվար է ասել՝ ինչու է հայտնվել հիվանդանոցում: Չի բացառվում, որ նրա շուրջ փորձ է արվում ստեղծել կարեկցանքի մթնոլորտ, մանավանդ եթե բժիշկները որեւէ փաստաթուղթ տան նրա ինչ որ խնդիրների վերաբերյալ:

 

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտնվել է բարդ վիճակում: Միջադեպը բավական միանշանակ է, եւ կարեկցանքով բանը չի ավարտվի: Եթե նա «հանձնի» իր հրեշտակին, նրան համակարգում ճիշտ չեն հասկանա եւ կհամարեն թուլության նշան, եւ նա մենակ կմնա: Եթե չհանձնի, ապա լուրջ խնդիրներ կառաջանան հանրության մոտ:

 

Թվում է՝ այս հանգամանքն այնքան էլ էական չէ, քանի որ հանրային կարծիքը մինչ այժմ դեր չի խաղացել: Սակայն հատկապես ոստիկանության պարագայում դա հղի է լուրջ հետեւանքներով, քանի որ այն գտնվում է հանրության հետ «ճակատի» առաջին գծում, եւ Վովա Գասպարյանն իր քաղաքականությունը կառուցել է հենց հանրության ու իշխանական համակարգի միջեւ յուրատեսակ բուֆերի տրամաբանության, «բալանսիրի» գործառույթի վրա: Այսինքն, այս դեպքում վտանգվում է նրա այդ դերը:

 

Սա կարեւոր հանգամանք է, նկատի առնելով, որ հայ հանրությունը դարձել է պահանջատեր, եւ առաջիկայում Երեւանում դեռ շատ բարիկադներ են լինելու հանրության ու ոստիկանության միջեւ: Մինչ այժմ, բախումներից խոշոր հաշվով հնարավոր է եղել խուսափել թե քաղաքացիների, թե ոստիկանության զուսպ ու պատասխանատու պահվածքի շնորհիվ:

 

Կարգազանց ոստիկանին չպատժելը կփոխի այս իրավիճակը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

 

Հայաստանի քաղաքացիները դարձել են ավելի գրագետ ու նպատակասլաց, եւ դա երեւում է արդեն տեքստերից: Օրինակ, Ոտքի, Հայաստան շարժումն այդ միջադեպից հետո ոստիկանությանն առաջարկել է պայմանագիր կնքել ուժ չկիրառելու մասին: Սա աշխարհի տարբեր երկրներում իր նախադեպն ունեցող պրակտիկա է, որից հետո այդ երկրներում տեղի են ունեցել նոր իշխանության ձեւավորում ու ռեֆորմներ:

 

Հայաստանի քաղաքացիների համար միեւնույն է, թե որ ոստիկանապետն է իշխանությունը հանձնելու քաղաքացիներին, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ, եւ օրինակ Վովա Գասպարյանը կարող է լինել հենց այդ ոստիկանապետը:

 

Այսինքն, «հանձնելով» կարգազանց ոստիկանին, Վովա Գասպարյանը սկսում է իշխանությունը քաղաքացիներին հանձնելու գործընթացը: Եթե ոչ՝ նա կորցնում է խնամքով կառուցված բուֆերի դերը: Ծանր ընտրություն է, չէ՞:

 

Բաղրամյան պողոտայի իրադարձությունների ժամանակ երեւաց, որ ոստիկանապետը քիչ ինչ ճիշտ չի հասկացել Սուրբ գրքի խորհուրդն ու պատգամները: Օրինակ, հրեշտակները չար ու բարի չեն լինում, եւ նրանք անկում են տարբեր հանգամանքներում: Օրինակ, նրանցից շատերը սիրեցին մարդկանց ու մնացին նրանց մեջ, եւ դա նրանց ընտրությունն էր: Իսկ ընդհանրապես, հրեշտակներն ունենում են կոնկրետ առաքելություն, որը կոչված է պահպանել հավասարակշռությունն ու ներդաշնակությունը երկրի վրա:

 

Կարիք չկար ոստիկաններից հրեշտակներ, ոստիկանապետից էլ հրեշտակապետ կերտել: Պետք է ընդամենը կատարել Սահմանադրությունից ու օրենքներից բխող պարտականությունները:

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն