Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում բացվելու է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը


Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում բացվելու է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը

  • 31-08-2015 12:31:00   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում բացվելու է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը հնարավորություն կտա Արցախում բնակվող 500-1000 ուսանողներին տիրապետել անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման ու խաղերի ստեղծման հմտություններին:
 
Կենտրոնում շաբաթական երկու օր անցկացվող դասընթացների շնորհիվ ուսանողները նաև ձեռք կբերեն 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, որոնք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:
Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը մեկնարկելու է սեպտեմբերի 14-ից, իսկ հոկտեմբերից գրացված ուսանողները սկսելու են ուսումը:
Արցախում «Թումոյի» նախագիծն իրականացվում է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և «Հայկական ընդհանուր բարեգործական հիմնադրամի» (ՀԲԸՄ) համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա են լինելու «Սիմոնյան» կրթական հիմնադրամի  ղեկավար Սեմ Սիմոնյանը և ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Վազգեն Յակուբյանը:
ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության շրջանակներում ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, այդ թվում նաև կենտրոնի մեկնարկային ծախսերը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը տրամադրել է տարածք Ստեփանակերտի կենտրոնական հատվածում գտնվող պատմական շենքում: Շինության վերանորոգումն իրականացվել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության նվիրատվության շնորհիվ:
Նշենք, որ «Թումոն» անվճար արտադպրոցական ծրագիր է, որի առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011-ին, երկրորդը` Դիլիջանում` 2013-ին: ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ 2015-ի մայիսին բացվեց Գյումրիի «Թումո» կենտրոնը: Համագործակցությունը միտում ունի տարածել «Թումոն» Հայաստանի տարբեր քաղաքներով և Հայաստանի սահմաններից դուրս:
 
Նյութի աղբյուրն այստեղ
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ