Ավարտվել է մահվան ելքով վթարի գործով նախաքննությունը
30-11--0001 00:00:00 | Սյունիքի մարզ | Իրավունք
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի բաժնի Մեղրիի բաժանմունքի մաքսային տեսուչ Արթուր Ղազարյանը 2015թ. մարտի 13-ին` ժամը 00:10-ի սահմաններում, ընկերոջ որդու ծննդյան արարողության ավարտից հետո, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր անձնական օգտագործման «Մերսեդես G500» մակնիշի ավտոմեքենայով ուղևորներ` Ռազմիկ Ա.-ի, Ստյոպա Ն.-ի և Սերոբ Ն.-ի հետ միասին ընթացել է դեպի Երևան:
Մեքենան վարելով 50-60կմ/ժ արագությամբ` վարորդ Արթուր Ղազարյանը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել իր վարած ավտոմեքենայի ընթացքի արագությունը երթևեկության համար սահմանված թույլատրելի առավելագույն 20 կմ/ժ արագությանը հավասարեցնելու համար: Ա. Ղազարյանը հնարավորություն ունենալով հայտնաբերել ճանապարհի տվյալ հատվածում կայանված էքսկավատորը, միջոցներ չի ձեռնարկել մեքենան կանգնեցնելու կամ էքսկավատորը շրջանցելու ուղղությամբ, և իր վարած «Մերսեդես G500» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է էքսկավատորին, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է մեքենայի ուղևոր Սերոբ Ն.-ի մահը, իսկ Ստյոպա Ն.-ի առողջությանն անզգուշությամբ պատճառել միջին ծանրության վնաս:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Արթուր Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը և այն մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: