Նոր Սահմանադրությունը խոչընդոտելու է Հայաստանում արդյունաբերության և գիտահենք արտադրության զարգացմանը. համոզված են գյուտարարները (տեսանյութեր)


Նոր Սահմանադրությունը խոչընդոտելու է Հայաստանում արդյունաբերության և գիտահենք արտադրության զարգացմանը. համոզված են գյուտարարները (տեսանյութեր)

  • 04-09-2015 17:00:43   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



«Նոր Սահմանադրությունն ունի բազմաթիվ սահմանափակումներ, որոնք խոչընդոտելու են Հայաստանում գիտահենք արտադրություն սկսելուն և արդյունաբերության զարգացմանը»,-  սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր, «Նոյյան Տապան» Հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» վարչության անդամ Վահան Համազասպյանը:
 
Ըստ նրա` ներկայումս Հայաստանի տնտեսությունն էականորեն կաղում է, սոցիալական վիճակն անմխիթար է, մեծացել է արտագաղթի ծավալները, իսկ առկա խնդիրների լուծման ուղղությամբ  նոր Սահմանադրությունը ոչինչ անել չի կարող:  
Վ. Համազասպյանի պնդմամբ` նոր Սահմանադրության մեջ տնտեսությանը վերաբերող մեկ կետ կա, որտեղ նշված է  միայն մասնավոր սեփականության ձևի մասին, մինչդեռ պետք է լիներ պետական և կոլեկտիվ սեփականության ձևերի մասին ևս:
Նրա կարծիքով` Սահմանադրությունը չպետք է լինի թղթի վրա գեղեցիկ գրված մի փաստաթուղթ, որը գործնականում չի կիրառվում, այլ պետք է լինի գործող օրենք, որի պահանջները ներկայացվող նոր Սահմանադրությունը չի բավարարում: 
«Սահմանադրության մեջ չկա մի կետ, որով պետական պաշտոնյան` լինի նախագահ, վարչապետ, թե այլ բարձրաստիճան պաշտոնյա, պետք է ենթարկվի պատասխանատվության սխալ կառավարման, պաշտոնական լիազորությունների չարաշահման և այլ դեպքերում:  
Որպես ասվածի լավագույն օրինակ` Վ. Համազասպյանը տեղեկացրեց, որ ներկայումս բնակարանի հետ կապված ինքը լուրջ կոնֆլիկտ ունի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ում կողմից սխալ շինարարական թույլտվություն է եղել, ինչի արդյունքում խախտվել է Վ. Համազասպյանի ընտանիքի իրավունքները Սահմանադրության 14 կետերով: «Բացի այդ՝ վարչական տուգանք էին գրել մեզ վրա, ինչը հանվեց դատարանի միջոցով»,-նշեց. Վ. Համազասպյանը և հավելեց, որ  այժմ պայքարում է սեփական  սահմանադրական իրավունքների պահպանման համար:
Նրա փոխանցմամբ`  Տարոն Մարգարյանը ոչ միայն ներողություն չի խնդրել, այլև դիմել է երկրորդ դատարանին. « Եթե Տարոն Մարգարյանը Սահմանադրությունը չի պահպանում, հաշվի չի առնում քաղաքացիների սահմանադրական, օրինական նորմերի պահպանման խնդիրը, ապա ինչ Սահմանադրություն էլ գրեն՝ չի օգնի»: 
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ 3 տարի առաջ ծանոթացել էր շվեյցարացի մի գործարարի հետ, ով պատրաստ էր եղել 300 մլն դոլարի ներդրում կատարել աղետի գոտի Սպիտակում  արևային էներգիայի զարգացման համար, սակայն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի  պատճառով գործընթացն այդպես էլ չի սկսվել:
Ըստ Վ. Համազասպյանի` վերնոշյալ գործընթացը սկսելու համար ՀՀ Սահմանադրության համաձայն ընդամենը պահանջվել է  վարչապետի համաձայնությունը, որը պետք է գրավոր նամակով ուղարկվեր իրենց. «Նամակը պետք է լիներ մոտավորապես այն բովանդակության, որ Հայաստանի կառավոարությունը դեմ չէ, որպեսզի շվեյցարական կողմը բարեգործական հիմունքներով ներդրում կատարի և կազմակերպի շվեյցարական թաղամասի հելիոֆիկացիան և արևային պալիգոնի ստեղծման խնդիրը: Ամեն անգամ զանգում էի, և մի անգամ աշխատակիցն ասաց՝ «Լավ էլի, մի ստիպեք, որ ձեզ բացատրենք մեր ներքին խոհանոցը…»»,- նշեց նա: 
Վերջինիս կարծիքով, եթե նման կարևոր հարցերում անտեսվում է ՀՀ Սահամադրությունը և հաշվի է առնվում ներքին խոհանոցը, ապա այդ դեպքում ինչի համար են անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումները:
Վ. Համազասպայանը համոզված է, որ նոր Սահմանադրությունը չի լուծի եղած խնդիրները, ավելին` խորացնելու է արդյունաբերության և տնտեսության ոլորտում եղած ճգնաժամը, ավելացնելու է արտագաղթի տեմպերը:
Կիսհաղորդչային չիպերի նախագծման բնագավառի միկրոէլեկտրոնիկայի մասնագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Բարսեղյանի կարծիքով` ցանկացած երկրում Սահմանադրությունը և իրական կյանքը պետք է համահունչ լինեն, այլ ոչ թե Սահմանադրություն գրված լինի և չգործի, իսկ հասարակությունն առաջնորդվի ներքին չգրված օրենքներով, ինչպես Հայաստանում է:  
Ըստ նրա` չնայած նրան, որ  տեղի և օտարերկրյա սահմանադրագետները դրական են գնահատում ներկայիս Սահմանադրության նախագծը, այնուամենայնիվ, նոր Սահմանադրությունում նշված կետերն էական կապ չունեն Հայաստանում առկա գիտական, արդյունաբերական  խնդիրների հետ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play