Վենետիկն ունի Հայաստանի քաղաքական դասին հեռու ուղարկելու առավել «լեգիտիմ» պատճառներ.Մեկնաբան


Վենետիկն ունի Հայաստանի քաղաքական դասին հեռու ուղարկելու առավել «լեգիտիմ» պատճառներ.Մեկնաբան

  • 25-08-2015 15:45:33   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների եւ Հայաստանի խորհրդարանի կուսակցությունների հետ հանդիպմանը ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը «վենետիկցիներին» հարցրել է, թե գիտե՞ն նրանք արդյոք, որ իշխանությունն իրականում Սահմանադրությունը փոխում է վերարտադրվելու համար:

 

Ըստ մամուլի, Վենետիկի ներկայացուցիչները ասել են, որ իրավասու չեն պատասխանել քաղաքական հարցերին ու կարող են միայն տեսակետ հայտնել փոփոխության բովանդակության վերաբերյալ: «Մեր գործը որպես իրավաբան չի կայանում նրանում, որպեսզի մենք մեկնաբանենք քաղաքական իրավիճակի վերաբերյալ ձեր դիտարկումները, քաղաքական կոնսենսուսի ձեւավորումը մեր գործը չէ», ասել են նրանք:

 

Փաստացի, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները Հայաստանի քաղաքական ուժերին խորհուրդ են տվել իշխանության հետ իրենց քաղաքական հարցերը լուծել «առանց Վենետիկի»: Այս «խորհուրդը» խոշոր հաշվով լիովին տրամաբանական է, հատկապես վերջին տարիների զարգացման ֆոնին:

 

Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանի գրեթե բոլոր ուժերը, եւ այդ թվում ՀԱԿ-ը, ու հատկապես ՀԱԿ-ը նպաստեցին, որպեսզի Հայաստանը կտրուկ շրջվի Եվրամիության հետ Ասոցացման գործընթացից եւ անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Հայաստանի քաղաքական դաշտում սկսվեց իսկական մրցակցություն Ռուսաստանի համակրանքի համար: Օրինակ, ՀԱԿ-ն այդ հարցում ամենից ջանադիր ուժերից էր, եւ փորձ էր արվում Ռուսաստանին առաջարկել Հայաստանում կայսերական ազդեցության առավել լեգիտիմ ռեժիմ: Տրամաբանությունն այն էր, որ Սերժ Սարգսյանի պատճառով հանրության դժգոհությունը հաճախ անցնում է նաեւ Ռուսաստանի վրա, իսկ եթե Սերժ Սարգսյանի փոխարեն լինի ասենք Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա Ռուսաստանը այդպիսով կստանա Հայաստանում ազդեցության անաղմուկ եւ հանդարտ ռեժիմ:

 

ՀԱԿ-ի հետ այդ հարցում փութաջան գործընկեր էր նաեւ ԲՀԿ-ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչեւ վերջին պահը փորձում էր Ռուսաստանից ստանալ աջակցություն, ինչը սակայն չօգնեց, եւ Մոսկվայից Ծառուկյանի վերադարձից մի քանի օր հետո նա հեռացավ քաղաքականությունից եւ այժմ Սերժ Սարգսյանի սերտ գործընկերն է:

 

Հատկանշական է ռուսական քարոզչության եւ Կրեմլի «գաղափարախոսության» առաջամարտիկներից մեկի՝ Մոդեստ Կոլերովի այդ օրերի հայտարարությունը, որը փաստացի եղավ փետրվարյան ներքաղաքական իրադարձությունների նախերգանք. Կոլերովը հայտարարեց, որ եթե Հայաստանում որեւէ քաղաքական ուժ կարծում է, թե կարող է Ռուսաստանին սիրաշահել ու գալ իշխանության, ապա նրանք կլոուններ են:

 

Ռուսաստանը փաստորեն, բոլորին օգտագործելով ու Հայաստանը ԵՏՄ խցկելով, իր ստանալիքը վերցնելուց հետո հայկական քաղաքական դասին ուղարկեց ուր հարկն է:

 

Փաստացի, իհարկե բնութագրումների քաղաքակրթական-մշակութային տարբերությամբ, բայց նույնն արել է Վենետիկի հանձնաժողովը, հայկական քաղաքական դասին բացատրելով, որ պետք չէ փորձել Վենետիկի միջոցով իշխանության հարցեր լուծել:

 

Ընդ որում, Վենետիկն ունի Հայաստանի քաղաքական դասին հեռու ուղարկելու առավել «լեգիտիմ» պատճառներ: Ի վերջո, այդ դասը ոչ թե Եվրամիության, եվրոպական արժեքների ճանապարհն է «անշրջելի» համարել, այլ ԵՏՄ-ի անդամակցումը:

 

Հետեւաբար, իշխանության հանդեպ ունեցած բողոքները պետք է հղել այն հասցեով, որտեղ որ «գրանցված» է այդ իշխանությունը: Իսկ Հայաստանի իշխանությունը 2015 թվականի հունվարի 2-ից պաշտոնապես գրանցված է ԵՏՄ-ում: Հետեւաբար ուժերը, որոնք Հայաստանի ապագան «անշրջելիորեն» տեսնում էին այնտեղ եւ Ռուսաստանին համոզելով իշխանության գալու հույս փայփայելով դույզն իսկ չէին արտահայտվում դրա վտանգների մասին, ավելին՝ մասնակցում էին Հայաստանին չանդամակցելու դեպքում սպառնացող վտանգների մասին ռուսական քարոզչական շանտաժին, իշխանության վերարտադրության այս կամ այն վատ մտադրության բողոքները պետք տանեն ԵՏՄ գրասենյակ: Առավել եւս, որ հենց ԵՏՄ-ՀԱՊԿ շրջանակում է առկա արագ արձագանքման ուժերի միջոցով անդամ երկրներում «հասարակական կարգ» պահպանելու եւ «գունավոր հեղափոխությունների» դեմ պայքարելու մեխանիզմը:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն