«Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է». Քաղաքագետ


«Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է». Քաղաքագետ

  • 02-09-2015 16:55:36   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 
Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչեւը

 

Պարոն Կալաչեւ, Ռուսաստանից Հայաստանի տնտեսությունում կատարված ուղղակի ներդրումների ծավալն այս տարի կազմել է ընդամենը 3,4 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 36. միլիարդի փոխարեն: Այսինքն, ռուսական ներդրումները նվազել են շուրջ 12 անգամ: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

 

Ներդրումները նվազել են ոչ միայն Ռուսաստանի կողմից: Սա բավական պերճախոս ցույց է տալիս ներկայիս Հայաստանի ներդրումային գրավչության ոչ այնքան բարձր մակարդակը: Մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, Հայաստանում ճգնաժամը խորանում է: Ինչ վերաբերվում է  ռուսական ներդրումների ծավալների նվազմանը, կարծում եմ, որ դա կարելի է բացատրել մի շարք պատճառներով: Գերիշխողն այն մարտահրավերներն են, որոնց բախվել է ռուսական տնտեսությունն անցնող տարի: Բարեբեր տարիներն ավարտված են: Ներդրումային ակտիվությունը նվազել է: Հուսանք, որ այս իրավիճակը ժամանակավոր կլինի:

 

Ի՞նչ եք կարծում, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը վա՞տ ընտրություն էր Հայաստանի եւ մյուս երկրների համար:

 

Կարծում եմ, որ դա անխուսափելի ընտրություն էր: Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցը: Երկրի, որի համար անվտանգությունը հանդիսանում է գլխավոր խնդիրը, ընտրությունը փոքր է: Դա Ղարաբաղի գինն է: Հայաստանի որոշումից հետո՝ Եվրոպական միությանն ինտեգրվելու գործընթացից հրաժարվելու վերաբերյալ, հայ հասարակությունը որպես այլընտրանք ստացավ Եվրասիական տնտեսական միությունը: Ոչ բոլորն են դրանից գոհ, եւ դա հասկանալի է: Աշխատանքային միգրանտների համար օգուտներն ակնհայտ են: Բայց ոչ բոլոր հայերը, կամ նրանց հարազատներն են գնում Ռուսաստանում աշխատելու: Ոմանց հարազատներն այլ երկրներում եմ գտնվում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, եւ այլն: ԵՏՄ անդամակցության հարցի շուրջ կոնսենսուսն ի սկզբանե չէր նախանշվել: Բայց իրավիճակը կարող էր եւ փոխվել՝ Հայաստանի շահերի ընդլայնման տեսանկյունից: Սա ճանապարհ է՝ երկկողմանի շարժման: Ամենադյուրին բանն է Ռուսաստանին գանգատներ հասցեագրելը:  Իսկ գուցե արժե սեփական երկրի ղեկավարությա՞նը հարցնել: Օգուտները, որոնք ձեռք է բերում, կամ կորցնում է երկիրը, կախված է նաեւ ղեկավարների համառությունից:

 

Հետխորհրդային տարածքում անձնական հարաբերությունները եւ ուզածին հասնելու հաստատակամությունը հաճախ ավելին արժեն, քան ինստիտուտները: Պուտինի եւ Լուկաշենկոյի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն,բայց տեսեք, թե ինչպիսի արդյունավետությամբ  է Բելառուսը հասնում իր ուզածին: Տնտեսությունը զարգացնելու եւ ամրապնդելու ձգտումը, գիտական, տեխնիկական եւ մշակութային համագործակցությունը երկու երկրների միջեւ պետք է դեկլարատիվ բնույթից տեղափոխել իրական, գործնական  հարթություն, բայց այստեղ շատ բան կախված է Հայաստանի հաստատակամությունից:

 

Ինչ որ մեկը խոսում է Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի հետ համագործակցությանը նախապատվություն տալու մասին: Ես դրան կպատասխանեմ ռուսական ասացվածքով՝ շողոքորթ հորթը երկու մոր կաթ է ուտում:

 

Տնտեսական ճգնաժամի պայմաններում արտադրության կրճատում, հասարակության կենսամակարդակի նվազում, բայց դուք ունեք նաեւ հաջողություններ: Օրինակ՝ մասնագետների հավաստմամբ,  Հայաստանի գյուղատնտեսությունը իրական աճ է արձանագրել:

 

Օրերս կարդացի ադրբեջանցի ֆեյսբույքան ընկերների հիացական գրառումները: Ցիտում եմ դրանցից մեկը. «Շնորհակալություն Արեւմուտքին Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների համար: Այժմ ադրբեջանական ապրանքները կհասնեն ռուսական շուկա: Ադրբեջանը սկսում է մսամթերքի եւ կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան»: Ահա այսպես: Կիրառված պատժամիջոցները եւ հակապատժամիջոցները ի՞նչ օգուտ են տվել Հայաստանին: Ճի՞շտ ընտրություն էր ԵՏՄ-ն, թե՞ սխալ, թող որոշի հայ հասարակությունը:

 

Ես գիտեմ, որ Ղրղզստանը անդամակցության ընթացքի մեջ է, Բելառուսը, որպես լիիրավ անդամ, բավական հաջողությամբ օգտագործում եւ շարունակում է օգտագործել ինտեգրացիոն պրոցեսները իր շահերից ելնելով: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա նրա ղեկավարությունը անգամ չկարողացավ հասնել նրան, որ կրճատվեն ռուսական զենքի մատակարարման ծավալները Ադրբեջանին: Կներեք, բայց Ռուսաստանն իրացնում է իր շահերը, Հայաստանն էլ պետք է պաշտպանի իրենը:

 

Եվրասիական միությունում կան նաեւ տարաձայնություններ: Ի՞նչ կարող է տալ ԵՏՄ-ն անդամ պետություններին, այդ թվում ստիպված այնտեղ հայտնված Հայաստանին:

 

ԵՏՄ-ն միջազգային տնտեսական ինտեգրացիոն միություն է, որի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, եւ գրեթե ավարտին է մոտենում Ղրղզստանի անդամակցությունն այդ միությանը: ԵՏՄ-ենթադրում է անդամ պետությունների միջեւ ապրանքների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժ, ինչպես նաեւ մատուցում է ծառայութուններ: Տարաձայնություններ կային եւ կան նաեւ այսօր: Հիմնական խնդիրը հետեւյալն է՝ կողմերի արդար մրցակցության ապահովում՝ ազգային քաղաքականության իրացման հարցում, կարճաժամկետ խնդիրների քննարկում, միջնաժամկետ եւ երկարաժամկետ  հեռանկարների շարունակություն: Օգոստոսի 25-ին Մոսկվայում կայացավ հերթական հանդիպումը Եվրասիական միության անդամ երկրների էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ: Հանդիպման մասնակիցները քննարկել են հարցեր՝ կապված  արտաքին տնտեսական տենդենցների, արտաքին եւ ներքին ռիսկերի, գործընկեր երկրների միջեւ տնտեսության զարգացման  միջնաժամկետ հեռանկարների, մակրոտնտեսական եւ դրամավարկային քաղաքականության ոլորտում համագործակցության խորացման հետ:

 

Որոշվել է կանոնավոր շարունակել քննարկումներն այս ուղղություններով համագործակցության խորացման, ֆինանսական հաստատությունների փոխադարձ կապերի ամրապնդման ուղղությամբ:

 

Խնդիրերը շատ են: Եվրասիական տնտեսական միության ապագան մեծապես  կախված է նրանից, թե այդ ինտեգրացիոն նախագիծը կլինի՞ հավասար գործընկերների միություն, թե՞ Ռուսաստանը կձգտի հանդես գալ «մեծ քրոջ» դիրքերից: Եւ՛ Բելառուսը, եւ՛ Ղազախստանը երկրորդ տարբերակին պատրաստ չեն: Այդ երկրներից յուրաքանչյուրը փնտրում է ռիսկերի դիվերսիֆիկացման ուղիներ: Նայեք գոնե Ղազախստանի օրինակը: Այս երկիրը հաջողությամբ համագործակցում է արեւմտյան նավթային ընկերությունների եւ Չինաստանի հետ: Ապագայում Ղազախստանը կդառնա Ռուսաստանի մրցակիցը նավթային շուկայում: Բայց դա չի նշանակում չեղարկել ինտեգրման առավելությունները, իրացնել է պետք սեփական շահերը, այլ ոչ թե «քեռու»:

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play